Իշխանությունները փոխվեցին, Տերյան և Կողբացի փողոցների բնակիչների խնդիրները մնացին

Իշխանությունները փոխվեցին, Տերյան և Կողբացի փողոցների բնակիչների խնդիրները մնացին
Նախկին ռեժիմից տուժած քաղաքացիներն այժմ շոշափելի հույսեր են կապում նոր իշխանությունների հետ եւ փաստաթղթերի տրցակով ներկայանում խմբագրություններ՝ բացահայտելով, թե ինչպես են իրենց կոնկրետ բողոքներին ու ահազանգերին պատասխանել տարբեր պաշտոնյաներ։ Խմբագրություն այցելած նախկին ինժեներ Հակոբ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Երեւանի Տերյան 3, 3Ա եւ Կողբացի 30 շենքերի բնակիչներն ունեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնք տեղադրված են Տերյան 3, 3 Ա շենքերի հարակից տարածքներում։



«Ըստ նախագծի՝ եղել է երկու մուտք ու ելք։ Այնտեղ մոտ 60-ից ավելի ստորգետնյա ավտոտնակներ են, մեկ ելքն ու մուտքը եղել է դեպի Տերյան փողոց, մյուսը՝ դեպի Պուշկին փողոց։ 4,5 տարի առաջ, երբ հարակից տարածքներում, որտեղ ճանապարհը ստորգետնյա մուտքից դուրս էր գալիս դեպի Պուշկին, սկսվեց շինարարություն, խնդրեցինք, որ 3-4 ամսով փակեն մուտքը, որից հետո կբացեն, երբ ստորգետնյա աշխատանքներն ավարտված կլինեն։ Անցավ բավականին երկար ժամանակ, սակայն չբացեցին այդ ճանապարհը։ Մենք այն ժամանակ ստորագրություններ հավաքեցինք, դիմեցինք գործող նախագահին։ Մեզ պատասխանեցին, որ երբ զրոյական մակարդակից կբարձրանան շենքերը, կվերականգնվի տարածքի նախնական վիճակը։ Վերջերս, մոտավորապես տարեսկզբին, սակայն, իմացանք, որ ճանապարհը չեն ուզում բացել։



Մենք ստորագրություններ հավաքեցինք, ուղարկեցինք նախագահին, ներկայացրեցինք, որ անցել է չորս տարի, որպես բարեխիղճ քաղաքացիներ, մուծել ենք գույքահարկ, սակայն չենք կարողացել օգտվել ավտոտնակներից»,- պատմում է Հակոբ Հարությունյանը։ Հեղափոխությունից հետո քաղաքացիները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչին էլ արձագանքել է Երեւանի քաղաքապետարանը։ Մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ․ Ասատրյանը պատասխանել է, որ՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տերյան փողոցի հ․5 հասցեի <<А>>- <<А/1>> առանցքներով պարփակված ստորգետնյա հատվածի՝ +0,00 նիշի, շինարարական աշխատանքները փաստացի ավարտված են, իսկ հիշյալ հասցեում կառուցվող օբյեկտի համար 02․02․2018թ․ լրամշակված հ․01/18-05/2-5457-55 նախագծով նախատեսվում է վերաբացել դեպի Տերյան փողոցի հ․3 եւ հ․ 3 ա շենքերի ներբակային տարածք մուտքը՝ կառուցապատողի կողմից պահպանելով անվտանգ երթեւեկությունն՝ անվտանգության պատասխանատու անձի մշտական ներկայությամբ նշված հատվածում, ուստի անհրաժեշտ է ընկերության կողմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քննարկվող ճանապարհը վերաբացելու ուղղությամբ, ապահովելով վերը նշված պարտադիր պահանջը»։



Հակոբ Հարությունյանն ասում է, որ իրենց խոստացել էին ճանապարհը բացել այս տարվա հուլիսի 25-ին, սակայն մինչեւ հիմա այդ 50 մետրանոց ճանապարհը չի բացվել։ «Մեզ պետք է, որ բացվի ստորգետնյա ավտոտնակների մուտքը, տարածքն էլ վերականգնեն։ Այստեղ շատ ծանր տեխնիկա է աշխատել, մեկ-մեկ 50 տոննանոց կռունկներ են կանգնում։ Եվ հին ասֆալտը քայքայված է»,- ասաց քաղաքացին։ Քաղաքացիները դիմել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Դրանից հետո իրենց այցելել է մի փոխգնդապետ, նայել տարածքը, նախարարությունից ստացել են պատասխանը, որ փակելով ստորգետնյա ավտոտնակների ելքն ու մուտքը, խախտվում է ՀՀ շինարարական նորմատիվների 5-րդ կետի 15-րդ կետը։ Իսկ այնտեղ նշվում է, որ ցանկացած ստորգետնյա ավտոկանգառ պետք է ունենա նվազագույնը երկու տարանջատված մուտք ու ելք, հակառակ դեպքում շահագործումն արգելվում է։ Քաղաքացիները, ըստ մեր զրուցակցի, նորից դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի վերցնեն նախագիծն ու իմանան, թե ինչ է կատարվելու իրենց տարածքի հետ։



«Նախագիծը ստացել ենք 10 օր առաջ, այնտեղ ստորգետնյա անցումը բացելու մասին խոսք չկա, միայն ճանապարհի մասին է շեշտված, խոսք չկա նաեւ այն ճանապարհի մասին, որը քայքայել են իրենց ծանր մեքենաները։ Միայն նշված է, որ համաձայնեցված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն չկա ստորագրություն։ Եվ մեր մեջ առաջացավ այն հարցը, թե ով է պատվիրել այդ նախագիծը, ինչ գումար է տվել, որ այն մտել է Երեւանի քաղաքապետարան, որն էլ հաստատել եւ տվել են շինարարներին։ Դրա հետ կապված մենք նամակ ենք ուղարկել նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին»,- ասաց Հակոբ Հարությունյանը։



«Խնդրում ենք Ձեր միջամտությունը դադարեցնելու համար շին/ աշխատանքները ըստ վերը նշված նախագծի եւ դրանք շարունակել համաձայն հին նախագծի ըստ առ 19․06․2015թ․ N 19/ Կ-1423 գրության, քանի որ առ 19․07․2018թ․ 19/Հ-4643 գրությունով մեզ ուղարկված լրամշակված հ․ 01/18-05/2-5457-55 նախագիծը կասկածելի է՝ 4․ Նախագիծը ստորագրված չէ քաղաքապետ Տ․ Մարգարյանի կողմից, այսինքն՝ իրավական ուժ չունի։ 5․ Գրությունը քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ․ Ասատրյանի փոխարեն ստորագրել է այլ անձ․․․։ 6․ Գարաժների մուտքի տարածքը հանդիսանում էր գարաժների սեփականատերերի սեփականությունը, որը քաղաքապետարանը իրավունք չուներ վաճառել։ Բացի այդ՝ ըստ ԱԻՆ-ից ստացված առ 01․06․2018թ․ N 7․2/23․5․2/ 6356 գրության խախտվել է ՀՀՇՆ IY-11․03․03-02 շին/նորմերի 5․15 պահանջը»,- նշել են Երեւանի Կողբացի 30, Տերյան 3 եւ 3Ա շենքերի բնակիչներն ԱԱԾ տնօրենին ուղղված նամակում։ Մենք հարցում ենք ուղարկել նաեւ Երեւանի քաղաքապետարան։



Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ․ Ասատրյանը, ի պատասխան մեր հարցման, արձագանքել է․ «Տեղեկացնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի 19․07․2018թ․ հ․ 19/Հ-4643 գրությանը կից ներկայացված՝ Երեւանի քաղաքապետարանի հետ 02․02․2018թ․ հ․ 01/18-05/2-5457-55 նախագծի շինարարական հրապարակի կազմակերպման «ՇԿՆ-2» թերթը ստորագրված չի եղել Երեւանի քաղաքապետի կողմից, քանի որ, ըստ սահմանված ընթացակարգի, քաղաքապետի ստորագրությունը դրվում է միայն նախագծի ճարտարապետական մասի գլխավոր հատակագծի էջի վրա, իսկ մյուս թերթերը միայն կնքվում են Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության վարչության համաձայնեցման դրոշմակնիքով (հիշյալ նախագծի էջերի չափերի մեծությամբ պայմանավորված, սույն տեղեկանքին կցվում է այդ էջերի մի հատվածի պատճենները)։ Տեղեկացնում եմ նաեւ, որ Երեւանի քաղաքապետի 09․07․2018թ․ հ-199-Ա հրամանով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, 2018թ․ հուլիսի 9-ից մինչեւ հուլիսի 27-ը ներառյալ գտնվել է արձակուրդում, իսկ նույն հրամանի համաձայն՝ վարչության պետի պարտականությունների կատարումը դրվել է վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանի վրա, ուստի այդ ժամանակահատվածում վարչության պետի փոխարեն գրությունները ստորագրվել են Ռ․ Խոջայանի կողմից։



Կողբացու փողոցի հ․30, Տերյանի հ․3 եւ հ3ա շենքերի բնակիչների կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված 02․08․2018թ․ հ․ 150-37056 դիմումի շրջանակներում, բարձրացված հարցերի կարգավորման համար՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության գործառույթների շրջանակում, Տերյան փողոցի հ․5 հասցեի կառուցապատող «Միլենիում Կոնտրակշին» ՍՊԸ-ին առաքվել է համապատասխան գրություն (պատճենը կցվում է) եւ ներկայումս Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում են հարցի լուծման հնարավոր տարբերակները»։



**Թագուհի Հակոբյան**