Պարտավոր ենք լավատես լինել

Պարտավոր ենք լավատես լինել
Ոչ միայն արցախյան ռազմաճակատում, այլ նաեւ Հայաստանի ու Նախիջեւանի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական ռազմաճակատի տարբեր հատվածներում ադրբեջանական սադրանքներին լայնածավալ պատժիչ գործողություններով պատասխանելու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վճռականությունն ամբողջությամբ կբխեր Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերից:



Հարցն այն է, որ հիմա, երբ Հայաստանին համառորեն լայնածավալ պատերազմ է պարտադրվում, մենք՝ որպես ազգ եւ որպես պետություն, իրավունք չունենք պարտադրվող այդ պատերազմում տեսնել եւ գնահատել միայն վտանգները: Այդպիսի մոտեցումը, անշուշտ, կարող է պարտության տանող ճանապարհի սկիզբը լինել: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ այս պատերազմում հաղթելու է այն կողմը, որը կարողանալու է գնահատել ոչ միայն այդ պատերազմից սպասվելիք վտանգները, այլ նաեւ հնարավորությունները: Իհարկե, մեզ համար բացի պարտադրված պատերազմից ցանկացած պատերազմ անընդունելի եւ դատապարտելի է: Բայց երբ գիտես, որ այդ պատերազմը քեզ պարտադրում են եւ պարտադրում են այնքան լկտիորեն, մի՞թե «խուսափելու համար լայնածավալ պատերազմից, եկեք ամեն գին վճարենք» սկզբունքով իրավիճակը գնահատելն ամենամեծ մոլորությունը չի լինի:



Այս առումով, ինչպես մեզ էր թվում, Հայաստանը պետք է գործի ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Մենք այսօր՝ որպես ազգ եւ որպես պետություն, պարտավոր ենք ավելի լավատես լինել, մանավանդ որ այդպիսին լինելու բոլոր հիմքերն ունենք: Ունենք, որովհետեւ, եթե Հայաստանի կապիտալացման համար պետք է, որ Հայաստանը մի ողջ պատերազմ տանուլ տա, ապա Ադրբեջանի կազմալուծման համար այդ երկրի կողմից տանուլ տրված մեկ ճակատամարտն անգամ բավարար կլինի:



**Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ**