Եթե Քոչարյանը տեղյակ չի եղել, դրա համար ավելի ողջամիտ մեղադրանք կա

Եթե Քոչարյանը տեղյակ չի եղել, դրա համար ավելի ողջամիտ մեղադրանք կա
«Ես չէի ասի ապօրինի. ապօրինի, դա իրավական կատեգորիա չէ, ինչի մասին երեկ ՀՔԾ-ն խոսեց, այստեղ ես կնշեի, որ ակնհայտ անարդար դատական ակտի հետ գործ ունենք։ Մենք կազմակերպությունով մեկ ու կես ամիս առաջ դիմել ենք Գլխավոր դատախազին` տեղեկություն ստանալու Հայաստանի Հանրապետությունում քրեական օրենսգրքով սահմանված անարդար դատական ակտ կայացնելու փաստերով երբեւէ քրեական գործ հարուցվե՞լ է, մեզ չեն պատասխանել»։



Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպանական ՀԿ-ի փաստաբան Արայիկ Պապիկյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշմանը։



Նա նշեց, որ վստահ կարող է ասել` այդ հոդվածով որեւէ դատավոր պատասխանատվության չի ենթարկվել։ Ըստ նրա` ՀՔԾ-ի երեկվա հայտարարությունը զգացմունքային էր. «Ավելի լավ էր հայտարարեր անարդար դատական ակտ, ոչ մի պետական մարմին զգացմունքային հայտարարություն անելու իրավունք չունի»։ Պապիկյանը նաեւ նշեց` եթե Քոչարյանը տեղյակ չի եղել գործողություններից, ապա դրա համար եւս պետք է մեղադրանք առաջադրվի.



«Եթե տեղյակ չի եղել, ցուցաբերել է անտարբերություն, դա հավասար է դավաճանության։ Գերագույն հրամանատարը տեղյակ չի եղել, դրա համար ավելի ողջամիտ մեղադրանք կառաջադրվի, հսկող դատախազները պետք է ավելի ուշադիր լինեն, որպեսզի դատարանում այդպիսի աճպարարություններ տեղի չունենան»։



Ասուլիսի մյուս բանախոս Նինա Կարապետյանցն էլ նշեց, որ ցանկացած անձ անկախ պաշտոնից, նախկինում ստացած պարգեւներից, եթե կատարել է հանցագործություն, պետք է պատասխանատվության ենթարկվի. «Մենք այս իրավիճակում լյուստրացիա ունեցանք։ Հեղինակություն ունեցող մարդիկ իրենց գործունեություններով ցույց տվեցին իրենց դեմքը, սա շատ կարեւոր իրավիճակ է։ Հասարակությունը պետք է գնահատական տա։ Ճիշտ է, մարդկանց մոտ զայրույթ է առաջացել, որ ունեցել են զոհեր, խնդիրներ, իսկապես սա բացառիկ դեպք է, ու հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ պետք է նստի ամբաստանյալի աթոռին։ Հետ քայլ չկա»։