Գյումրեցիների ավտոերթը տարբերվելու է․ մեկ ժամից կուղևորվեն

Գյումրեցիների ավտոերթը տարբերվելու է․ մեկ ժամից կուղևորվեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին «ՔՊ» կուսակցության Գյումրիի տարածքային գրասենյակն օրեր առաջ է պատրաստվել։ Կուսակցությունը նախապես հայտարարություն է տարածել՝ «ՔՊ» կուսակցության Գյումրիի տարածքայի գրասենյակը կազմակերպում է ավտոերթ դեպի Երևան՝ Հանրապետության հրապարակ։Չնայած հանրահավաքի մեկնարկը երեկոյան է՝18:30-ին, գյումրեցիները 13:30-ին ուղևորվում են մայրաքաղաք:



Հարգելի շիրակցիներ, սիրով հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին ներկա գտնվելու համար «ՔՊ» կուսակցության Գյումրիի տարածքային գրասենյակը կազմակերպում է ավտոերթ՝ դեպի Երևան՝ Հանրապետության հրապարակ։ «ՔՊ» կուսակցության Գյումրիի տարածքայի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են ավտոերթի մասնակիցները, գրասենյակը ավտոմեքենաներ տրամադրո՞ւմ է, թե՞ ոչ:



«Ավտոերթը ինքնաբուխ է, մեքենաներ հատուկ չենք տրամադրում, մեր ընկերներն իրենց մեքենաներով կտեղափոխեն բոլոր ցանկացողներին, ովքեր ոտքով են, ավտոմեքենա չունեն: Մարդիկ իրենց սեփական միջոցներով են մեկնում Երևան, իսկ ավելի վաղ ենք մեկնում, քանի որ ավտոմեքենաների շարասյունը ճանապարհին վերահսկելու կարիք է ունենալու, երկար ճանապարհ է, որպեսզի չուշանանք»,-ասաց գրասենյակի աշխատակիցը՝ դժվարանալով նշել Երևան մեկնող ավտոմեքենաների մոտավոր թիվը: «Չեմ կարող ասել, թե քանիսն են, բայց որ շատ-շատ են, հաստատ»,-ավելացրեց նա:



**Արևիկ Հակոբյան**