«Ժողովուրդ»․ Սերժ Սարգսյանին որպես վկա՞ կհարցաքննեն, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի

«Ժողովուրդ»․ Սերժ Սարգսյանին որպես վկա՞ կհարցաքննեն, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շուտով կհարցաքննվի նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը. այդ մասին երեկ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը առանց բացառության: Այո՛, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` որոշում է քննիչը` ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»,- ասել է նա: Հատկանշական է փաստը, որ դեռ մինչեւ երեկ ՀՔԾ պետն ուղղակի չէր հայտարարել Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտության մասին:



Օգոստոսի 9-ին` կառավարության նախորդ նիստից հետո, նաեւ դրանից առաջ լրագրողների՝ Ս.Սարգսյանին հարցաքննելու մասին հարցին Խաչատրյանն ընդհանրական պատասխան էր տվել` ասելով, թե կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի մասին: Այնինչ երեկ նա ուղղակիորեն մատնանշել է նաեւ ՀՀ երրորդ նախագահի անունը: Սա ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք փաստը, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետ, եւ այդ իրադարձություններից հետո ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, հոկտեմբերի 26-ի իր հարցազրույցում խոսելով մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին, ասել էր, թե այդ կապակցությամբ խորհրդակցել է ԱԺ նախագահի ու վարչապետի հետ:



Հետաքրքիր է՝ Ս.Սարգսյանին միայն որպես վկա կհարցաքննեն, թե նրան էլ մեղադրանք կառաջադրվի սահմանադրական կարգը տապալելու համար եւ կկալանավորեն. ի վերջո, պաշտպանության նախարարը, որն արձակել է քրեական գործի հիմք դարձած 0038 գաղտնի հրամանը, կառավարության անդամ էր, ասել է թե` բացի նախագահից ենթարկվում էր նաեւ վարչապետին»:



_Ավելի մանրամասն օրաթերթի այսօրվա համարում:_