Կյանքի օրենքը

Կյանքի օրենքը
Երբեմն հետեւելով մեր հասարակությանը եւ հատկապես սոցցանցերում ծավալվող իրադարձություններին-խոսակցություններին, մտածում ես, որ շատերը, հավանաբար, մանկության տարիներին հեքիաթներ չեն կարդացել, մուլտֆիլմեր չեն նայել, իսկ գիրք կարդալու եւ գիտելիքներ ստանալու մասին էլ չենք խոսում։ Ասենք՝ մանուկ տարիներին հեքիաթներ լսած կամ կարդացած մարդիկ չէին կարող բարին ու չարն իրարից չտարբերել, չհավատալ բարու հաղթանակին եւ չարի պարտությանը։ Հատկապես սովետական շրջանի մուլտֆիլմեր նայած մարդիկ հաստատ պետք է իմանային, որ անտառում բոլոր կենդանիներն ունեն իրենց տեղն ու նշանակությունը, բոլորն Աստծո կողմից են ստեղծված եւ օրհնված, իսկ երբ հայտնվում է թույլերի կյանքին ու անվտանգությանը սպառնացող մեկը, միշտ կհայտնվի նաեւ մեկը, որը կպաշտպանի փոքրիկ անպաշտպան նապաստակին ու սկյուռին, իսկ ջունգլիներում անգամ մարդու որդին կարող է գոյատեւել՝ գայլերի ոհմակի մեջ ապրելով։ Եթե ժամանակին գրքեր կարդացած լինեին, կիմանային, որ ոհմակի սկզբունքով մեկի վրա հարձակվելը ոչ միայն ամոթալի է, այլեւ մարդ արարածին ոչ սազական։



Կհասկանային, որ պաշտոնն ու փողը ժամանակավոր բաներ են՝ իսկ բարի գործերը՝ մնայուն։ Կգիտակցեին, որ այսօր դու կարող ես լինել բարձունքում, եւ մարդիկ քեզ կարող են աստվածացնել, իսկ վաղը կարող ես հայտնվել բանտում եւ մերժվել քեզ պաշտողների բանակի կողմից։ Եթե պատմություն, գրականություն, մարդու իրավունքների հիմունքներ ուսանած լինեին դպրոցում, ապա կիմանային, որ բոլոր մարդիկ ապրելու, ստեղծագործելու իրավունք ունեն։ Այլ իրավունքներ էլ ունեն, որոնք պաշտպանված են օրենքով ու երկրի Սահմանադրությամբ։ Եվ այդ իրավունքները ոտնահարողները վաղ թե ուշ, այս կամ այն կերպ, այս կամ այն կյանքում անպայման պատժվում են։