Ռոբերտ Քոչարյանին ընտրողներն էլ կարող են դուրս գալ փողոց և իրենց կարծիքն արտահայտել

Ռոբերտ Քոչարյանին ընտրողներն էլ կարող են դուրս գալ փողոց և իրենց կարծիքն արտահայտել
Հուլիսի վերջն ու օգոստոսի սկիզբը անակնկալներ մատուցեցին ամառվա տապից նեղվող հայաստանցիներին։ Նախ Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հետո Վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոցը։ Ազատության մեջ հայտնվելուց հետո Քոչարյանը փորձեց մամուլի ասուլիս հրավիրել, բայց դա էլ տապալվեց բողոքի ցույցի դուրս եկած ակտիվիստների ջանքերով։ Ակնհայտ է, որ ապրիլյան հեղափոխությունից հետո այլեւս գործադիր իշխանությունների հրահանգներից ձերբազատված դատական համակարգը կանգնած է լուրջ տրանսֆորմացիաների, փոփոխությունների անհրաժեշտության առջեւ, եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան գործելու լուրջ խնդիրներ ունի։ Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ նոր Հայաստանում առաջին դեպքը չէ, երբ փոխում են կալանավորված պաշտոնյայի խափանման միջոցը։



Նա հիշեցնում է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցն էլ սկզբում փոխեցին, հետո նորից կալանավորեցին։ «Եթե ոստիկանության պետը հրահանգում է կաշառք չվերցնել, կարծում եմ, որ ինչ-որ չափով իրագործելի ու վերահսկելի է՝ վերադաս-ենթակա հարաբերությունների շրջանակում։ Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա խոր անվստահություն ունեմ այսօրվա դատական համակարգի նկատմամբ, որովհետեւ այն խիստ կոռումպացված է՝ լինի իշխանության պատվերը կատարելու թե կաշառք վերցնելու տեսանկյունից։ Սկսած դեռ սովետական տարիներից, 20-ական թթ.երից։ Եվ երբ իրենք մնում են առանց պատվեր կատարելու, չեմ կարծում, թե առաջնորդվում են օրենքի գերակայությամբ։ Ես կարծում եմ, որ քչերն են այդպես վարվել։ Այսինքն՝ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելը չեմ համարում դատարանի անկախության նշան։ Եթե նկատի ունենանք, որ դատավոր Ազարյանը աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, որտեղ գործում էր իշխանության ուղղահայացը, յուրայինների ու օտարների խիստ տարբաժանումը»,- նկատեց Վահրամ Մարտիրոսյանը։



Մեր դիտարկմանը, որ այսօր էլ սոցցանցերում, հանրային հարթակներում, փողոցում են հնչում արդարադատություն իրականացնելու պահանջները, եւ որքանո՞վ են դրանք օրինաչափ, Վահրամ Մարտիրոսյանն արձագանքեց․ «Սոցցանցերում ես տեսնում եմ, որ կան տարբեր գործիչների կողմնակիցներ, որոնք հավասարապես ակտիվ են, երբեմն՝ ագրեսիվ։ Ինչ վերաբերում է փողոցին, ապա եթե հասարակության մի հատված որոշում է հավաքների միջոցով արտահայտել իր տեսակետը, դա իր սահմանադրական իրավունքն է։ Ռոբերտ Քոչարյանը տասը տարի եղել է ՀՀ նախագահ, տասը տարի էլ նրա նախընտրած թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, ընդհանուր հաշվով՝ քսան տարի։ Եթե հետեւենք իրենց հայտարարած արդյունքներին, իրենց օգտին միլիոնավոր մարդիկ են ձայն տվել։ Թող այդ մարդիկ էլ դուրս գան փողոց, իրենց կարծիքն արտահայտեն, պաշտպանեն ազատ խոսքի նրա իրավունքը՝ ի պատասխան հակաքոչարյանականների, որոնք տապալեցին նրա մամուլի ասուլիսը։ Ի դեպ, քիչ առաջ տեսա, որ մի խումբ մարդիկ անգլերեն հսկա պաստառներով աջակցում էին Քոչարյանին Բաղրամյան-26-ի դիմաց»։