Երբ հավականություններն ի դեր են լինում...

Երբ հավականություններն ի դեր են լինում...
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրն ստորագրված է: Շուրջ երկուսուկես տասնամյակ ձգված բանակցություններն ավարտվել են Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակով՝ Կասպից ծովում չեն կարող լինել արտատարածաշրջանային երկրների ռազմածովային հենակայաններ, իսկ ենթակառուցվածքներ կարող են ստեղծվել մերձկասպյան հինգ երկրների կոնսենսուսով: Մինչեւ վերջին պահն ադրբեջանական կողմը հույս ուներ, որ հնարավորություն կունենա հասնել Թուրքմենստանի հետ առանց Ռուսաստանի համաձայնության գազատարի կառուցման մասին համաձայնության, սակայն Ռուսաստանը մնաց անդրդվելի. Տրանսկասպյան գազամուղ չի գործի, եթե դրան չհամաձայնի Ռուսաստանը:



Իրավական տեսակետից նույնիսկ կարելի է ասել, որ Կասպից ծովի կարգավիճակը չի փոխվել: Այն շարունակում է մնալ Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական վերահսկողության ջրային տարածք: Մյուս երկրներն ընդամենը ստացել են ջրային որոշակի տարածք, որտեղ կարող են տնտեսական եւ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ տանել: Գլոբալ անվտանգության հարցերը մնում են Ռուսաստանի եւ Իրանի որոշման տիրույթում: Ադրբեջանում հասկացել են, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը ոչ թե բարձրացնում է Բաքվի ինքնիշխանությունը, ինչպես պաշտոնական քարոզչությունն է պնդում, այլ խստորեն սահմանափակում ընտրության հնարավորությունը, սեղմում ռուս-իրանական համաձայնությունների շրջանակներում: Եւ պատահական չէ, որ Բաքվում սկսել են սեփական հավակնությունների ի դերեւ ելնելը ներկայացնել որպես Ռուսաստանի հովանու ներքո անվտանգության համակարգին ինտեգրվելու հնարավորություն:



Դա նշանակում է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրն Ադրբեջանին երկարաժամկետ հեռանկարում կապում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին: Այդ իրավիճակում Իլհամ Ալիեւին ոչինչ չի մնում, քան փնտրել ՀԱՊԿ-ին ինտեգրվելու ուղիներ: Միլլի մեջլիսի պետաիրավական հարցերով կոմիտեի նախագահ Հուսեյինլին արդեն իսկ հայտարարել է, որ Ադրբեջանի համար ՀԱՊԿ-ին անդամակցությունը նպատակային հեռանկար է: Քաղաքական մեկնաբաններից մեկը պատգամավորին հակադարձել է, թե դրա համար պետք է ունենալ Հայաստանի համաձայնությունը: Ի՞նչ ուղիներով է Ադրբեջանը ՀԱՊԿ-ին ինտեգրվելու փորձ անելու՝ դեռեւս դժվար է ենթադրել:



Սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիեւը մեկնում է Մոսկվա: Ըստ երեւույթին, բանակցություններում առանցքային է լինելու եվրասիական ինտեգրացիային Ադրբեջանի ասոցացման հարցը: ՀԱՊԿ անդամներից Ղազախստանը եւ Բելառուսը շատ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: Ինչպես հասկացվում է ադրբեջանական մամուլի մի ամբողջ շարք հրապարակումներից, Բաքվում մեծ հույսեր են կապում Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հետ: Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունները բախվել ռուսական կողմի անդրդվելիությանը: Եւ հիմա Բաքուն բացարձակապես մենակ չմնալու համար ՀԱՊԿ-ին ինտեգրվելու հնարավորություն է փնտրում: Ինչպե՞ս է դրան արձագանքում Հայաստանը: