Բնակարան է հատկացրել անօթևան ընտանիքի ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում

Բնակարան է հատկացրել անօթևան ընտանիքի ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանի համար, որ բարերարի օգնությամբ բնակարան է հատկացրել մի անօթևան ընտանիքի: «Հազար գործ թողած՝ Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություններ եմ տալիս, թե ինչ հիմքով ենք 3 մանկահասակ երեխաների հետ մի կիսաքանդ դոմիկում բնակվող ընտանիքին 3 սենյականոց նորակառույց բնակարան նվիրել և բնականաբար աղբանոցների վերածված դոմիկները քանդել ու համայնքապատկան տարածքը մաքրել»,- hraparak.am-ին է պատմում կենտրոնի նախագահը:



«Կարծես հանցագործություն եմ արել: Հիմա այդ խեղճ ու կրակ ընտանիքի հարազատները, ովքեր դեռևս 20 տարի առաջ բնակարան ստացել, սակայն դոմիկը չեն քանդել, այլ նվիրել են իրենց քրոջ որդուն, իրենք էլ մշտական բնակության են մեկնել ՌԴ և այդ երկրի քաղաքացի են վաղուց, բողոքել են, որ ինչու է քանդվել առնետի բուն դոմիկը, այն դեպքում, որ դեռևս 20 տարի առաջ պետք է քանդված լիներ, այդ բնակարանից բաժին են պահանջում և այլն: Դէ հիմա արի և Գյումրին ազատիր դոմիկներից: Դրսում ապրողները հայրենիքը դարձնում են աղբանոց ու գերեզմանոց, ինչ է թե մի տարածք ունենան այստեղ: Պատճառաբանում են, թե ես իմ հայրենիքում գոնե մի բան չունենամ »,-ավելացրեց նա: Տեղեկացանք, որ գործը դատարան դեռ չի մտել, բայց բողոքարկող կողմը համառ է, անգամ փաստաբան է վարձել եւ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելուց հետո էլ պահանջատեր է:



Փաստաբանը բողոք է ներկայացրել, որ տնակը վերականգնվի, քանի որ այն իր վստահորդի սեփականությունն է եղել եւ ոչ թե քրոջ որդու, ում ընտանիքին «Շիրակ կենտրոն»-ը բնակարան է հատկացրել, հակառակ դեպքում չի բացառվում, որ բնակարանից բաժին պահանջի: Միայն թե Վահան Թումասյանի համար այդպես էլ անհասկանալի է, թե վաղուց այլ երկրում բարեկեցիկ կյանքով ապրող հայի ինչին է փտած տնակը, երբ շատ սփյուռքահայեր հակառակն են անում. բնակարաններ են նվիրում անօթևաններին՝ խնդրելով մաքրել քաղաքը աղբից:



**Արևիկ Հակոբյան**