Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմաշար՝ «Երախտագիտության քարտեզ»

Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմաշար՝ «Երախտագիտության քարտեզ»
5 միսիոներ կանանց մասին պատմող եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան) վերջերս ներկայացվել է նաեւ Իսրայելում՝ այս անգամ եբրայերեն թարգմանությամբ: Ֆիլմի պրոդյուսեր, «Ման Փիքչերս Ստուդիոյի» տնօրեն Մանվել Սարիբեկյանն ընդգծում է, որ սա 15-րդ երկիրն է, որտեղ ցուցադրվեց ֆիլմը, իսկ ընդհանուր առմամբ՝ ներկայացվել է 33 քաղաքում։



«Ֆիլմը նախապես անցավ տեղի «գրաքննությունը», որից հետո նոր որոշվեց ցուցադրման օրը։ Իր բացման խոսքում «Սինեմատիկ»-ի ֆիլմերի ծրագրերի բաժնի ղեկավար Պինի Շաթսը նշեց, որ արդեն 20 տարի է, ինչ հայկական ֆիլմ չէր ցուցադրվել իրենց մոտ, առավել եւս՝ Հայոց ցեղասպանության թեմայով։ Իհարկե, ցավալի է այս փաստը եւ ափսոս, որ ո՛չ մեր կինոարտադրողները, ո՛չ մշակույթի, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունները եւ ո՛չ էլ Հայ դատի ու հայկական այլ կազմակերպություններ հետամուտ չեն եղել այդ բացը լրացնելուն: Ինձ զարմացրեց, որ Իսրայելի ժողովրդի ճնշող մեծամասնությունն անտեղյակ է այդ պատմություններին, ավելին՝ նույնիսկ պատկերացում չունեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Կարծում եմ՝ նշածս կառույցները հետայսու կկարեւորեն այս հանգամանքը, առավել եւս՝ հիմա, երբ հերթական անհաջող փորձից հետո, մոտակա ամիսներին Իսրայելի Կնեսետում (խորհրդարանում) նոր զարգացումներ են սպասվում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Արդեն կա նախնական պայմանավորվածություն, որպեսզի ֆիլմը մոտ ժամանակներում ցուցադրվի նաեւ Կնեսետում»,-ասում է Սարիբեկյանն ու նշում, որ, հյուրընկալվելով Իսրայելի երկու ռուսալեզու հեռուստաընկերության հաղորդումներին, խոսել է ինչպես ֆիլմի, այնպես էլ Հայոց ցեղասպանության եւ Իսրայելի կառավարության դեռեւս կրավորական դիրքորոշման մասին:



Սարիբեկյանը նկատում է, որ ֆիլմը մեծ տպավորություն է թողել տեղի հանդիսատեսի վրա, որոնց գերակշռող մասը հրեաներ են եղել։ Ավելին՝ նրանցից շատերն իրենց զարմանքն ու զայրույթն են հայտնել իրենց երկրի կառավարության կրավորական կեցվածքի շուրջ․ «Բավականին բարձր գնահատելով ֆիլմի որակական արժեքը՝ նրանցից շատերը կարեւորեցին հատկապես Հայոց ցեղասպանության փաստագրական վկայությունները, որն իրենց համար հայտնություն էր»։



«Այս ցուցադրումն էլ, ինչպես բոլոր դեպքերում՝ կայացավ ի շնորհիվ անձնական կապերի եւ մի խումբ հրաշալի, անհատ մարդկանց շնորհիվ: Թել Ավիվի «Սինեմատիկ»-ի ցուցադրման նախաձեռնողներ եւ կազմակերպիչներն էին՝ «Սինեմատիկ»-ի ծրագրերի բաժինը, Իսրայելում գործող «Արարատ», «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կազմակերպությունները, իսկ աջակիցներն էին՝ Հայաստանի Հրեական Համայնքը, Իսրաելում՝ «Ադջենդա» համացանցային ռուսալեզու հեռուստատեսությունը, ֆիլմը եբրայրեներով հրաշալի թարգմանող՝ Շեվի Մխիթարը, Յուլյա Կիսլեվը և միակ հովանավորող՝ Արմեն Խրիմյանը: Փառք ու պատիվ նրանց բոլորին, առանձնահատուկ շնորհակալ եմ իմ վաղեմի ընկեր, կինո և թատրոնի ռեժիսոր՝ Էդուարդ-Էդլիս Մարտիրոսյանին, իր կնոջ՝ Զառա Սարգսյանին, Պինի Շաթսին, Աշոտ Մարտիրոսյանին,Նաիրա Մելիքյանին, Ռիմա Վարժապետյան-Ֆելերին, Շեվի Մխիթարին, Յուլյա Կիսլեվին, Արմեն Խրիմյանին և համայնքի մի շարք լավագույն այլ հայերենակիցներին, որոնց կողմից արվեց հնարավորինս ֆիլմի ցուցադրումը լավագույն կազմակերպելու համար»:



Այս տարվա նոյեմբերին արդեն նախատեսված է ֆիլմի ցուցադրումը Գերմանիայի մի քանի քաղաքներում՝ որտեղ այն կցուցադրվի գերմաներեն լեզվով:



Ներկայումս կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ «Ման Փիքչերս Ստուդիոյի» հեղինակային՝ «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի ստեղծման համար:



«Այս նոր ֆիլմում ամերիկացիներ՝ պատմաբան եւ գրող-լրագրողը կառերեսվեն իրենց երկրի պատմությանը եւ կներկայացնեն ԱՄՆ-ի կողմից պետականորեն ծրագրված եւ հումանիտար կառույցների ու անհատ մարդասերների միջոցով ցուցաբերված անգնահատելի օգնությունների մասին վկայագրությունները, երբ 1890-1923թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանվեցին եւ կոտորվեցին հայ, հույն, ասորի եւ ոչ իսլամադավ այլ ժողովուրդներ»:



Ֆիլմը համատեղ արտադրություն է՝ ամերիկյան երկու ընկերությունների մասնակցությամբ: Սցենարի հեղինակն ամերիկացի պրոֆեսիոնալ սցենարիստ, մի քանի միջազգային փառատոնների մրցանակակիր Ամբեր Կարլինն է: Ռեժիսորն Էդգար Բաղդասարյանն է: Այս ֆիլմը նույնպես լինելու է խաղարկային, վավերագրական, լիամետրաժ, որը նկարահանվելու է 7 երկրում:



Սարիբեկյանը հույս է հայտնում, որ եթե այս անգամ էլ իրենց հաջողվի ստանալ պետական մասնակի ֆինանսական աջակցություն եւ անհատ հովանավորների օգնություն, ֆիլմը կավարտեն մինչեւ 2019թ. ապրիլը:



«Ֆիլմի թեմատիկ լայնամասշտաբը, որում երեւում է տարբեր ազգերի պատմության նույնատիպ ծանր էջը, հնարավորություն կտա նաեւ ֆիլմը տարածելու աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես «Փրկության քարտեզ»-ը, այնպես էլ «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարն արտահայտում է ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի երախտագիտություն օգնող կազմակերպություններին ու անհատներին: Ֆիլմաշարի շարունակականության դեպքում, որը թույլ են տալիս ֆիլմի հայեցակարգն ու մտահղացումը, կներկայացվի նաեւ այլ երկրների ցուցաբերած մարդասիրական գործունեությունը, որն առկա էր պատմության այդ նույն ժամանակահատվածում, եւ, ամենակարեւորը՝ ի հայտ կբերի նաեւ մարդկության պատմության մեջ իրագործված առաջին հանցագործության անհերքելի իրողության մասին պատմող նոր փաստագրություններ եւ վկայագրություններ»: