Շիրակցիները նախարարին ընդունել են ոգևորված, ճանապարհել՝ մտահոգ

Շիրակցիները նախարարին ընդունել են ոգևորված, ճանապարհել՝ մտահոգ
Երեկ աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին շիրակցիներն ընդունել են ոգևորված, ճանապարհել՝ մտահոգ: Նախարարի առաջին այցը մարզի Ազատան համայնքում է եղել: Ազատանը, որ Շիրակի մարզի կարտոֆիլի հայրենիքն է, այս տարի զրկվեց բերքից: Օգոստոսի 8-ի երեկոյան շուրջ քսան րոպե տեղացած աննախադեպ մեծության կարկուտի հետևանքով համայնքի ցորենի, կարտոֆիլի և եգիպտացորենի ցանքերը լուրջ վնասներ կրեցին: Կարկտաբեր ամպերը, որոնք եկել էին Թուրքիայի կողմից, անհնար էր եղել հակակարկտային կայանների միջոցով վնասազերծել:



Նշենք, որ վնասվել էին նաև գյուղացիների տնամերձերում ցանած բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները: Գյուղացիները նշում են, որ այս տարի վաճառքի հանելու կարտոֆիլ չունեն: Նրանցից մեկի դժգոհությանը, թե պաշտոնյաները կարկտահարությունից տասն օր անց են այցելել համայնք, գյուղնախարարը պատասխանել է. «Եթե նույնիսկ երկու ժամ հետո գար որևէ պաշտոնյա, ի՞նչ էր փոխվելու ձեր կյանքում, մի՞թե վնասի չափը փոխվելու էր: Կարևորը կառավարությունը մտահոգ է գյուղացու խնդիրներով և քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու ուղղությամբ»։



Գյուղացիներին, սակայն, ոչ նախարարի պատասխանը, ոչ էլ մինչ այս արված քայլերը չեն գոհացնում, վստահ են՝ կարկտահարված դաշտերը չեն վերականգնվելու, իսկ վարկերն ու տոկոսները փակելու հնար չկա: «Որ էդ պահին գան, իրենց աչքերով կտեսնեն, մենք ոնց ենք լացում էդ բերքի վրա, բա որ հիմա եկար, մի բան փոխվելո՞ւ է, տեսնենք։ Ցորենի գինը 30 դրամով արհեստականորեն իջեցվեց, դիզվառելիքի գինը 1500 դրամով բարձրացվեց։ Ցորենը ինքնարժեքով են գյուղացուց տանում »,-նեղսրտեցին բնակիչները։



Նախարարը հուսադրել է, որ փոխհատուցում հաստատ լինելու է, սակայն գյուղացին կենսափորձին է վստահում, քանիցս են ասել: «Էդ էն հներն էլ էին ասում, գալիս, խոստանում, գնում, ո՞ւր է»,-նշում են նրանք:



Անդրադառնալով նախարարի այցին՝ նշենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղնախարարությունը խոստացել է՝ կգնահատի վնասի չափերը և աջակցություն կցուցաբերի, բայց նախարարության տեսակետն այս տարի տարբերվելու է: Գյուղացին կփոխհատուցվի կանխիկ դրամի տեսքով, այլ ոչ թե տարբեր պարտավորություններ նրանց փոխարեն կատարելու է պետությունը, ինչպես նաև գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր կիրականացվի ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Արմավիրում և Շիրակում: Առաջին երկու մարզերում կապահովագրվի խաղողն ու պտուղ-բանջարեղենը, Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը։



Ի դեպ, այս համակարգը բոլոր զարգացած երկրներում գործում է։ Նշենք, որ ըստ գյուղնախարարության տվյալների՝ ողջ Հանրապետությունում այս տարվա կարկտահարության հասցրած վնասը կազմում է մոտ վեց ու կես միլիարդ դրամ, անցած տարի եղել է 12 միլիարդ , 2016 թվականին՝ 33 միլիարդ դրամ։



**Արևիկ Հակոբյան**