Բոլորն օրորոցայինի տակ «բրեք դանս» են պարում

Բոլորն օրորոցայինի տակ «բրեք դանս» են պարում
Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ երեկ մի կերպ համաձայնեց, հետո դժվարությամբ կարողացավ փնտրել ու գտնել 2018-ի հունվար-հունիս ամիսների տվյալներն արտագաղթի ու ներգաղթի վերաբերյալ։ Նա համառորեն մեզ ուղղորդում էր մտնել armstat.am կայքը, այնուհետեւ՝ «հրապարակումներ» հատվածը, այնտեղ ընտրել «ժողովրդագրություն» թեմատիկան, բացել «ժողովրդագրական ժողովածուի» 39-րդ էջը, որտեղ առանձին սյունակով 1990-ից մինչեւ 2016 թվականը հրապարակված են միգրացիայի ցուցանիշները։ Բայց մենք «համոզեցինք» վիճկոմիտեի պետին, որ ինքն անձամբ բացի եւ ցույց տա մեզ այդ թվերը, ընդ որում՝ ոչ թե 90-ից մինչեւ 2016 թվականը, այլ 2018-ի ցուցանիշները՝ 2017-ի նկատմամբ։ Ճարահատյալ՝ Ստեփան Մնացականյանը բացեց իր ձեռքում եղած «դավթարի» համապատասխան էջն ու ցույց տվեց 2018-ի հունվար-հունիս ամիսների միգրացիայի բացասական սալդոն եւ այն համեմատեց 2017-ի ցուցանիշների հետ։ Պարզվեց՝ 2018-ի հունվար-հունիսին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 6000, իսկ 2017-ի հունվար-հունիսին՝ 8․800։ Այսինքն՝ այս տարի 2․200-ով նվազել է արտագաղթողների քանակը, բայց, այնուամենայնիվ, այս տարի էլ արտագաղթ կա։ Մնացականյանը դժվարացավ ասել, թե ինչի արդյունք է այս նվազումը, քանի որ հետազոտություն չեն կատարել, փոխարենը որոշեց դասախոսություն կարդալ մեզ համար, թե ինչով կարող է պայմանավորված լինել ներգաղթը կամ արտագաղթը։



Երկար-բարակ լեկցիան լսելուց հետո հիշեցինք Նիկոլ Փաշինյանի պատմած անեկդոտը վիճվարչության մասին, որը վարչապետը պատմել էր կառավարության այն նիստում, որի ժամանակ Ստեփան Մնացականյանը վերանշանակվեց իր պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանը Մնացականյանի նշանակումը քվեարկության դնելուց առաջ հիշել էր, թե ինչ են ասում վիճակագրական տվյալների մասին։ «Ասում են՝ կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն»,- կատակել էր վարչապետը՝ Մնացականյանին վերանշանակելով վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում։



Հարցրինք պարոն Մնացականյանին, թե արդյոք վարչապետի այս անեկդոտը չի՞ նշանակում, որ հասարակությունը վիճկոմիտեի տվյալներին չի վստահում։ Մեր հարցին, որը հիմնված էր վարչապետի փիլիսոփայական ենթատեքստով կատակի վրա, Մնացականյանը որոշեց պատասխանել նույնքան փիլիսոփայական ոճով՝ թվարկելով Ուինսթոն Չերչիլի հայտարարությունները։ «Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ ես հավատում եմ միայն այն վիճակագրությանը, որը ես եմ մանիպուլյացիա արել։ Նույն Չերչիլն ասում էր, որ կառավարման ամենավատ ձեւը դեմոկրատական կառավարման ձեւն է՝ չհաշված կառավարման մնացած բոլոր ձեւերը։ Նույն Չերչիլն ասում էր, որ հաղթանակը մի պարտությունից դեպի մյուս պարտություն էնտուզիազմը չկորցնելն է»,- ասաց նա։



**-Իսկ այդ ամենը վարչապետին ասե՞լ եք՝ ի պատասխան իր կատակի։**



-Ոչ, առիթ չի եղել։



**-Պարզապես ստացվում է՝ սա ակնարկ է Ձեր կողմից, որ վաղը այդ մանիպուլյացիաներն արդեն նոր իշխանության կողմից է հասարակությունը «վայելելու»։**



-Գիտե՞ք ինչ, սա նորմալ գործընթաց է, հասկանո՞ւմ եք։ Այ, ես էնքան գոհ եմ Ձեր աշխատանքից, որովհետեւ Դուք ժամանակը խտացնում եք։



**-Մանիպուլյացիան է՞լ է նորմալ գործընթաց։**



-Ոչ, ինֆորմացիան, որովհետեւ դա էլ ինչ-որ մի ժամանակ կգա եւ կամաց-կամաց իր տեղը կընկնի։ Արդի ժամանակաշրջանում ամենամեծ խնդիրը ժամանակի խնդիրն է։ Բոլորն օրորոցայինի տակ «բրեք դանս» են պարում՝ միայն խորագրերն են կարդում, բովանդակությանը չեն նայում։



**-Հիմա վարչապետի այդ անեկդոտը, Ձեր այս պատասխանն արդյոք թերահավատություն չի՞ առաջացնում վիճկագրական կոմիտեի աշխատանքի եւ նրա հրապարակած տվյալների նկատմամբ։**



-Բոլոր երկրներում էս խնդիրը կա, անգամ սկանդինավյան երկրներում, վերջերս Դանիայի վիճակագրության ղեկավարն էր էստեղ, անգամ Դանիայի նման երկրում, միեւնույն է, վստահության պակասի խնդիրը վիճակագրության նկատմամբ գոյություն ունի։ Սա նորալ երեւույթ է բոլոր երկրներում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**