Ռազմավարական տեսանկյունից կարեւոր է հատկապես «Աջափնյակ» կայարանի կառուցումը եւ ոչ թե «Սուրմալուի»

Ռազմավարական տեսանկյունից կարեւոր է հատկապես «Աջափնյակ» կայարանի կառուցումը եւ ոչ թե «Սուրմալուի»
Երեւանի մետրոպոլիտենի նոր կայարանների անհրաժեշտության մասին վերջին տարիներին պարբերաբար բարձրաձայնվել է թե՛ հասարակության, թե՛ տարբեր իշխանությունների կողմից։ Բացառություն չեն նաեւ ներկայիս իշխանությունները։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանը հանդիպումներ է ունենում ոլորտի մասնագետների հետ՝ մետրոպոլիտենի զարգացման հեռանկարները հասկանալու համար։



Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ **Վազգեն Սաֆարյանը** «Մետրոշին», այժմ՝ «Արթուն» ընկերության ղեկավարի հետ օրեր առաջ հանդիպել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ եւ նրան ներկայացրել մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները։



Աջափնյակի կայարանի կառուցման համար «Արթուն» բաց բաժնետիրական ընկերությունը ներկայացրել է 4 տարբերակ, որոնք ելնում են կառավարության այսօրվա հնարավորություններից։ «Եվ այդ նոր կայարանի կառուցումը հիմնավորվում է նրանով, որ մինչեւ այժմ կատարված աշխատանքները «Բարեկամություն» կայարանից մինչեւ Հրազդանի կիրճը փորված են 1054 մետր երկարության թունելներ, եւ բետոնապատված է։ Մնում է կառուցել մետրոպոլիտենի կամուրջը, ապա եւս 330 մետր թունելային աշխատանքներ իրականացնել, թեք անցումը կառուցված է, մնում է կառուցել կայարանը՝ իր նախասրահով։ Այս աշխատանքների համար անհրաժեշտ է 75 մլն դոլար հատկացնել 3 տարվա ժամանակահատվածում, եւ մենք կունենանք մեկ կայարան եւս»,-ասաց Սաֆարյանը։



Նրա կարծիքով, այս նախագիծը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ընկալվել է որպես կառուցողական, ինչը բխում է նաեւ այսօրվա կառավարության ծրագրում տեղ գտած այն դրույթից, որ կառավարությունը գտնում է մետրոպոլիտենի զարգացման անհրաժեշտությունը։ «Հիմա մենք ելնում ենք այն բանից, որ կատարված աշխատանքները բարձիթողի վիճակում չթողնելու համար անհրաժեշտ է այն ավարտել, քան պահպանման վրա գումարներ ծախսել»։



Սաֆարյանը լիահույս է, որ կառավարությունն ընթացք կտա այս նախագծին, եւ կունենանք նոր կայարան, որը շատ իրատեսական է, որովհետեւ բավականին աշխատանքներ են կատարված, եւ, բացի դա, զգալի աշխատանք է կատարվել մինչեւ հաջորդ կայարանի ուղղությամբ։ Մինչդեռ անցած 26 տարիների ընթացքում մետրոպոլիտենի կայարանների զարգացման վրա գումար չի ծախսվել։



Հանրային խորհրդում այս հարցը նույնպես քննարկվել է, եւ ժամանակին այն ներկայացրել են նաեւ նախկին կառավարությանը, առաջարկով դիմել էին նախկին քաղաքաշինության նախարարությանը, իսկ տրանսպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ քաղաքապետարանը դրական եզրակացություն էին տվել նախագծին։ «Լավ է, որ այսօրվա կոմիտեի նախագահը նույնպես դրական է վերաբերվում նոր կայարանի կառուցմանը, դրա համար մենք անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել ենք եւ սպասում ենք, որ կառավարությունը համապատասխան որոշում կայացնի»,- ընդգծում է Սաֆարյանը։



Վերջերս քաղշինում քննարկվել է նաեւ նախկին պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի նոր՝ «Սուրմալու» կայարանի կառուցման մասին, որը կկապի «Սասունցի Դավիթ» եւ «Զորավար Անդրանիկ» կայարանները։



Պետության համար ավելի նպատակահարմար կլինի նո՞ր կայարան կառուցելը, այս դեպքում՝ «Սուրմալուն», թե՞ շարունակել ամրացնել հնի՝ «Աջափնյակ» կայարանի հիմքերը։ «Ես գտնում եմ՝ քանի որ «Աջափնյակ» կայարանի աշխատանքները 70 տոկոսով արդեն կատարված են, պետք է շարունակել դա ավարտել, իսկ տնտեսական, բնակչությանն օգուտ բերելու առումով, բնականաբար, «Աջափնյակ» կայարանն ավելի կարեւոր է, որովհետեւ Աջափնյակից մարդիկ 20-25 րոպեում կարող են հասնել 3-րդ մաս, եւ այս տրանսպորտային խցանումների պարագայում սա շատ կարեւոր լուծում կլիներ։ Ինչ վերաբերում է «Սուրմալու» կայարանին, ապա կարելի է կառուցել, եթե նման ցանկություն եւ ներդրողներ կան։ Բայց էլի եմ ասում՝ ռազմավարական տեսանկյունից կարեւոր է հատկապես «Աջափնյակ» կայարանը, որը պետք է այդ ուղղությամբ շարունակել, որովհետեւ երկուսուկես կմ երկարությամբ թունելներ են փորված, որոնք մնում են չօգտագործված։ Ուրեմն ավելի լավ կլինի այդ չիրացվածությունը դարձնել իրացվելի, ապա անցնել նոր կայարանների գաղափարին»։



Սաֆարյանն ասում է, որ կան ներդրողներ, որից հետո հիշում է՝ ժամանակին «Թումո» կենտրոնը ցանկություն ուներ որոշակի ներդրում անել, որովհետեւ «Աջափնյակ» կայարանը կնպաստեր, որպեսզի «Թումո» կենտրոն հաճախողներն ավելի հեշտ գնային-գային։ Չի բացառում, որ ուրիշ ներդրողներ էլ կգտնվեն արտասահմանից, որոնք կցանկանան օգնել․ «Այստեղ պետք է լինի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթ, պետությունն իր բաժնեմասը պետք է դնի ու մասնակցի եւ մյուսներին էլ հրավիրի մասնակցելու»։



Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը դրական է արձագանքում նոր կայարանների շուրջ քննարկումներին․ «Ով ուզում է կառուցի, որտեղ ուզում է կառուցի, դա արդեն առաջընթաց է ու ողջունելի, իսկ այն, որ 25 տարի ոչ մի կայարան չեն կառուցել, դա շատ վատ է»։



Յայլոյանը կարծում է, որ միանշանակ ճիշտ եւ նպատակահարմար կլինի նախեւառաջ «Աջափնյակ» կայարանը կառուցել, հետո նոր՝ մյուս ուղղությունները․ «Այն, որ ասում են 2 կայարանների մեջտեղը մի կայարան են կառուցելու, դա դեռ չի նշանակում, որ կայարան կառուցեցին։ Կայարան կառուցել՝ նշանակում է մի քանի կիլոմետր գիծ ավելացնել, կայարան տեղադրվի, որ այդ թաղամասի բնակչությունը բան հասկանա, թե չէ Սուրմալուի գծի մեջտեղը հազար մետրի վրա կանգառ անի, դա մետրոյին հարիր չէ։ Եթե կան միջոցներ, թող Աջափնյակի շինարարությունն ավարտին հասցնեն, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում, քանի որ այդ թաղամասը կայարանի խիստ կարիք ունի»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**