Լոնդոնն Իսրայելին կոչ է անում «սթափ ուղեղով դատել»
Իսրայելը բոլոր իրավունքներն ունի՝ արձագանքելու Իրանի հարձակմանը, սակայն Մեծ Բրիտանիան կոչ է անում նրան քայլեր չձեռնարկել, որոնք կսրեն իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։
«Մենք հուսով ենք, որ պատասխան գործողություն չի լինի, բայց դրա փոխարեն աշխարհի ուշադրությունը պետք է շեղվի ՀԱՄԱՍ-ի վրա, նրանք դեռ պատանդներ են պահում»,- ասել է դիվանագետը:
Լրագրողը Քեմերոնին խնդրել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, թե Իսրայելը պետք է «հաղթի»։
«Կարծում եմ, դա ճիշտ է... Ըստ իս, հիմա ժամանակն է՝ մտածելու ոչ միայն սրտով, այլև գլխով, լինել ռացիոնալ և կոշտ», - ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Իրանը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։
Ըստ Իսրայելի պաշտոնական տվյալների, հինգ ժամ տևած հարձակման ընթացքում Իսլամական Հանրապետությունը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 30 թեւավոր հրթիռ և 120 բալիստիկ հրթիռ, որոնք ՑԱԽԱԼ-ի տվյալներով, իրենց նպատակին չեն հասել։ Իրանում, սակայն, հակառակն են պնդում։
Կարծիքներ