Երկրում կար մի մենաշնորհ և այդ մենաշնորհը Ռոբերտ Քոչարյանն էր

Երկրում կար մի մենաշնորհ և այդ մենաշնորհը Ռոբերտ Քոչարյանն էր
«Նա, համաձայն իր խոստովանության, այսօր քաղաքականության մեջ է, ավելին՝ նա փորձում է դառնալ ռեւանշիստական ուժերի բյուրեղացման կետը։ Այդ ուժերի շրջանակը ուրվագծվել է, սակայն առայժմ չի ստրուկտուրալիզացվել եւ ստրուկտուրալիզացվելու համար, այո, գործադրվելու են բոլոր ռեսուրսները՝ սկսած մեծ փողերից, Ռուսաստանի օգնությունից եւ նաեւ, իհարկե, կոմպրոմանտների ծավալից, որով նա միշտ աշխատել է, Հեյդար Ալիեւի դպրոցը»։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով երեկվա հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե համարեք վերադարձել եմ քաղաքականություն։



Քաղաքագետը, անդրադառնալով Քոչարյանի այն մտքին, թե Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել, նշեց․ «Ներկայումս այն, ինչ կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, դա դեռ նրա թողած «ժառանգությունն» է, որը կայանում է նրանում, որ ինչ կար-չկար հանձնվեց Ռուսաստանին իր օրոք։ Երկրորդը, դա այն էր, որ Հայաստանում ձեւավորվեց մաֆիոզ պետություն՝ դառնալով Ռուսաստանի մաֆիոզ պետության համակարգի շարունակությունը եւ մասնաճյուղը»։



Երկրորդ նախագահը հարցազրույցում նաեւ նշել էր, որ իր օրոք մենաշնորհներ չեն եղել, Ռուբեն Մեհրաբյանը այդ հայտարարության վերաբերյալ նշում է՝ երկրում կար մի մենաշնորհ, եւ այդ մենաշնորհը ինքն էր։



Անդրադառնալով նաեւ Քոչարյանին անձեռնմխելիության իրավունքով ազատ արձակելու Վերաքննիչի որոշմանը՝ քաղաքագետն ասաց․ «Հարցի էմոցիոնալ կողմն է՝ որտեղ լինի Քոչարյանը, բայց էստեղ խնդիրը ունի շատ պրակտիկ կողմ, այն, որ առնվազն քաղաքական պատասխանատուն այդ ամեն ինչի Ռոբերտ Քոչարյանն է, դա փաստ է, եւ այդ գործում ներգրավված են բազմաթիվ վկաներ, Ռոբերտ Քոչարյանն ունի բոլոր հնարավորություններն ազդելու այդ վկաների վրա, շանտաժի ենթարկելու այդ վկաներին եւ հետեւապես խոչընդոտելու արդարադատացման իրականացմանը եւ քննությանը։ Այստեղ այլ բան չի կարող լինել, քան նրա խափանման միջոցը որպես կալանք ընտրելը, եւ դա իրականացնելը»։



Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ:



Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:



Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:



**Աննա Պապիկյան**