«Հրապարակ». Ընտրությունների ժամանակացույցը

«Հրապարակ». Ընտրությունների ժամանակացույցը
Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երեւանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում։ Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անելու եւ հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երեւանի ընտրությունները։ Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչեւ օգոստոսի 29-ը։



Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանում են կուսակցական ցուցակներով։ Գրանցումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը։ Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտեւի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար։ Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարվելու է լռության օր, եւ քարոզչությունն արգելվելու է։ Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամների թեկնածուներին եւ ամենակարեւորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին։