Զավեշտը գնալով ավելի ու ավելի է խորանում

Զավեշտը գնալով ավելի ու ավելի է խորանում
Զավեշտը գնալով ավելի ու ավելի է խորանում. մեր նոր իշխանավորները ի լուր աշխարհի հայտարարում են, որ Հայաստանը արդեն ժողովրդավարական երկիր է, ու դա շատ վտանգավոր է, քանի որ եթե Հայաստանի ներսում քաղաքականապես տգետ մասսան իրենց հավատում է, ապա օտար երկրների ղեկավարները բնականաբար իրենց հավատալու ոչ մի հիմք չունեն, ընդհակառակը, նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանում ավտորիտարիզմը որակապես մի նոր փուլ է մտել, և որ Սերժիկի օրոք եթե գոնե ինչ որ չափով կարող էին արձանագրել, որ Հայաստանում գոյություն ունի շատ թե քիչ բաց հասարակություն, ապա հիմա արդեն դա ասել չեն կարող, ու Հայաստանում արդեն ավտորիտարիզմը այնքան է խորացել, որ լրիվ համահունչ է այն երկրների (Ռուսաստան, Ղազախստան և այլն) ավտորիտարիզմին, որոնց հետ միևնույն համակարգի մեջ է գտնվում:



Այսինքն՝ եթե Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեռևս մի քանի ամիս առաջ գիտեր, որ իր ղեկավարությունը իրեն չի ներկայացնում, ու շատ արդարացիորեն չէր հավատում և վստահում այդ ղեկավարությանը, ապա այսօր արդեն այդ հանգամանքը չի գիտակցում, և բոլորովին չհիմնավորված կերպով հավատում ու վստահում է ղեկավարությանը, որը իրականում, ինչպես որ նախորդ ղեկավարությունն էր, իրեն չի ներկայացնում: Մեր նորաթուխ ղեկավարության անդամներից ոմանք օտար երկրների ներկայացուցիչների հետ զրուցելիս նույնիսկ տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն են անվանում... երևի նրանք կարծում են, որ օտար երկրների ներկայացուցիչները մեր միամիտ ժողովրդի նման չգիտեն թե ինչ ասել է հեղափոխություն: Ինչևէ, օտարները իրենց սովորության համաձայն ոչինչ չեն ասի, ուղղակի կժպտան ու կճանապարհեն մերոնց, բայց մտքների մեջ շատ վատ կարծիք կկազմեն վերջինների մասին, որը վերջնարդյունքում իր բացասական հետևանքները կունենա մեր երկրի համար, քանի որ նրանք չեն սիրում, երբ ինչ որ փոքրիկ ու հետամնաց երկրի ավտորիտար ռեժիմի կիսագրագետ չինովնիկները փորձում են իրենց խաբել ու մոլորեցնել:



Օտար երկրների ղեկավարները ի տարբերություն մեր չինովնիկների քաղաքագիտություն են սովորել, ու ըստ այդմ հասկանում են, որ քանի դեռ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից ստեղծված ավտորիտար գոտում, երբեք չի կարողանա ժողովրդավար ու իրավական երկիր դառնալ, այլ ընդհակառակը վերջնականապես կընկղմվի ավտորիտարիզմի ճահճի մեջ, ու դրա վառ ապացույցն այսօրվա իրադարձություններն են, երբ արդեն Նիկոլին քննադատելը անթույլատրելի մեղք ու հայրենիքի դավաճանություն է համարվում, նույն այնպես ինչպես որ Ռուսաստանում Պուտինին քննադատելը, կամ Ղազախստանում Նազարբաևին քննադատելը:



Կամ եթե ինչ որ վատ բան այնուամենայնիվ պիտի բարձրաձայնվի, ապա դրա մեղավորության մեջ կարելի է մատնացույց անել ցանկացած չինովնիկի, սակայն ոչ միայն Նիկոլին, նա արդեն անձեռնմխելի է (արդեն Պուտինի օրինակով Նիկոլի իկոնաներն են ոմանք նկարում), ու սա արդեն ահավոր է, քանի որ սա տիպիկ ավտոկրատիայի դրսևորում է, որը, ինչպես գիտենք, ավտորիտարիզմի ավելի խորացված տարբերակն է: Կարճ ասած, այս ամենը սպասելի էր, քանի որ Ռուսաստանի հետ միևնույն համակարգում գտնվելը բնականաբար կբերեր սրան, այլ բան ուղղակի անհնար էր սպասել:



**Թորոս Ալեքսանյան**