Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Համենայդեպս, այդպես են պնդում նրա պաշտպանները՝ նշելով, որ Գրիգորյանի դեպքում կալանքը կյանքի հետ անհամատեղելի է։ Բաց սրանից արգելված են գեներալի տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները, ինչը պաշտպանական կողմը անիմաստ սահմանափակում է համարում։ Կալանավորված լինելու ընթացքում երկու անգամ, բացառության կարգով երկու անգամ տեսակցություն է ունեցել։



Խոսակցություններ էին նաեւ պտտվում, որ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է նախաքննական մարմին եւ նշել, որ ցանկանում է մեղադրանքներն իր վրա վերցնել։



Խոսակցություններին Նազիկ Ամիրյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ՝ նշելով, որ հիմա ոչ մի հարցի չի պատասխանում։ Նրա շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն էլ նշեց, որ այդ խոսակցությունները սուտ են եւ իրականությանը չեն համապատասխանում։



Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։



Նշենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվել։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։