Երբ ՀՔԾ պետը չի զրպարտում դատարանին, այլ իր կարծիքն է հայտնում

Երբ ՀՔԾ պետը չի զրպարտում դատարանին, այլ իր կարծիքն է հայտնում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետն ասում է․ «Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»։



ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ով վրդովված է վերաքննիչ քրեական դատարանի կայացրած՝ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու որոշումից, հստակ գնահատական էր հնչեցրել վճիռը կայացրած դատավորի հասցեին՝ նրա այդ որոշումը համարելով ապօրինի։ Այսինքն՝ պետության մի ներկայացուցիչը, այս դեպքում՝ ՀՔԾ պետը, պետության մեկ այլ ներկայացուցչի, այս դեպքում՝ կոնկրետ դատավորի, որը նաեւ անկախ է, մեղադրել է ապօրինության մեջ։ Սա թերեւս ոմանք կգնահատեն որպես զրպարտանք, հատկապես, որ դա ասում է պետական բարձրաստիճան պաշտոնյան, ոչ թե շարքային մի քաղակտիվիստ, ով չի սիրում, ասենք, Սերժին, Քոչարյանին կամ այդ դատավորին։



Երեկ Սասուն Խաչատրյանը տվյալ դատավորի կայացրած որոշման վերաբերյալ եւս մեկ հրապարակային հայտարարություն արեց՝ կարծիքի տեսքով։ «Ես կարծում եմ, որ այս դատավորը կանխակալ կարծիք է ունեցել, եւ նա բացարկման ենթակա դատավոր էր։ Այսինքն՝ տվյալ հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով, որը դատարանի որոշումը բեկանելու հիմք է»,- ասաց նա։ Իսկ ինչ է լինելու, եթե վճռաբեկ դատարանը չբեկանի վերաքննիչի որոշումը, եթե բողոք ներկայացվի, Խաչատրյանը չկարողացավ պատասխանել․ «Երբ որ կլինի դատական ակտը, դրա մասին կխոսենք»։



Մենք նկատեցինք, որ ինքը՝ ՀՔԾ պետը, այսօր այնպիսի գնահատականներ է հնչեցնում դատավորի քայլերի վերաբերյալ, որոնք կարող են զրպարտանք որակվել։ Հատուկ քննչական ծառայության պետը մի պահ շփոթվեց, ապա որոշեց «դասեր տալ» իրավաբանությունից։ «Մի րոպե, ի՞նչ զրպարտանք, ես իմ կարծիքն եմ ասում, Դուք երեւի չեք պատկերացնում, թե զրպարտությունն ինչ է»։ Որպեսզի չստացվի, որ մենք սոսկ մեր պատկերացումներով ենք առաջնորդվում, հատուկ ՀՔԾ պետի համար մեջբերեցինք Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը։ Առհասարակ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գրեթե ամեն արտահայտություն եւ գնահատական արժանանում է իրավաբանների քննադատություններին ու տարակուսանքներին, որոնք նրա հայտարարություններում հակասություններ եւ անգամ ոչ գրագետ, իրավաբանությունից հեռու պահեր են նկատում։ Եվ ՀՔԾ-ն իր նմանօրինակ «բարձր մակարդակի» մեղադրականներով ու գնահատականներով կարող է պատուհաս դառնալ Հայաստանի գլխին, եթե հանկարծ նրանց «զոհերը» որոշեն դիմել ՄԻԵԴ։ Եվ չի բացառվում, որ վաղն այդ նույն Քոչարյանն ու մյուսները հենց ՀՔԾ պետի «թեթեւ ձեռքով» ոչ թե դատապարտվեն, այլ արդարացվեն, եւ դրա ողջ պատասխանատվությունը մնա ՀՔԾ-ի ու նրա ղեկավարի վրա։



ՀՔԾ պետը հետո սկսեց արդարանալ ու բացատրել, թե ինչու է ասել, որ ապօրինի է դատարանի որոշումը։ «Այո, ես հիմա էլ եմ ասում՝ ապօրինի է, եւ բացատրում եմ, թե ինչու։ Առաջին հանգամանքը, առաջին ասպեկտը, որ ես բացատրում եմ, թե ինչու էր ապօրինի, հետեւյալն էր․ որ կայացվել է ոչ լեգիտիմ դատարանի կազմի կողմից, բացարկման ենթակա դատարանի կողմից է կայացվել։ Երկրորդը․ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, այսինքն՝ նա պետք է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության ստուգում իրականացներ։ Այսինքն՝ պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա՞ է, արդյոք, հիմնավոր կասկածը, այսինքն՝ կալանավորման պայմանը, եւ առկա՞ է, արդյոք, կալանավորման հիմքը։ Նա կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության եւ նրան առաջադրված այդ Քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջեւ»,- ասաց ՀՔԾ ղեկավարը։ Ի դեպ, երբ հարց հնչեց՝ ինքը կարծո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն է ունեցել դատարանի վրա, ՀՔԾ պետը դարձյալ հակասական պատասխան տվեց․ «Ես անցած անգամ ձեզ ասացի, որ ես կարծելով եզրահանգումներ չեմ անում, երբ որ կունենամ ապացույցներ, այդ մասին կխոսեմ»։ Հիմա հարց․ եթե ՀՔԾ պետը կարծելով եզրահանգումներ չի անում, ինչո՞ւ է այդ դեպքում դատավորի որոշման վերաբերյալ հայտարարում՝ «իմ կարծիքով, դա ապօրինի էր», եւ ինչո՞ւ չի ներկայացնում ապացույցներ։



Վերջում հարցրինք Սասուն Խաչատրյանին՝ մենք ունե՞նք այսօր անկախ եւ արդար դատական համակարգ։ Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է իր հայտարարություններով երաշխավորել, որ դատարաններն անկախ են կամ «նոր Հայաստանում» առնվազն պետք է անկախ լինեն։ Բայց ՀՔԾ պետը, ցավոք, խուսափեց այս հարցին ուղիղ պատասխանելուց․ «Գիտե՞ք ինչ, ես չեմ ուզում հիմա դատողություններ անել՝ արդար դատական համակարգ ունենք, թե չունենք։ Խնդրում եմ, ինձ մի ստիպեք, որ ես այսպիսի հայտարարություններ անեմ»։ Իսկ եթե մի դատարան «ապօրինի որոշում» է կայացնում՝ ըստ ՀՔԾ պետի, այդ դատարանն անկա՞խ է, թե՞ ոչ։ «Այդ որոշման բողոքարկման ընթացակարգեր կան, եւ այդ որոշումը, հուսով եմ…»,- ասաց Խաչատրյանը՝ խոսքը կիսատ թողնելով։ Եթե կա այդ որոշումը բողոքարկելու ընթացակարգ, եւ դեռ այդ բողոքարկումը չի եղել, ինչպե՞ս է ՀՔԾ պետն իրեն թույլ տալիս կանխակալ գնահատական հնչեցնել որոշման վերաբերյալ եւ այն համարել ապօրինի։