Դիմակավորված անձինք մտել են Հարավկովկասյան երկաթուղի (թարմացված)

Դիմակավորված անձինք մտել են Հարավկովկասյան երկաթուղի (թարմացված)
Հենց նոր տեղեկացանք, որ նախօրեին՝ ամսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և իրականացրել գործողություն․ խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովվեցրել է ոչ միայն երկաթուղու ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։



Երկաթգծի ադմինիստրացիան զարմացած է՝ եթե ինչ-որ փաստաթղթեր ստանալու կարիք ուներ ՀՀ իշխանությունը, կարող էին դիմել, իրենք պատրաստ էին տրամադրել՝ առանց մասկի-շոու իրականացնելու։



Մեզ ասացին, որ քիչ անց ՀԿԵ-ն կամ հայտարարություն կտարածի, կամ կարձագանքի վերոնշյալ դեպքին։



**Հ․Գ**․ Հենց նոր մեր ձեռքում հայտնվեց Հարավկովկասյան երկաթուղու հայտարարության նախագիծը, որտեղ Հայաստանի հարկային մարմինների գործողությունները` օգոստոսի 14-15-ի գիշերը, գնահատվել են որպես «ոչ բարեկամական և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող»։



Մենք նաև տեղեկացանք, որ խուզարկությունը կատարվել է հարկեր չվճարելու մեղադրանքի շրջանակներում, որը կազմում է 9.7մլն դրամ՝ ԱԱՀ։



Պարզվում է՝ ՀԿԵ-ն քրեական գործի հարուցման մասին որոշումը չի ստացել, իսկ խուզարկության որոշումը տարվել է օգոստոստի 14-ին՝ ժամը 22։00-ին։ Խուզարկությունը կատարվել է 00։00-ից մինչև 8։30։ ՀԿԵ-ն նաև արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է Հայաստանի օրենսդրության խախտումներով՝ ընթերականները անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել, խուզարկության են ենթարկվել նաև աշխատակիցների անձնական իրերը, և «հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով գործողությանը մասնակցել է նաև «սպեցնազը»»։



ՀԿԵ-ն պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել ՀՀ իշխանություններին։



Ի դեպ, Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նույն օրն [այցելել](https://www.hraparak.am/posts/5b745bea9791db64095cc016/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%AF%D5%B8%D5%BE%D5%AF%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB-%D6%83%D5%A2%D5%A8-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%B5-%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B5%D5%AB%D5%B6) է Նիկոլ Փաշինյանին․ փորձում են հարթել կատարվածը։