Եթե Հայաստանում լինեի, անվերապահ կաջակցեի Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ակցիային

Եթե Հայաստանում լինեի, անվերապահ կաջակցեի Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ակցիային
Նախկին իշխանությունների օրոք Մարտի 1-ի գործով տուժած քաղաքացիները իրավապահ համակարգի դռներն են բախել՝ հուսալով, որ իրենց կլսեն, իրենց ցուցմունքները կլինեն արժեքավոր եւ լույս կսփռեն ողբերգական իրադարձությունների բացահայտման վրա։ Ցավոք, չնայած Մարտի 1-ը բացահայտելու խոստումներին, Սերժ Սարգսյանի օրոք իրավապահ մարմինները ոչ մի գործնական քայլ չարեցին եւ Մարտի 1-ի էջը ժամանակավորապես փակեցին։ Նոր իշխանությունների օրոք իրավապահ համակարգի, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայության գործողությունները Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար որոշակի հույսեր են արթնացրել տուժողների մեջ, որոնք տասը տարի անտեսված էին։ Նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը, որը վերջին տարիներին հանգամանքների բերումով ապրում է Ստրասբուրգում, 2008թ․ ազատազրկվել էր իր քաղաքացիական ակտիվության պատճառով, դատապարտվել, իսկ 2009թ․ հունիսին ԱԺ-ի հայտարարած համաներումով ազատ էր արձակվել։ Գեւորգը ակտիվորեն հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հաճախ էլ գրառումներ է անում սոցցանցերում՝ իր տեսակետները ներկայացնելով տարբեր իրողությունների մասին։



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը Մարտի 1-ի գործի շրջանակներում (ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար), նրա կալանավորումն անսպասելի էին։ Անսպասելի էր նաեւ նրա՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն։ «Շատ վատ եմ վերաբերում։ Սակայն հույսով լցված հավատում եմ նոր իշխանություններին, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին»,- նշեց մեր զրուցակիցը։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերում Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալելուն ուղղված ակցիային։ Գեւորգ Մանուկյանը պնդում է․



«Եթե ես էլ լինեի Հայաստանում, ապա ինքս էլ անվերապահորեն կմասնակցեի եւ կանեի ավելին, քան երեկ արվեց։ Ես կգնայի Բաղրամյան 26 եւ այնտեղի վարձու միտինգիստների գլխին մինիմում երկու արկղ պոմիդոր, երեք արկղ ձու կլցնեի, մեղմ ասած, պոմիդորով ձվածեղ կսարքեի նրանց գլխին»։ «Հնարավո՞ր է, որ ցուցմունք տա որպես տուժող Մարտի 1-ի գործով»,- հարց ուղղեցինք նախկին քաղբանտարկյալին։ «Ես առաջիններից մեկն եմ եղել, որը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի Մարտի 1-ը, նույնիսկ մոտ քսան օր առաջ գրավոր դիմում եմ գրել իմ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջոցով։ Սկզբում Հատուկ քննչական ծառայությունից ինչ-որ պաշտոնյա արձագանքեց, իսկ հետո կորավ։ Ես այդ թեմաների մասին ավելին գիտեմ, քան՝ այլք, բայց շատերին ձեռնտու չէ իմ խոսելը, որովհետեւ․․․»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Գեւորգ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը ոչ թե քսան օր առաջ, այլ ավելի վաղ է դիմում գրել Հատուկ քննչական ծառայություն՝ 2008թ․ դեկտեմբերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին։ «Տեղյակ եմ, որ նյութեր են նախապատրաստվում, քննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չգիտեմ»,- ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։



**Թագուհի Հակոբյան**