Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը հնարավոր է ընդլայնվի

Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը հնարավոր է ընդլայնվի
Ամեն օր ՀՔԾ են ներկայանում նոր տուժողներ, մարդիկ, որոնք 10 տարի առաջ՝ մարտի 1-2-ի օրը, բռնությունների են ենթարկվել կամ դրանց ականատեսն են եղել, բայց այս տասը տարիների ընթացքում վախեցել են բարձրաձայնել իրենց հետ կատարվածի մասին, խուսափել են դիմել «մարմիններին»՝ չհավատալով արդարադատությանը։ Նրանք նաեւ իրենց բռնությունների ենթարկած քննիչների, ոստիկանների անուններ են տալիս, եւ չի բացառվում, որ առաջիկայում Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվն ընդլայնվի։



Մեր տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայություն են դիմում նաեւ այս տարիներին Հայաստանից արտագաղթած քաղաքացիները։ Նրանք արտասահմանից էլեկտրոնային նամակներ են ուղարկում, զանգում, ցանկություն են հայտնում օգնել նախաքննությանը։ «Քաղաքացիներին պատասխանում ենք, որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ տուժածները կարող են ներկայանալ ՀՔԾ, եւ եթե բավարար հիմքեր լինեն, գործով կճանաչվեն տուժող»,- ասում է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նա թիվ չնշեց, սակայն նշեց, որ քննությունը ներկայումս ակտիվ փուլում է․ «Տուժողների քանակը շեշտակի ավելացել է»։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն օրերս հայտարարել էր, որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիները կարող են դիմումներ ներկայացնել, եւ խոստացել էր անհրաժեշտության դեպքում պաշտպանական միջոցներ կիրառել։ 2008 թվականի փետրվարյան ցույցերի ժամանակ ամենաակտիվներից էին Գյումրու ազատամարտիկները։ Նրանք իրենց վրանն էին խփել Ազատության հրապարակում, որն անվանում էին «օլիգարխների պալատկա», նույնիսկ գազ ու լույս կար ներսում։



Մարտի 1-ի առավոտյան Գյումրու ազատամարտիկները մյուսների նման բռնությունների ենթարկվեցին եւ այս օրերին քննարկում են ՀՔԾ ներկայանալու հարցը։ Մի մասը դեռ կամուկացի մեջ է։ «Որոշում ենք դեռ, անպայման կդիմենք։ Մենք մեր բողոքն արտահայտելու ենք քննչական մարմիններին, բայց սպասում ենք ամսի 17-ի հանրահավաքին, որ հավաքվենք, գանք Երեւան, ու միանգամից կդիմենք,- ասում է ազատամարտիկ **Սերիկ Տոնոյանը**։- Մենք վստահում ենք ՀՔԾ պետին, էդ մարդին նայելով կգանք, թե չէ հլը որ հին ռեժիմի մարդիկ են, ոնց նայում ենք, իրենք են, տեսնենք 17-ին ինչ կլինի»։



Նրա ընկերներից **Գեւորգ Ղազարյանը** երեկ կանչվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Ինձ կանչել են ծանուցագրով, ես ժամը վեցին ներկայանալու եմ, պատմելու եմ, թե ինչ է կատարվել ինձ հետ»։ Գ․ Ղազարյանին դատել էին մեկ մարդու վկայության հիման վրա՝ աղբանոցում թափված երկաթյա խողովակներ եւ մետաղյա ձողեր Ֆրանսիայի հրապարակ տեղափոխելու եւ ժողովրդին ներքին զորքերի դեմ հրահրելու համար։ Հետագայում բաց էին թողել համաներմամբ։ «Ես ասում էի, որ նման բան չի եղել։ Ինձ ստիպում էին, որ ասեմ, թե ով է եղել հանրահավաքին ինձ հետ։ Քննիչներն ինձ հարցաքննում էին գիշերային ժամերին, ծեծի էին ենթարկում։ Քննիչներից Վաղինակ Մկրտչյանն անցնում էր իմ կողքով, ձեռքի ոչ թե ափով, այլ դաստակով հարվածում էր դեմքիս ու ասում էր՝ արա, ի՞նչ կապիկություն ես անում, ցուցմունք տուր, քո ընկերները բոլորը գրել են քո վրա»։ Վաղինակ Մկրտչյանը հետագայում՝ 2013 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեց դատավոր, ապա 2017 թվականին վայր դրեց լիազորությունները։



ՀՔԾ-ն այս օրերին հարցաքննության է կանչում նաեւ նախկին պաշտոնյաների։ Նրանց թվում է եղել արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ ՀՔԾ-ից այս տեղեկությունը ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։ Իսկ Գեւորգ Դանիելյանն այն «պրովոկացիա» է համարում՝ իր համար «շատ հասկանալի»։ Սակայն հակված չէ պարզաբանել, թե ինչու է կանչվել եւ ինչ առնչություն ունի դեպքերին, եւ ճի՞շտ է արդյոք, որ նրան կանչել են ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ 2008 թվականին, բացի արդարադատության նախարար լինելը, Գեւորգ Դանիելյանը նաեւ գլխավոր զեկուցողն է եղել արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ հրավիրված ԱԺ հատուկ նիստի ժամանակ։ ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ նիստի ժամանակ նրան նշանակել էր ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ։



Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ **Անդրանիկ Քոչարյանին** հայտնի չէ այդ օրվա դեպքերին առնչվող որեւէ փաստաթուղթ Գեւորգ Դանիելյանի ստորագրությամբ, սակայն նա կարծում է, որ վերջինս ՀՔԾ-ին ասելիք կունենա։ «Կարծում եմ, որ իրեն անպայման կանչած կլինեն, որովհետեւ ինքն է ներկայացրել «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, եւ չի բացառվում, որ ինքն է ներկայացրել նաեւ 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Խաչատուր Սուքիասյան)։ Հնարավոր է, որ նա հիմնավորել է իրավական կողմը եւ որպես Քոչարյանի ներկայացուցիչ՝ քննչական խմբին ասելիք կունենա։ Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը դրանց է առնչվում»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**