Գումար կտրամադրվի միայն ծառեր տնկել խոստացողների՞ն․ Փաշինյանի հայտարարությունը ոգևորել է գյուղացիներին

Գումար կտրամադրվի միայն ծառեր տնկել խոստացողների՞ն․ Փաշինյանի հայտարարությունը ոգևորել է գյուղացիներին
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Հաղարծինցիների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իր հետ նվեր է տարել՝ 140 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի տեսքով․ «Այն բնակիչները, որոնք, առանց բնությանը վնաս պատճառելու, նոր գործունեություն կծավալեն, չորանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն, կստանան աջակցություն: Դա լինելու է ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ: 2000-3000 դոլար կտրվեն այն բոլոր հաղարծնեցիներին, ովքեր ծրագրեր կներկայացնեն մարզպետարան»։



Մեր տեղեկություններով՝ այս հայտարարությունից հաղարծինցիները ոգեւորված դիմել են վարչական շրջանի ղեկավարին՝ թե ինչպես կարող են գումար ստանալ, որպեսզի գործունեություն ծավալեն։ Սակայն շրջանի ղեկավարը նշել է, որ խոստացված գումարը կտրամադրվի այն անձանց, ովքեր ծրագիր կներկայացնեն ծառեր տնկելու վերաբերյալ։



Հաղարծինի ղեկավար Գեւորգ Թամրազյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ինֆորմացիա չունի, թե այդ գումարները ինչպես են բախշվելու․ «Ես չգիտեմ այդ գումարները ինչպես են բախշվելու, ուղղակի վարչապետը հայտարարել է, որ կա նման ծրագիր որով օգնելու են գյուղատնտեսական տնտեսություններին փոքր բիզնես դնելու կամ եղածը ավելի զարգացնելու , իսկ կոնկրետ ինչպես՝ ես ինֆորմացիա չունեմ։ Իմ կարծիքով՝ դա կարող է լինել եւ տուրիզմի բնագավառում ներդրում, եւ առեւտրի, եւ գյուղատնտեսության, մի ոլորտին չի կարող վերաբերվել։ Ամեն դեպքում ես չունեմ ձեռքիս տակ մի փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե այդ գումարները ինչ ուղղությամբ կարող են ծախսվել կամ ով կարող է ստանալ։ Ես առավոտյան զանգել եմ մարզպետարան՝ խնդրելով ինձ տեղեկացնեն խոսքը ինչ ծրագրերի մասին է, ինձ խոստացան, որ այս շաբաթվա վերջին կհստակեցվի ամեն ինչը, եւ մարդիկ կարող են տեղեկանալ թեկուզ կայքից, հայտարարություն կփակցնեն»։



Թամրազյանի խոսքով՝ հայտարարությունից հետո բազմաթիվ գյուղացիներ, անգամ կողքի գյուղերից զանգահարում են իրեն, գնում իր աշխատատեղ՝ հետաքրքրվելով այդ հարցով․ «2-3 օր է, չեք պատկերացնի, զանգահարում, գալիս կողքի համայքներից։ Քանի որ ես չունեմ կոնկրետ ինֆորմացի, չեմ կարող տեղեկացնել մարդկանց»։



**Աննա Պապիկյան**