Իսկ եթե Պուտինը զանգահարի ՀՔԾ պետին, ի՞նչ կապ ունի՝ Քոչարյանը բանտո՞ւմ է, թե՞ դրսում

Իսկ եթե Պուտինը զանգահարի ՀՔԾ պետին, ի՞նչ կապ ունի՝ Քոչարյանը բանտո՞ւմ է, թե՞ դրսում
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը կարծես թե վճռական է տրամադրված Քոչարյանին նստեցնելու հարցում, ամեն ինչ անելու է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից վերադառնա կալանավայր ու զրկվի ազատությունից։ Ճիշտ է, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանից առաջին ատյանի դատարանի որոշումն ու Քոչարյանին ազատ արձակեց, բայց Խաչատրյանը հույսը չի կորցրել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի, և այն կբավարարվի։ «Ես հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը։



**Hraparak.am**-ը հարց ուղղեց ՀՔԾ պետին՝ ի՞նչ տարբերություն Ռոբերտ Քոչարյանը ազատությա՞ն մեջ է, թե՞ անազատության, եթե, դիցուք, նրա անունից իրեն՝ որպես ՀՔԾ պետի, զանգահարեն Ռոբերտ Քոչարյանի մտերիմները, օրինակ՝ ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինը և փորձեն ճնշում գործադրել։



«Շատ մեծ է տարբերությունը՝ Քոչարյանը ներսում է, թե դրսում»,-ասաց Սասուն Խաչատրյանը։



**-Բայց կարող են նրա անունից զանգել, անկախ նրանից՝ նա դրսո՞ւմ է, թե՞ ներսում։**



-Իսկ Դուք այդպիսի տվյալնե՞ր ունեք, որ զանգում են։



**-Դիցուք՝ զանգեն, տեսականորեն չի բացառվում, որ որևէ մեկը կարող է զանգել նրա անունից կամ փորձել, օրինակ, կաշառել դատավորին։**



-Տեսականորեն ինչ-որ բան բացառվում է, թե չի բացառվում, տեղին չէ խոսել դրա մասին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**