Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է

Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է
Հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելն այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, անաղմուկ չանցավ։ Անմիջապես եղան արձագանքներ, թե ինչ հետեւանք կարող է դա ունենալ Հայաստանի համար, ինչպես կարող են վատթարանալ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ այլն։



Երկու օր անց՝ հուլիսի 28-ին հինգ միլիոն գրավի դիմաց Խաչատուրովն ազատ արձակվեց։ Իսկ այդ օրերին ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեդտինովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի մասին տեղեկատվության չի տիրապետում։ Արդյո՞ք Յուրի Խաչատուրովը հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հիշեցրեց օրերս իր մամուլի ասուլիսում արտահայտած միտքը․ «Հայաստանը նախաձեռնել է փոխարինման գործընթաց, իսկ մյուս հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում, տարբեր մակարդակներում քննարկումների։ Իսկ քննարկումների արդյունքում ձեռք բերված որոշումները պետք է հաստատվեն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից»։ Հետաքրքրվեցինք, թե ՀԱՊԿ անդամ երկրներում չի՞ կարող հասունանալ դժգոհություն եւ պահանջ, որ Հայաստանը չներկայացվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։



«Դրանք կարող են լինել ներքին քննարկումներ, որոնց մասին տեղեկատվության ես չեմ կարող հրապարակել»,-նշեց մեր զրուցակիցը։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հաջողվում թեկուզ գրավի միջոցով ազատ արձակված Յուրի Խաչատուրովին շարունակել պաշտոնավարել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ «Յուրի Խաչատուրովը համարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եւ շարունակում է իր լիազորությունները՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Պարոն Խաչատուրովը գտնվում է Մոսկվայում եւ իրականացնում է իր լիազորությունները՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը։