Քարոզչությունն էլ պատերազմ է

Քարոզչությունն էլ պատերազմ է
Ադրբեջանում 30 տոկոսով բարձրացել է հասարակական տրանսպորտի սակագինը: Մասնագետները կանխատեսում են, որ մոտ ապագայում կթանկանան բենզինը, դիզվառելիքը եւ քսայուղերը: Չնայած իշխանության գործադրած ջանքերին, ադրբեջանական տնտեսությունը չի կարողանում հաղթահարել նավթի գներից կախվածությունը: Որոշ ծրագրերի իրականացման համար կառավարությունը ստիպված է միջազգային բանկային կառույցներից վարկեր վերցնել: Ֆինանսական բնագավառի փորձագետների կարծիքով՝ եկող տարեսկզբից կենտրոնական բանկը չի կարողանա վերահսկել ազգային արժույթի փոխարժեքը: Այդ դեպքում, ինչպես նրանք են ասում, ԱՄՆ 1 դոլարը կարժենա 3 ադրբեջանական մանաթ: Իրականում այսօր դոլար-մանաթ փոխարժեքը մեկի դիմաց երկուսուկես է: Ադրբեջանի կառավարությունը ստիպված է եղել բարձրացնել երկիր ապրանքների ներկրման դիմաց գանձվող մաքսատուրքերը: Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակն, այսպիսով, շատ հեռու է բարեկեցությունից, թեեւ իշխանությունները հակառակն են պնդում:



Այս իրավիճակում ադրբեջանական քարոզչությունը շարունակաբար գեներացնում է «Հայաստանի աղետալի վիճակի» թեման: Խնդիրը ներկայացվում է շատ պարզունակ կաղապարով՝ Հայաստանը «մեկուսացված է տարածաշրջանային բոլոր ծրագրերից, երկրի արտաքին պարտքն աճում է, չկա տնտեսական զարգացման որեւէ հեռանկար»: Նման քարոզչությունն ունի երկու թիրախ: Առաջինը սեփական հանրությունն է, որին հետեւողականորեն ներշնչվում է Հայաստանի նկատմամբ«սոցիալ-տնտեսական առավելության» գաղափարը:



Երկրորդ դեպքում ադրբեջանական քարոզչությունը փորձում է հայ հանրությանը համոզել, որ Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորմամբ, երբ կբավարարվեն Ադրբեջանի հետաքրքրությունները, ինչից հետո միայն Հայաստանի համար կբացվեն կոմունիկացիաները, կստեղծվի տարածաշրջանային ծրագրերին նրա մասնակցության հնարավորություն: Ի դեպ, այդ հարցին բաց տեքստով անդրադարձել է նաեւ Իլհամ Ալիեւը՝ հայտարարելով, որ եթե ԼՂ հարցում Հայաստանի նոր իշխանությունները շարունակեն նախորդների ուղեգիծը, ապա Ադրբեջանը «կշարունակի թուլացնել Հայաստանին»: Դա Բաքվի պետական քաղաքականությունն է, որը 1988 թվականից ի վեր իրականացվում է անփոփոխ: Այդ քաղաքականությունը, ինչպես անցած տարիների փորձն է վկայում, նպատակ ունի ԼՂ հարցում հասնել հայկական կողմի զիջումներին: Հայաստանում իշխանափոխությունից հետո Բաքվում հույս էին փայփայում, որ Երեւանի դիրքորոշումը կփոխվի: Դա տեղի չունեցավ: Ավելին, նոր իշխանությունն ավելի համարձակ է ձեւակերպում հայկական կողմի սպասելիքները: Այդ հանգամանքը Բաքվին ստիպում է քարոզչական տիրույթում մեծացնել ճնշումները: Ամենայն հավանականությամբ, քարոզչական այդ դիմակայությունը շարունակվելու է նաեւ առաջիկայում: Քարոզչությունը նույնպես պատերազմ է, իսկ պատերազմում միջոցների ընտրություն չեն կատարում, օգտագործում են ամբողջ զինանոցը: Բայց ի՞նչ է դրան հակադրում հայկական կողմը: Ո՞րն է մեր քարոզչության հիմնական դոկտրինը...