Վարչապետս մանուկ է

Վարչապետս մանուկ է
Ժողովրդական հեղափոխությունը, պարզվեց, «ջորու» շարժիչով 06 է, ոչ ավելին: Շարժիչը ժառանգություն է ստացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, թափքն էլ ճարել ենք աղբանոցում: Ու հիմա այդ 06-ով գնում ենք: Ահռելի աշխատանք է տարվել շարժիչն ու թափքն իրար կպցնելու ուղղությամբ: Նիկոլը, սակայն, կապ չունի այդ ավերակի հետ: Ավելի ստույգ՝ այդ ավերակը կապ չունի նրա հետ: Նա նոր Հայաստան կառուցելու կողմնակից է, մինչդեռ երկիրը «ջորու» մատոռի հույսին քարշ է գալիս դեպի անհայտություն:



Նոր Հայաստանն այն չէ, որտեղ մարդուն էն գլխից «մարդասպան» են անվանում ու արգելում խոսել: Ինչո՞ւ են արգելում խոսել, եթե մինչ այս պահանջում էին, որ խոսի: Եկել էր խոսելու, չէ՞: Ես վստահ եմ, որ Փաշինյանը չկազմակերպեց «Էրեբունի» հյուրանոցի խուլիգանությունը: Պարագլուխներին ուրիշ տեղ պետք է փնտրել: Ո՞վ էր վախենում Քոչարյանի խոսքից: Դա այն շրջանակն է, որ 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլին հրահանգում էր ժողովրդին պահել Մյասնիկյանի արձանի մոտ, դա այն շրջանակն է, որ մարտի 1-ին խրախուսում էր խանութների թալանն ու ավտոմեքենաների հրդեհումը, դա այն շրջանակն է, որ մարդկանց հրահրում էր մտնել շրջակա շենքեր, այդ թվում եւ Երեւանի քաղաքապետարան, դա այն շրջանակն էր, որ Ազատության հրապարակի մայդանն առանց զոհի ու վիրավորի ցրելուց հետո դեռ ամեն գնով փորձում էր տապալել սահմանադրական կարգը: Նիկոլն այդ շրջանակի հետ կապ ունի այնքանով, որ ձախողված թկնածուի շտաբի պետն էր ու կատարում էր այդ շտաբի՝ օտարերկրյա դեսպանատների պատուհանների տակ անկարգություններ հրահրելու պահանջը: Եթե սխալվում եմ, Փաշինյանը կարող է ինձ ուղղել: Իսկ ուղղել չի կարող, որովհետեւ Մյասնիկյանի հրապարակում ինքը մենակ չէր, ու նրան ստել չի հաջողվի: Փաշինյանը հասկացա՞վ, թե ինչ ասացի:



Օգոստոսի 17-ին արդեն խոսելու է Նիկոլ Փաշինյանը: Այսօր օգոստոսի 15-ն է: Կարծում եմ՝ դա նրան չի հաջողվելու, իսկ եթե նույնիսկ հաջողվի, ապա միայն ոստիկանության ու անվտանգության մեծաթիվ ուժերի ներգրավմամբ: Խոտորնակին՝ խոտորնակ, պարոն Փաշինյան: Եվ որքան էլ զարմանալի է, Ձեզ լռեցնելու հարցում դարձյալ Դուք չեք մեղավոր: Դա այն նույն հանցագործների խումբն է, որ «մարտի 1» հիշատակ թողեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ երեկ էլ տապալեց ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը, որպեսզի նա չխոսի եւ մանրամասներ չներկայացնի օտարերկրյա խամաճիկների այդ բանդայի՝ ժողովրդի դեմ գործված հրեշավոր գործողությունից:



Պարոն Փաշինյան, Դուք ոչինչ չձեռնարկեցիք, երբ, այսպես կոչված՝ ակտիվիստների խումբը ներխուժեց հյուրանոցի շենք՝ տապալելու ՀՀ երկրորդ նախագահի մամլո ասուլիսը: Այս հարցում արդեն Դուք եք մեղավոր: Ռոբերտ Քոչարյանը հենց այս իշխանության օրոք եկավ եւ կանգնեց դատարանի առաջ: Դրանով Դուք բարձրացաք, բայց գահավիժեցիք, երբ հենց Ձեր իշխանության դատարանի որոշումով ազատ արձակված նախագահին չթողեցիք խոսել: Կարծեմ՝ Դուք եք ասել, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի մտահոգվելու իրավունք ունի: Ահավասիկ, մտահոգ ենք նման անմիտ նախադեպ ստեղծելու հարցում ձեր հանցավոր անգործությունից:



Ասելիքիս միտք բանին սա էր՝ պատրաստ եղեք, օգոստոսի 17-ին կլռեցնեն Ձեզ՝ գործող վարչապետիդ, որը, ցավոք, մանուկ է:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**