Շուկան՝ կոյուղաջրերի և աղբի մեջ․ լուսանկարներ

Շուկան՝ կոյուղաջրերի և աղբի մեջ․ լուսանկարներ
Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող շուկան 10 տարուց ավելի է, ինչ սեփականաշնորհվել է անհատի կողմից, այն պայմանով, որ պետք է այն բարեկարգվեր եւ առեւտրի կենտրոն կառուցվեր՝ տաղավարներով: Սակայն այս տարիների ընթացքում չբարեկարգվեց եւ չտրամադրվեց վաճառականներին: Շուկայի մեջ կոյուղաջրերի լիճ է գոյացել, տարածքը աղբի մեջ կորած է, միրգ-բանջարեղեն վաճառողներն էլ արեւի եւ անձրեւի տակ ճանապարհի եզրին են առեւտուր անում:



Այս վիճակը շատ տհաճ է առեւտրականների համար, քանի որ շուկայի ողջ տարածքը սեփականաշնորհվել է, իսկ սեփականատերերն էլ նորմալ պայմաններ չեն ստեղծում առեւտուր անելու համար. «Սկզբում շուկայի ներսում էինք առեւտուր անում, վարձ էինք տալիս, հետո տեսանք գյուղացիները իրենց ապրանքը բերում են ու չեն մտնում շուկա, մայթին են կանգնում ապրանքը ծախում: Գյուղացին կարող ա տարվա մեջ 10 օր գա շուկա, բայց մենք տարին 12 ամիս կանգնած ենք ու տեղի համար վճարում ենք: Տեսանք, որ այս հարցը չի կարգավորվում, մենք էլ դուրս եկանք, հիմա մայթի վրա ենք կանգնում: Բայց սա էլ խնդրի լուծում չի, գյոզալ շուկան մեջ-մեջ արին, հիմա ներսում դարձել է ավերակ, կոյուղաջրերն էլ լցվել են, գարշահոտությունը տարածվում է ողջ տարածքով: Ոչ տիրություն անող կա, ոչ էլ: Երեւանում մարդիկ առեւտուր են անում տաղավարների տակ, սիրուն, իսկ մենք ողջ տարին՝ անձրեւին, արեւին, ձյանը կոտորվում ենք էստեղ կանգնելով, ով ոնց կարողանում է, պաշտանվում է»,- բողոքում էին առեւտրականները եւ խնդրում նոր իշխանությանը հարցին լուծում տալ, քանի որ նրանք այդ առեւտրով են իրենց ընտանիքները պահում:



Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանին հարցրինք, թե շուկան ո՞ւմ կողմից է սեփականաշնորհվել, եւ ըստ լուրերի՝ շուկայի համասեփականատեր է նաեւ Հրազդանի քաղաքապետի ժ/պ Լիլիթ Ստեփանյանի ազգականը. «Շուկան երկար տարիներ սեփականաշնորված է, ունի մի քանի բաժնետեր: Շուկայի հետեւի հատվածը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Մանվել Բունիաթյանին, ով Վանատուր թաղամասից է: Բունիաթյանը դեռ Արամ Դանիելյանի օրոք մոտեցել է, թույլտվություն է խնդրել շինարարության համար, որ այդ մասում կառուցապատում անի, բայց էդպես էլ ոչինչ չի արվել:



Հիմա այս ամենին ընթացք է ուզում տրվի, գործարարը պատրաստ է կառուցել մեծ առեւտրի կենտրոն: Լինելու է նաեւ գետնանցումով կայանատեղի: Իր հետ կա պայմանավորվածություն, վերակառուցելուց հետո ճամփի եզրին գործող կետերը կտեղափոխվեն՝ այդ մասում աշխատելու համար: Մյուս մասը, որտեղ հիմա միրգ ու բանջարեղեն են վաճառում, ունի սեփականատեր դեռ 91 թվականից: 91 թվականից քաղաքապետի ազգականը` Աշոտ Ստեփանյանը 40% բաժնեմաս ունի այդտեղ, մնացած 60%-ն էլ պատկանում է Աբել Հարությանյանին: Քանի որ սեփականություն է, կա բանավոր պայմանավորվածություն, որպեսզի իրենք իրենց սեփական տարածքում բարեկարգումներ կատարեն, հարմար պայմաններ ստեղծեն, որպեսզի բանջարեղեն վաճառողները նորմալ կերպով վաճառեն: Կարծում եմ, շատ մոտ ժամանակում կսկսվի շինարությունը, քաղաքի համար բարեկեցիկ միջավայրի կապահովվի»,-ասաց Մայիս Պողոսյանը:



**-Պարո´ն Պողոսյան, քաղաքապետարանը տեղյա՞կ է, թե այս պահին ինչ վիճակում է գտնվում շուկան։ Ձեր կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հրազդանում փողոցային առեւտուրը բացառելու ուղղությամբ։**



-Շուկայի ներսում կոյուղաջրերի խնդիր կա, փորձում ենք գտնել լուծումներ: Մենք դիմել ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը, եթե խցանում է, խցանումը կբացեն, բայց այդտեղ կոյուղագծերի խնդիր կա: Փողոցային առևտրի հետ կապված քննարկումներ են եղել, տարվում են աշխատանքներ համայնքապետարանի կողմից: Նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել կոյուղաջրերի խնդիրը, և դրսում վաճառք իրականացնողները կտեղափոխվեն շուկայի տարածք:



**Նելլի Կարապետյան**