Ժողովուրդը՝ իշխանություն

Ժողովուրդը՝ իշխանություն
Աստծո աշխարհում ժամանակը բովանդակազուրկ չի լինում։ Քաղաքակրթության համար ժամանակի բովանդակությունն ազգերի ու ժողովուրդների պատմությունն է։



Պատմությունն իր հերթին սոսկ վիճակագրական շտեմարան չէ, դա մարդկության փորձն է։ Պատմության շարժիչ ուժը եղել ու մնում է մարդու կողմից Աստծո աշխարհի՝ տիեզերքի յուրացման համար արարչագործությամբ մղվող պայքարը։ Կրոնն այն անփոխարինելի դպրոցն է, որտեղ Աստված ուսուցանում է մարդուն բարու ճանաչողությունը՝ որպես արարչության գործի այբուբեն։ Այն միջավայրը, որտեղ մարդը կայանում է որպես անհատ, նրա ազգ-պետությունն է։ Այն, ինչ որ մարդն ունի, հայրենիքինն է, հատկապես՝ հոգին, քանի դեռ նա ապրում է։



Աստված գիտի, թե ինչ է անում։ Ջորդանո Բրունոն, որպես գիտության Քրիստոս, նույնպես խաչվեց, հետո հարություն առավ Նյուտոնի եւ այլոց մեջ, որոնք տիեզերագնացության ճանապարհը հարթեցին մարդկության համար։ Պատմության դերակատարներն ազգերն են՝ իրենց առաքելությամբ։ Ազգերն են իրենց պատմության կերտողները։ Նրանցից շատերն են նահատակվել ու խաչվել, շատ շատերն էլ հաղթարշավի մեջ են գտնվում։



Հայ ազգի պատմական կերպարն ուրիշ է։ Մենք խաչապաշտությունն սկսեցինք՝ մեզ խաչին գամելով։ Մենք մեր ապրած ժամանակների մեծ մասն անցկացրել ենք մեզ խաչողներին որոնելու ու մեղադրելու մեջ։ Այո, մենք խաչի վրա ենք ու ո՛չ մեռնում ենք, ո՛չ էլ հառնում։ Եվ ո՞վ պետք է մեզ խաչից իջեցներ, եթե ոչ մեզ խաչողը՝ մենք ինքներս։ Ով ասես, որ մեր տունը չի քանդել, հողերը չի բզկտել, չի մորթել ու չի գաղութացրել։ Ունեցել ենք մեծ տարածքներ, մեղվի նման գիշեր-ցերեկ տքնող ժողովուրդ, բայց միայն կառուցել ենք եկեղեցիներ ու խաչքարերով զարդարել մեր գյուղերն ու քաղաքները, իսկ ոչխարապահ ազգերը եկել ու ամեն ինչ քարուքանդ են արել։ Սրանից լավ դաս ու դպրոց կա՞։ Հիմա ուզում ենք, որ մեր եկեղեցիներից մինչեւ տոլման ու քյաբաբը, որպես հայկական պատմամշակութային արժեքներ, գրանցվեն աշխարհի չգիտեմ ինչ գրքերում ու կազմակերպություններում։ Մեկը չեղավ, որ ասեր՝ բա դարերով լինելով տարբեր ազգերի ոտքերի տակ, մեր պետական նամուսն ո՞ւր է, ինչո՞ւ չի ծնվում։ Գոնե պարսատիկի պես մի բան չենք ստեղծել՝ պաշտպանվելու համար, միայն ստամոքսի ու գրչարարության մասի՞ն եք մտածել՝ վեղարի տակ թաքնվելով։ Բա մեր պետականության Քրիստոսն ո՞ւր է։ Լավ է, որ ծռերն ու ֆիդայիներն այս մի կտոր հողը գոնե կարողացել են փրկել, այլապես մեր պատմագիրների մատյանները դնելու տեղ չէինք ունենա։



Արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ մենք մերոնցով ենք, անկախ ենք եւ ունենք մեր պետականությունը։ Մի՞թե մեր ազգային բաղձանքն այսօրվա այս քրջի բազարն էր՝ իր քաղաքական կինտոներով հանդերձ։ Բանից պարզվում է, որ մեր նախագահներն ու իշխանավորները ավազակաբարո, հայ ժողովրդի հետ ընդհանուր ոչինչ չունեցող, մեր ազգի պատմական առաքելությունը չգիտակցող, պետականադավ ու ազգադավ բախտախնդիր անձինք են եղել։ Բա մեր աչքերն ո՞ւմ գրպանում էին։



Արցախյան ազատամարտը զինադադարով չի ավարտվել։ Հայաստան պետությունն ազատամարտիկներին պետք է սահմանի վրա ու դիրքերը հաց ու զենք հասցներ, սակայն նա միայն մեր տղաներին թշնամուն որպես զոհ է մատուցել։ Քոչարյանն ու Սերժը ճակատից եկան, որ զինվորներին հաց տանեին։ Այդ «հաց բերողները» եկան, զինվորի հայրական տունը սարքեցին կազինո, սկսեցին սատկած առյուծ հեծնել, ուռել ու արջեր կերակրել։ Եվ այսպես նրանք կերկոխ եղան ու որջավորվեցին իրենց ժողովրդի դեմ։ Սա՞ էր դրանց կատարած հերոսական ծառայությունն ազգի համար։ Ի՞նչ քրեական պատասխանատվություն, ի՞նչ պատիժ, ի՞նչ հատուցում։ Վաղը եթե դատարանը նույնիսկ սրանց արդարացնի ու մի-մի յաշիկ էլ տուշոնկա տա՝ որպես նստածի դիմաց փոխհատուցում, դրանք ժողովրդի ձեռքից, միեւնույն է, չեն պրծնի։ Այ մարդ, դրանցից մեկը գոնե ժողովրդին ներկայանար զղջման խոսքով։ Չէ՜, դրա փոխարեն ամեն մեկը դատապաշտպան կոչվող մի բանակ ճուռճուռներ է հավաքել, որ գլուխներս տանեն։ Բա դրանց մսուրակից կուսակցություննե՞րը, բա ստորագրահավաք կազմակերպողնե՞րը։ Սրանք Քոչարյանին փրկելով՝ իրենց են ուզում փրկել կամ էլ գոնե առեւտուր անել իշխանության հետ, էլ չգիտեն, որ շուտով իրենց աղբանոց ենք ուղարկելու։ Ժողովուրդն է ոտքի կանգնած՝ արհամարհված, տրորված, խաբված ու հայրենազրկված ժողովուրդը։ Էս ի՞նչ կարգեր են հաստատված եղել Հայաստանում, մի՞թե մեր ժողովրդի ճանապարհը խոպանն էր, մարմինը՝ ազերիներինը, իսկ տունը Քոչարյանի բանկերինը պետք է լիներ։



Մենք ինչի՞ց ենք խաբար։ Հայաստանում գործող շատ ձեռնարկություններ, նախկինում գործելով ստվերում, անուղղակի ճանապարհներով սնվելով մեր պետբյուջեից, աշխատել են «շահույթով»։ Դրանք արդեն գործելու են օրինական դաշտում։ Սնանկացումը հեռու չէ։ Իսկ շատերն էլ, գտնվելով մենաշնորհային հարթության մեջ, այնքան են հարստացել, որ նրանց հետ մրցակցելն անհնար է։ Այս երկու հանգամանքը, վաղ թե ուշ, նշանակալի չափով դեֆորմացնելու է մեր տնտեսությունը։



Թող ուրիշ պետություններն ատոմային ռումբ սարքեն։ Հայաստանն ունի աշխարհի ամենահզոր զենքը՝ ժողովրդավարություն ու բաց քաղաքացիական հասարակություն։ Հայաստանի արվեստագետները, գիտնականները, բժիշկները, այսինքն՝ մտավորականները, այսօր գաղափարական զորակցություն են հայտնել մեր նոր իշխանություններին։ Վերջապես հայ ժողովրդի ու Հայաստանի իշխանության նպատակներն օբյեկտիվորեն համընկել են։ Եկեք շրջադարձենք մեր պատմությունը դեպի ազգային գաղափարական ու տնտեսական վերածնունդ, եկեք դավաճաններ ու բախտախնդիրներ չկերակրենք, չթողնենք, որ երեկվա հանցավոր իշխանավորներին գրկած ու փայփայած քաղաքական ուժերը վերարտադրվեն ու քաղաքական սերունդ տան պետական նոր իշխանության մեջ։ Սա՛ պետք է լինի մեր ազգային քաղաքական ինքնագիտակցության զարթոնքը։ Մեզանից ոչ մեկն արդեն հիմքեր չունի մտածելու, որ մեր հեղափոխությունն իր նշանակետը չի խոցել։ Փառք Աստծո, ունենք անդավաճան առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Իսկ վերջերս ստեղծված այն տպավորությունը, որ պետական բարձր պաշտոններն զբաղեցնում են սակավ փորձի տեր մարդիկ, կամ չեն համապատասխանում տվյալ պաշտոնին, գալիս է նրանից, որ մաքուր անցյալ ունեցող փորձառու մարդիկ քիչ կան, իսկ իշխանության մեջ քաղաքացիական ազնվությունն ու հայրենասիրությունն առաջին տեղում պետք է լինեն։



Գիտե՞ք, թե ինչքան անելիք կա։ Թումանյանի խոսքերով ասած՝ ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսնավ էս հողին։ Պետք է վերականգնվի մեր տնտեսությունը։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցական սուղ հնարավորություններ ունեցող երկրի տնտեսությունը չպետք է հիմնվի արտասահմանյան շուկայի վրա՝ ներկրման առումով։ Պետք է մեր տնտեսության մեջ ներդրվեն մեր մասնագետների կողմից մշակված նորարարական առաջատար տեխնոլոգիաներ, հատկապես՝ բնակարանաշինության, քիմիական արտադրության, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության բնագավառներում։



Այսօր Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հաղորդակցվեն միմիայն հարկային օրենսգրքի միջոցով։ Արդեն մեր պետբյուջեն մուրացիկ լինել չի կարող, իսկ ժողովուրդն աղքատության ու գործազրկության մեջ այլեւս չի տապակվի։ Հայաստանի բիզնես միջավայրում խախտված են եղել ազատ մրցակցության բոլոր կանոնները։ Ով իշխանությունում չի եղել, նա ոչինչ անել չի կարողացել։ Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում բիզնեսն ազատագրելու ուղղությամբ, պետք է արագացվի։ Մենք օգոստոսի 17-ին կրկին կհավաքվենք Հանրապետության հրապարակում՝ միասին նշելու մեր թավշյա հեղափոխության հաղթանակի եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրը։ Ամուր պետականության կառույցի հիմնաքարն արդեն դրված է։ Մեզ մնում է շարունակել գործը նորանոր տեմպերով եւ տեր կանգնել մեր հաղթանակին։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_