Ո՞ւմ վրա է հաջորդը կրակելու դաշնակցականի մաուզերը

Ո՞ւմ վրա է հաջորդը կրակելու դաշնակցականի մաուզերը
Անցած 10 տարիներին մարտի 1-ի արյունալի դեպքերի մեղավորության սլաքն ուղղվել է թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի, թե՛ ընդդիմության կողմը, եղել է նաեւ (կարծում եմ՝ դեռ կա) դրանում «մութ ուժերի» մեղավորությունը չբացառող վարկած: Անձամբ ես տարիներ շարունակ կարծում եմ, որ 1996-ի սեպտեմբերյան եւ 2008-ի մարտի 1-ի դեպքերում գործել է նույնանման սցենար՝ գուցե նաեւ ստվերային շահառուների միեւնույն խմբով: Առաջին դեպքում մեղավորությունը բարդվել է սպարապետի, երկրորդ դեպքում՝ հեռացող նախագահի վրա: Արցախի հերոս, հաղթանակած բանակի փառապանծ սպարապետը չէր կրակի իր ժողովրդի վրա, նույնն էլ՝ Արցախի հերոս ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահը: Եթե նրանք ցանկանային սեփական իշխանությունը պահել եւ մտադրվեին դա անել զենքով, ապա այսօր, իմ կարծիքով, ողջ չէին լինի, առաջին դեպքում՝ 1996-ի ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, երկրորդ դեպքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու 2008-ին նրա կողքին հարթակում կանգնածները: Սա ասում եմ, քանզի համոզված եմ, որ ինքնավստահ եւ ուժեղ մարդիկ թիկունքից չեն հարվածում, նրանք նույնիսկ քաղաքականության մեջ ավելի շատ տղամարդ են, քան դիվանագետ:



«Երկիր մեդիային» տված հարցազրույցում Ռ. Քոչարյանն ասաց, որ ոչ մի հայտնի ընդդիմադիր գործիչ մարտի 1-ին չի տուժել՝ անուղղակիորեն, թերեւս, հաստատելով վերն ասվածը։ Ասաց, որ ինքը, ԱԱԾ այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մտահոգված էին, որ հանկարծ սադրանք տեղի չունենա: Քոչարյանի ասածը տողատակով, բայց առավել քան թափանցիկ ակնարկ էր (հասկացողների համար, իհարկե), որ մարտի 1-ի արյունահեղությունը սադրանքի արդյունք է, առավել եւս, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շարքերում միշտ եղել ու կան առաջնորդին արջի ծառայություն մատուցելու անթաքույց հակվածներ: Ըստ իս, թյուր են այն պնդումները, թե Քոչարյանը մարտի 1-ը կազմակերպել է, որ իշխանության եկող Սերժ Սարգսյանի միջոցով պաշտպանի իր միլիարդները: Եթե նախագահական անձեռնմխելիությունն օգնում է խուսափել մարտի 1-ի իրավական պատասխանատվությունից, պատկերացնո՞ւմ եք՝ բիզնես գործունեությամբ հարստանալու դեպքում ինչ հաջողությամբ կօգնի: Առավել եւս, որ նախագահ դառնալու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր վերադարձնել նախագահին քրեական պատասխանատվության չենթարկելու նախադեպ չստեղծելու Քոչարյանի պարտքը: Չի բացառվում, որ մարտի 1-ի թաքնված կազմակերպիչները հետագայում Քոչարյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելը կանխելու եւ իրենց համար այդ ճանապարհով քաղաքական արեւի տակ տեղ ապահովելու դիտավորությամբ են սադրել արյունահեղությունը՝ միամիտ եւ անտեղյակ հասարակության մոտ տպավորություն ստեղծելով, թե իբր այդ արյունը պետք էր Քոչարյանին:



Պատմությունը դեռ կտա 1996-ի եւ 2008-ի դեպքերը հասունացնողների եւ նման ճանապարհով ուղղորդելու իրական մեղավորների անուններն ու իսկական նպատակադրումը, իսկ մինչ այդ շատ ջրեր կհոսեն:



Արջի ծառայության մասին խոսելիս չմոռանանք, որ իբր ազգափրկչության անվան տակ Հայաստանի երրորդ հանրապետությունում պետության դեմ զինված գործողություններ կատարած խմբերի ղեկավարները մեծ մասամբ ներկա կամ նախկին (նույն բանն է) դաշնակցականներ են:



Սպարապետ Վազգեն Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված, ապա միայն ու միայն քաղաքական իրադրության փոփոխության հիմքով բանտից ազատվածները, ներկա վարչապետին գլուխը քարին կպնելու նախազգուշացում տվողները դաշնակցականների մասնակցությամբ ահաբեկչությունները երբեւէ իրար կողքի դրե՞լ են եւ ի՞նչ են մտածում այդ մասին: Ո՞ւմ է հաջորդը կրակելու դաշնակցականի մաուզերը: Իսկ գուցե թիրախում հայտնվի հոդվածիս հեղինա՞կը:



**Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ**