Կրակոցներ Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ

Կրակոցներ Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:



2018թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 23:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են:



Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Արմավիրի մարզի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճամփաբաժան հատվածում հայտնաբերվել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ՝ «ՀՀ 97» գրառումներով, 3 հատ գլանված փայտե մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, արնանման հետքեր, մատանի և այլ իրեր:



Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:



Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: