Ռուդոլֆ Խառատյանը բարձրաձայնում է «Գայանե» բալետի տապալված հյուրախաղերի եւ օպերային թատրոնից իրեն հեռացնելու մասին

Ռուդոլֆ Խառատյանը բարձրաձայնում է «Գայանե» բալետի տապալված հյուրախաղերի եւ օպերային թատրոնից իրեն հեռացնելու մասին
_Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ_



**- Պարոն Խառատյան, վերջերս «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում, ու մինչ հայաստանյան մամուլը «ուռա»-ներով էր արձագանքում այդ հյուրախաղերին, ռուսական մամուլում այն խիստ քննադատության ենթարկվեց, մասնավորապես «Կոմերսանտը» քննադատել է «Գայանեի» թե՛ լիբրետոն, թե՛ խորեոգրաֆիան, որը, ըստ թերթի, 70-ականների հնացած խորեոգրաֆիա է եւ այլեւս ակտուալ չէ։ Նաեւ բալետային խմբին՝ ընդհանուր, ինչպես նաեւ առանձին կատարողներին է անդրադարձ արվել։ Հեղինակի՝ Տատյանա Կուզնեցովայի կողմից չի ներվել ոչ մի թերացում, ավելին՝ վերջում հոդվածն ավարտել է այն մտքով, որ սա գուցե Երեւանի օպերային թատրոնի առաջին եւ վերջին հյուրախաղերն էին Մեծ թատրոնի բեմում։ Տխուր պատկեր է ստացվում, ինչո՞ւ, ո՞րն է դրա պատճառը, եւ ճի՞շտ էր արդյոք «Գայանե»-ով ներկայանալ Մեծ թատրոնում։**



-Փաստն այն է, որ «Գայանեն» տարան, ու Հայաստանը մեծ ցնծություն էր ապրում, բայց ես շատ վատ էի զգում այդ փաստից, առաջինը՝ մեր երկրի համար, որովհետեւ այս ներկայացումը ներկայացնում է մեր միտքը, թե որտեղ է հասել այն, բայց իրականում սա չէ մեր միտքը։ Ես հոդվածագրի փոխարեն կասեի՝ ոչ թե 70-ականների, այլ 60-ականների սկզբի խորեոգրաֆիա, երբ դեռ նոր էին վարակվում Գրիգորովիչով։ Իսկ այդ նույն ժամանակ դրսում բալետը շատ արագ զարգանում էր, ու եթե սովետական շրջանում մեզ մոտ զարգանում էր կատարողական արվեստը, այդ նույն ժամանակ դրսում միտքն էր զարգանում, շատանում էին մտածողները, որոնց միտքն արտացոլվում էր բեմի վրա։ Մտքի ազատությունը, որը կարող է ձեւավորվել բեմի վրա՝ որպես գաղափար, մեզ մոտ էլ կարող է լինել, որովհետեւ մեր կատարողներն էլ են շատ լավը, բայց նրանց ասել են՝ սա կատարեք, նրանք էլ դա են կատարում։ Ցավն այն է, որ մեր ղեկավարները հեռատես չեն կամ չեն ճանաչում այսօրվա արվեստն ընդհանրապես, որ ուղղություններն են զարգանում, ուր է գնում արվեստը, ու դրանց պատճառով մեր երկրի համար նման ամոթալի գրախոսություն է գրվում։ Մեր լավագույն պարողին կարելի էր, իհարկե, ներկայացնել նաեւ ավելի լավ, ոչ թե փորով կոմսոմոլի քարտուղարի նմանեցնել․ իհարկե, դրա մեջ վիրավորական բան կա։ Եթե, օրինակ, նա «Ռոմեո եւ Ջուլիետ» պարեր կամ «Զույգ արեգակներ», «Բոհեմ», որ ես բեմադրեցի, այդպես չէր նայվի, ուրիշ մտածելակերպ կերեւար՝ այսօրվա մոտեցումները, գաղափարները, թե ոնց կարող է միտքը ձեւակերպվել բեմի վրա։



**- Ո՞վ է այս ամենի համար մեղավոր։**



-Այս ամենի մեղավորությունը կարելի է դնել 2-3 մարդու վրա, որովհետեւ իրենց սխալ որոշումն է։ Ես շատ եմ ասել՝ այս ներկայացումը լոկալ ներկայացում է, ինքը ոչ մի հարց չի լուծում, անգամ թանգարանային էլ չէ, այլ անհասկանալի ֆոլկլորի, ազգագրականի, եւ դեռ բալետային արվեստի չհասած ինչ-որ գաղափարներ են։ Ինչ խոսք, մեր ազգագրականը հզոր է, Գագիկ Գինոսյանը եւ Կարեն Գեւորգյանը շատ հետաքրքիր լուծումներ ունեն ու իրենք ազգագրականով արդեն զբաղվում են, բայց այսօր բալետային բեմի վրա տրեխներով, փափախներով, սապոգներով չես կարող հարցեր լուծել։ Սրանով անգամ տեղի ժողովրդին չի կարելի դաստիարակել։ Ու, իհարկե, չարժեր շեփորահարել, որ մենք գնացինք, հաղթեցինք՝ այն դեպքում, որ ռուսական մամուլն արդեն կանխորոշում է, որ սա գուցե վերջին հյուրախաղերը լինեն։ Այսինքն՝ ի՞նչ, մենք այլեւս մուտք չե՞նք ունենալու Մեծ թատրոնի բեմ։



Ասեմ նաեւ, որ մեր երիտասարդ նախարարի հետ հանդիպման ժամանակ ես նրան ցույց տվեցի մի գրություն, որտեղ եվրոպական էսքպերտների կողմից գրված էր այս ներկայացման մասին, եւ որ պետք չէ այս ներկայացումը ներկայացնել դրսում՝ որպես մեր մտքի բարձրագույն արտահայտություն, բայց երեւի նա ականջալուր չեղավ դրան։ Նույն այդ գրությունը տվել եմ Օրբելյանին։ Իրենք տեղյակ չեն, չգիտեն, թե այսօր ինչ գաղափարներ կան, ու այսքանից հետո անտեսվեց իմ զգուշացումը, եւ սրա հիմքում մենք կրկնօրինակում ենք ռուսական ձեւերը։



**- Ասացիք, որ 2-3 հոգու կարելի է վերագրել այս ամենի մեղավորությունը․ ովքե՞ր են այդ մարդիկ՝ Օրբելյա՞նը, նախարա՞րը, որովհետեւ, ի վերջո, պարողները քաղաքականություն թելադրող չեն։**



-Նախարարն ի՞նչ իմանա, երիտասարդ աղջիկ է եւ դեռ չգիտի ոլորտը։ Նախարարը պետք է լինի լավ մենեջեր ու կարողանա լսել, հասկանալ, թե որ կողմն ենք գնում, ընդհանուր գաղափար ունենա արվեստի զարգացման մակարդակներից։ Սա շատ կարեւոր է, իսկ թատրոնի ղեկավարության համար թե ով է որոշումն անում, ով է թելադրում, եւ այս ինքնավստահ ձեւերը ցույց են տալիս, որ անտեղյակ են այս մարդիկ, թե թատրոնն ուր պետք է գնա։ Մեր օպերային թատրոնն այսօր, գաղտնիք չէ, խաղացանկ չունի, չգիտի, թե ուր են գնում, ուր են տանում, այնինչ թատրոնը պետք է ունենա շատ հստակ տեսլական, եւ խաղացանկը ցույց է տալիս քո մշակութային քաղաքականությունը, թե ինչ ճանապարհով ես տանում։ Երբ ես հարց տվեցի մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին, թե որն է մեր թատրոնի, խաղացանկի հայկականությունը, ինքն ասաց՝ էդ ո՞րն է…։ Այսինքն՝ այս պրիմիտիվ բաների մասին էլ գաղափար չունեն։ Իմ հերթական ներկայացումը պետք է լիներ «Շերբուրգյան հովանոցները», որը պետք է լիներ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Ամեն ինչ կարծես ստացվեց, ես հանդիպեցի Միշել Լեգրանի հետ, ինքը հավանեց սցենարը, երաժշտական ընտրությունները, օպերային թատրոնի գեղխորհուրդը հաստատեց այն, մշակույթի նախարարությունը բյուջեն հստակեցրեց, ֆրանսիական դեսպանատունը խոստացավ, որ դիզայներներ կտա, բայց արդյունքում ոչինչ էլ չեղավ։ Երբ հարցրի Օրբելյանին՝ ինչու չի լինում, ասաց՝ ես էդպես եմ ուզում, ես եմ ղեկավարը…։ Ու այս վիճակի մեջ իրենք մեր բախտը որոշում են, սա է ինձ շատ ջղայնացնում, այսինքն՝ Հայաստանն ի՞նքն է, թե՞ կա մի խորհուրդ, որի որոշումների արդյունքում պետք է պարզ լինի, թե մենք ուր ենք գնում, որ ճյուղերն ենք զարգացնում, որն է մեր հայկականությունը, որն է մեր եվրոպական մշակույթը արտացոլված խաղացանկի մեջ, որն է մանկականը, էքսպերիմենտալը, որ առաջ կմղի մեր միտքը։ Բայց դա չկա, ու պատահական ընտրված բաներ են խաղացանկի մեջ։ Անցած տարի Մեծ թատրոնը 8 պրեմիերա է ունեցել՝ միայն բալետային, եւ հրավիրել են աշխարհի լավագույն խորեոգրաֆներին։ Ինչ խոսք, երեւի նրանք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, բայց մենք էլ պակաս չունենք, մենք էլ ունենք միտք, գաղափարներ, գիտենք, թե ինչ է պետք մեր թատրոնին, իսկ ինչո՞ւ չի արվում, սա ինձ համար միշտ մնում է հանելուկ։



Այդ 700 հոգին, որ աշխատում են մեր թատրոնում, բոլորը ծառայում են բեմի համար, այսինքն՝ բեմն այն կապն է, որ թատրոնը կապում է հանդիսատեսի հետ, կապում է տիեզերքի հետ, այսինքն՝ մեր խաղացանկը, որ ներկայացվում է բեմի վրա, դա մեր տեսլականն է։ Օրինակ՝ «Կարինե» արեցին, որը չի գնում, չես հասկանում, թե ինչու, անհասկանալի է, պլանավորված ոչինչ չկա, գաղափար չկա, այսինքն՝ գեղխորհուրդը չի նստում որոշում, Օրբելյանն ասում է՝ գեղխորհուրդը թեկուզ որոշել է, բայց ես իրավունք ունեմ ջնջեմ այս ամեն ինչը, բայց ո՞նց, ո՞վ է որոշում, թե ուր ենք գնում։



**- Դուք այդ գեղխորհրդում կա՞ք, եւ ընդհանրապես՝ օպերային թատրոնում Ձեր մասնակցության չափն ինչքա՞ն է։**



-Ես անցած տարի արեցի «Բոհեմը», Ազնավուրը դիտեց, շատ հավանեց, ասաց՝ Հայաստանում 2 կարեւոր բան կատարվեց, մեկը «Բոհեմի» բեմադրությունն էր, մյուսը՝ իմ տղայի մկրտությունը։ Դրանից հետո անցա հաջորդ գործին եւ ներկայացրի Չարենցի «Նավզիկեն», հետո ներկայացրի «Շերբուրգյան հովանոցները», մտածում էի «Գիլգամեշ եւ Էնկիտու» անել, որը պատմականորեն կապվում է մ․թ․ա․ 3 հազար տարի առաջվա Հայաստանի հետ։ Քանի անգամ խնդրեցի ե՛ւ մշակույթի մեր նախկին նախարարին, ե՛ւ թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ես գիտեմ այսօր աշխարհի անցուդարձը բալետային կյանքում, ինչո՞ւ ես ընդգրկված չեմ դրանց մեջ, ո՞վ է քո ուղղվածությունը ցույց տալու բալետում, ես այս ոլորտի մեջ եմ, 25 տարի աշխատել եմ դրսում, եւ ինձ բերել են Հայաստան, որպեսզի ես այստեղ կարգավորեմ դաշտը։ Բայց իրենք ինձ ոչ միայն գեղխորհրդից, այլ նաեւ թատրոնից հեռացրին, որովհետեւ ես երեւի խանգարում եմ իրենց։ Գրել են՝ իբր թե որ ես աշխատանքի չեմ ներկայացել, բայց ես գնում էի, ու երբ Օրբելյանն ինձ ասաց, որ ես Ձեզ չէի տեսնում թատրոնում, ես էլ իրեն ասացի, որ ես էլ Ձեզ չէի տեսնում թատրոնում, Դուք Ձեր գործն եք անում, ես՝ իմ, ինչո՞ւ պիտի գամ Ձեր դռան մոտ կանգնեմ, որ ինձ տեսնեք։ Անհասկանալի հարաբերություններ։ Ես անհանգիստ եմ, բայց ոչ ինձ համար, այլ մեր երկրի, մեր թատրոնի համար, չէ՞ որ մենք էլ ունենք գաղափարներ, մտքեր եւ կարող ենք դրանք իրականացնել, այն, ինչ արել եմ վերջին տարիներին։



**- Վերջին տարիներին օպերային թատրոնում անառողջ մթնոլորտը կարծես ավելի երկար տեւեց, իսկ շաբաթներ առաջ օպերային թատրոնի աշխատակիցները բաց նամակով էին հանդես եկել՝ «Օրբելյանի բռնապետությունից» էին դժգոհում, ստորագրահավաքից՝ ի պաշտպանություն Օրբելյանի։ Ինչո՞վ եք բացատրում այս անընդմեջ խմորումները։**



-Նորից վերադառնանք նրան, որ ես անձնական ոչինչ չունեմ ոչ մեկի հետ, բոլորին շատ հարգում եմ, որովհետեւ մասնագետներ են, որ ճանապարհ են անցել, բայց այստեղ ինչն է կարեւոր, որ բոլորն աշխատեն, զբաղված եւ տարված լինեն այդ մտքով, իսկ ո՞րն է այդ միտքը՝ խաղացանկը։ Հենց դա լինի՝ հայկական, ռուսական, եվրոպական, մանկական, էքսպերիմենտալ ներկայացումներով, ժամանակ չենք ունենալու դժգոհելու։ Իհարկե, դժգոհությունը կարեւոր պահ է, որովհետեւ այն շարժիչ ուժն է, որ պետք է մեզ առաջ մղի, աշխատանքային պրոցեսը կմաքրեր այս ամենը, եւ ոչ ոք չէր նկատի, որ, օրինակ, Կոնստանտին Օրբելյանին պետք է ընտրեին, ոչ թե նշանակեին, եթե ինքը լավ աշխատեր, բոլորն աչքերը կփակեին այս ամենի վրա, բայց այս նեգատիվ բաները գալիս են առաջ, երբ գործ չկա թատրոնում։ Մենք ինչո՞վ պետք է մասնակցենք համաշխարհային մրցավազքին՝ մեր ոգով ու բալետով։ Բալետն ամբողջ աշխարհում նույնն է՝ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ ամբողջ աշխարհում։ Բալետը բալետ է, ավելին ասեմ՝ բալետը՝ այդ ծիսական հին բաները մեր հայկական լեռնաշխարհում են ծնվել, ու դրա մասին հետազոտություններ ենք անելու, որը պետք է Գյումրիում իմ նոր կենտրոնն իրականացնի։



**- Մոտ 2 ամիս առաջ Դուք ասացիք, որ ոչ միայն բալետային, այլեւ մշակութային կենտրոն եք հիմնելու Գյումրիում, պետք է նախարարի հետ հանդիպեիք․ ի՞նչ ընթացքի մեջ է, Ֆեյսբուքում լուսանկարներով արդեն գովազդվում է կենտրոնը։**



-Շենքի կառուցումը պետք է սկսվի 19թ․-ին եւ ավարտվի 21-ին, բայց արդեն ճարտարապետին հրավիրել ենք Կանադայից, ասացինք, թե մեզ ինչ է պետք։ Այդտեղ պետք է լինեն մտածող մարդկանց դասընթացներ, ինչու չէ՝ Գերգիեւն իր երգչախմբով կգա, տուրիզմը կզարգանա։ Իմ աշակերտներից շատերը, որ հիմա լավագույն թատրոններում են, շատ են ոգեւորվել եւ սպասում են, թե երբ պետք է գան ու մասնակցեն։ 2 շաբաթ առաջ Վաշինգտոնից գլխավոր պարուհի էր եկել՝ աղջիկս, գնացել էինք Գյումրի եւ բաց դասեր ունեցանք երեխաների համար։ Ու այն բացիկը, որ հիմա տարածված է Ֆեյսբուքում, Գյումրին ներկայացնում է որպես աշխարհների խաչմերուկ եւ առաջ պետք է տանի այդ միտքը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**