«Կոնսոլիդացվողների» մեծ մասն իր կաշին փրկելու մասին է մտածում

«Կոնսոլիդացվողների» մեծ մասն իր կաշին փրկելու մասին է մտածում
**Hraparak.am**-ի հարցերին պատասխանում է ՀՀ մաքսային վարչության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։



-**Ռոբերտ Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու մասին դատարանի որոշումից հետո կա մտահոգություն, որ կարող է լինել հակահեղափոխության ռեւանշ։ Ըստ Ձեզ՝ Ռ․ Քոչարյանը կարո՞ղ է կոնսոլիդացնել հակահեղափոխական ուժերին։**



-Ակնհայտ է, որ ս/թ. ապրիլի 23-ից հետո խոհրդարանական մեծամասնությունը դարձավ այն կորիզը, որը ղարաբաղյան կլանի ռեւանշիստական նկրտումների իրականացման ծանրությունը պետք է իր վրա վերցներ: Բայց դա չստացվեց երկու հիմնական պատճառներով: ա)Ժողովրդական հոծ զանգվածների ճնշումների ամենօրյա ուժգնացման շնորհիվ եւ բ)Ս. Սարգսյանի, այդ անդրկուլիսյան դավադրությունների "գիտակ" համարվողի եւ "նրա" այդ թիմի բաց քաղաքական պայքար մղելու բացառիկ անկարողության հետեւանքով: Այո՛, շահամոլ եւ ստրկաբարո այդ թիմն ու դրանց նախորդները, որոնք ղարաբաղյան կլանի կողմից հավաքագրվել են վերջին 20 տարիներին, երբեք ի վիճակի չեն եղել ազնիվ քաղաքական պայքար մղել եւ պատգամավոր ու նախարար են դարձել իրենց անձնական տարաբնույթ եղկելի՝ ի մասնավորի՝ կաշառատու եւ կաշառակեր հատկանիշների միջոցով:



Փաստորեն այդ թիմի մի քանի "ակտիվ" անդամները վերջին ամիսներին զբաղված էին լեզվակռվով եւ տափակաբանություններով, բայց ոչ քաղաքական պայքարով: Եւս մի հանգամանք իր ազդեցությունն էր թողում Սարգսյանի եւ այդ թիմի անդամների գործունեության վրա՝ հնարավորինս արագ սքողել իրենց անձնական հարստությունները եւ դրանց իրական աղբյուրները: Անտարակույս, ակամա դրան օգնեցին սիրո եւ համերաշխության մասին կարգախոսը եւ հեղափոխությունների ժամանակ օրինականության պահպանման մասին նախադեպ չունեցող հայտարարությունները: Տարօրինակ կերպով հաշվի չառնվեց այն փաստական հանգամանքը, որ վերջին երկու սահմանադրությունների փոփոխություններն ու լրացումները եւ օրենքներում դրանց հետեւանք հանդիսացող փոփոխությունները կարվել են Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի բոյին ու սֆաթին համապատասխան: Այդ հանգամանքի առաջին բացասական առկայծումը եղավ Քոչարյանի կալանավորման մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը Վերաքննիչ դատարանի կողմից, որը հենվեց 2005-ին "ընդունված" սահմանադրական համապատասխան փոփոխության վրա: Սա կարծես կարող է հենք հանդիսանալ իշխանատենչ Քոչարյանի ակնհայտ ձգտմանը՝ գլխավորել հակահեղափոխական ուժերին: Կարծում եմ, որ այդ ձգտումը պատրանքային է, ի դեմս նրա նկատմամբ ժողովրդի անսահման ատելության: Ձեր ասած այդ "կոնսոլիդացվողները" արդեն այն չեն, ինչ երեկ էին: Նրանց մեծամասնությունն այսօր իր կաշին փրկելու մասին է մտածում:



**-Լեգիտիմ խորհրդարան ձեւավորելու համար, ըստ Ձեզ, մոտավորապես ե՞րբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրությունները։**



-Ինչքան շուտ՝ այնքան լավ: Ներկա իրողություններում խնդիրը նոր Ընտրական օրենքի ընդունման մեջ է, որը ձգձգվում է խորհրդարանական հայտնի ուժերի կողմից: Խորհրդարանական այս սաբոտաժին պետք է վերջ դնել: Քաղաքական հրատապ որոշումներ կայացնելու համար տարվա եղանակները նշանակություն չունեն:



**-Ձեր կարծիքով՝ արտաքին քաղաքական ոլորտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ո՞ր շեշտադրումներն են էական փոփոխություններ մտցրել։**



-Հարցը տարողունակ է եւ նուրբ: Այդ իսկ պատճառով իմ պատասխանը թռուցիկ կլինի: Ստիպված եմ արձանագրել, որ այդ շեշտադրումներից առավել կարեւորները առայժմ հիմնականում ակնարկների մակարդակում են: Դա էլ երեւում է հետեւանք է այն սահմանափակ հնարավորությունների, որոնք ստեղծվել են Հայաստանի շուրջը եւ ներսում անցյալ երկու տասնամյակների ընթացքում: Արտաքին հարաբերություններում նորությունը Նիկոլ Փաշինյանի այն խոսքն էր, որը վերբերում էր մեր երկրի ինքնիշխանության շեշտմանը Պուտինի հետ առաջին հանդիպումներից մեկում: Սակայն պետք է նշեմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առայժմ որեւէ լուրջ փոփոխություն չեմ տեսնում: Ռուսական 102-րդ հենակետի զինվորականությունը շարունակում է իր անհարգալի եւ լկտի վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ: Դրա վերջին(առայժմ) օրինակը Փանիկում իրականացրած զորավարժությունն էր: Ռուս զինվորականությունը Մեղրիում ժամանակ առ ժամանակ ինքնագլուխ սահմանափակում է մարդկանց եւ ավտոմեքենաների ազատ տեղաշարժը: Անհանգստացնող է այն հանգամանքը, որը Հայաստանում քննարկման նյութ չի դառնում, բայց որը մեր բնակիչների մի մասին մեծ անհանգստություն է պատճառում: Խոսքը ռուսական ռազմական ինքնաթիռների տեղակայումն է Էրեբունիի եւ Գյումրիի օդակայաններում, որը կատարվել է՝ խախտելով միջազգային համապատասխան կոնվենցիայի պահանջները, ըստ որոնց՝ անթույատրելի է համարվում խոշոր բնակավայրերի սահմաններում ռազմական օդակայանների գոյությունը:



Իսկ ինչ ասենք Լարսի մասին, որտեղ մի քանի օրը մեկ փակվում է Ռուսաստանի դուռը մեր երկրի մարդկանց եւ բեռների առջեւ: Երկու բան ակնհայտ է՝ Լարսի ճանապարհի փակումը որակական մեծ վնաս է պատճառում մասնավորապես հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանումով զբաղվող հայ գործարարներին եւ այն, որ հայկական բեռները մշտական ստուգումների են ենթարկվում, հակասում է ԵԱՏՄ ՄՄ փաստաթղթային կանոններին բեռների ազատ տեղաշարժի վերաբերյալ: Էլ չեմ խոսում ռուսական հակահայկական ամենօրյա խայտառակ քարոզչության մասին: Հայաստան-Արեւմուտք հարբերություններում եւս շեշտադրումների երկկողմ անկեղծության նշաններ չկան: Ինչ վերաբերում է արցախյան հարցին՝ այստեղ եւս զգալի շեշտադրումներ չեմ տեսնում: