Սահմանադրությո՞ւն, թե՞ կոռուպցիա-2

Սահմանադրությո՞ւն, թե՞ կոռուպցիա-2
Միանգամից ասեմ, որ այս հոդվածում չեմ խոսելու Սահմանադրության մասին, պարզապես այդպես եմ վերնագրել, որովհետեւ այդ վերնագրով մի հոդված արդեն հրապարակել եմ «Առավոտ» օրաթերթում (26.10.2016թ.) եւ այս հոդվածը համարում եմ նշվածի շարունակությունը: Մի հանգամանք եւս. 2016թ. այդ հոդվածը գրել էի նախկին իշխանությունների, իսկ այս հոդվածը՝ այսօրվա իշխանությունների համար:



Ներկայումս իրականացվող բացահայտումները ստիպում են վերստին անդրադառնալ այդ խնդրին: Բանն այն է, որ հասարակության մեջ տիրող ոգեւորությունը եւ հավատը, որ ներկա իշխանությունն իսկապես գործուն պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, կարճ ժամանակ անց կարող է վտանգվել եւ վերածվել նոր անվստահության՝ այս անգամ նոր իշխանության նկատմամբ: Եվ ավելի մեծ խորությամբ եւ հիասթափվածությամբ, քան նախկինում էր: Դժբախտաբար, կոռուպցիան այնպիսի երեւույթ է եւ ունի այնպիսի ամուր հիմքեր, որոնցով դարեր շարունակ գոյատեւել է եւ շարունակում է իր «անմահ» գոյությունը: Կոռուպցիայի հիմքում ընկած են մարդկային այն բազում արատները (սկսած ագահությունից), որոնք այսօր էլ կազմում են մարդկային էության բաղկացուցիչ մասը: Մարդկային բազում արատների մասին այստեղ չեմ ուզում խոսել, բայց առաջարկում եմ կարդալ moderndiplomacy կայքում տեղադրված էսսեն՝ World history From Alfa to Omega or The human tragedy. By Valery Paul, July 16, 2018:



Քանի դեռ մարդիկ այդ արատների կրողն են, կոռուպցիան կշարունակի իր «հաղթարշավը» ողջ աշխարհում: Եվ, դժբախտաբար, մենք էլ, ավաղ, բացառություն չենք:



Խնդիրն այն է, որ, չնայած մարդկանց անսահման ոգեւորությանը, կոռուպցիոն երեւույթները, համոզված եմ, այսօր էլ շարունակվում են եւ կշարունակեն մնալ մեր ուղեկիցը:



Ի դեպ, ուզում եմ հիշեցնել մի հանրահայտ դեպք: Երբ 1974թ. Կ. Դեմիրճյանը ստանձնեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, մի փառահեղ ելույթ ունեցավ, որով պախարակեց Սովետական Հայաստանում անբարոյական բարքերը, այդ թվում՝ կաշառակերությունը (այն ժամանակ «կոռուպցիա» բառը հազվադեպ էր օգտագործվում): Բոլորս չափազանց ոգեւորված էինք, ինչպես հիմա: Բայց այդ ոգեւորությունը շատ կարճ տեւեց, որովհետեւ այդ երեւույթը շարունակում էր իր հաղթարշավը, պարզապես փոխվեցին կաշառակերության չափերն ու ձեւերը: Մի բան եւս ուզում եմ հիշեցնել. 90-ականների սկզբում, ինչպես այսօր, իշխանական լծակներ ստացան բազմաթիվ երիտասարդ, խոստումնալից կադրեր, բայց շատ արագ նրանց մի մասը հայտնվեց կոռուպցիայի որոգայթում, եւ այդ անբուժելի ախտը շատ հայտնի իշխանավորների թեթեւ ձեռքով ստացավ համատարած բնույթ, դարձավ համաճարակ՝ խեղաթյուրելով մի ամբողջ սերնդի հոգեբանությունը: Բնականաբար, այդ ամենին հետեւեց հիասթափությունը:



Կարծում եմ՝ հետաքրքիր է, թե ինչու ՍՍՀՄ-ում «կոռուպցիան» արգելված բառերի շարքում էր, ավելի ստույգ՝ այդ բառը կիրառելի էր միայն բուրժուական պետությունների նկատմամբ, իսկ Սովետմիությունում, ըստ բոլշեւիկյան գաղափարախոսության, այդպիսի սարսափելի արատ պարզապես չէր կարող լինել, առավել եւս՝ դա կնշանակեր, որ «պոլիտբյուրոյական» ծերակույտը նույնպես ներծծված է այդ ախտով, իսկ դա անթույլատրելի էր:



Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի հետեւողական, անհաշտ եւ, որ ամենակարեւորն է, համակարգային: Նշեմ միայն երկու հանգամանք. առաջին՝ պետք է նկատի ունենալ, որ կոռուպցիան մի քանի տասնյակ հանցագործությունների ամբողջություն է եւ ունի համակարգային բնույթ։ Դա մի մեծ բուրգ է, որն իր մեջ ներփակում է բազմաթիվ մանր բուրգեր: Այսինքն՝ եթե անգամ այդ մեծ ու փոքր բուրգերի մի օղակ քրեական պատասխանատվության է ենթարկվում, դա դեռեւս կոռուպցիա չէ, այլ ընդամենը մի դրվագ (օրինակ, կաշառակերություն), քանի դեռ չի բացահայտվել գոնե մի փոքր բուրգ՝ վերից վար:



Երկրորդ՝ կոռուպցիայի մասնակից են ոչ միայն բարձր պաշտոնյաները, այլեւ բյուրոկրատական ապարատում չընդգրկված մարդկանց մի հսկայական բանակ, որոնցից յուրաքանչյուրն իր ունեցած բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները գործադրում է պաշտոնյայի նկատմամբ՝ իր ուզածին հասնելու համար:



Մյուս խնդիրը գործող օրենսդրությունն է, որն ամենեւին չի նպաստում անգամ հանրահայտ դեպքերում համապատասխան անձանց մեղադրելու համար, նույնիսկ գործը բարեխղճությամբ իրականացնող իրավապահ մարմիններն ի զորու չեն կանխելու չարիքի մետաստազները: Պատահական չէ, որ ժողովրդավարական երկրներում մեծ ուշադրություն է դարձվում այդ հանգամանքին՝ ինչպես վկայի, այնպես էլ քրեական գործը վարող պաշտոնյայի եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելուն: Բացի դրանից, այս ամենն ապահովելու համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ:



Ուզում եմ մի հարց տալ. ինչո՞ւ ժողովրդավարական զարգացած երկրներում ոստիկանը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կաշառք չի վերցնում: Ինչ է, այդ երկրներում ագահ ոստիկաններ չկա՞ն: Իհարկե, կան: Բայց ոստիկանը չի վերցնում մի շարք լուրջ պատճառներով. նախ՝ միշտ կա, այսպես ասած, բռնվելու վտանգը (այսինքն՝ կա լուրջ վերահսկողություն), երկրորդ՝ այդ մի քանի դոլարի համար չարժե բռնվել, որովհետեւ իր աշխատավարձը դրա համեմատ շատ ավելի բարձր է, եւ, որ ամենակարեւորն է, բացահայտվելու պարագայում նա դառնում է հասարակության համար անընդունելի անձնավորություն եւ երբեք չի կարող ստանալ աշխատանք ինչպես պետական ապարատում, այնպես էլ մասնավոր հատվածում: Նա կորցնում է ամեն ինչ: Այլ կերպ՝ կաշառք վերցնելը ձեռնտու չէ:



Բայց ամենից առավել, կարծում եմ, կարեւորն այն է, որ մարդը հասարակության, անգամ իր ընտանիքի անդամների համար դառնում է ոչնչություն: Այնինչ մեզանում շատ տարածված է «ես գործ տվող չեմ» մտայնությունը: Այսօր, անգամ հեղափոխական շրջադարձից հետո, երբ դարձյալ շարունակվում է իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությունը, քանզի այդ վստահությունը, լեգիտիմությունը կարելի է վաստակել միայն տարիների տքնաջան եւ անբասիր աշխատանքով, ոչ մեկը չի ուզում դառնալ վկա, եթե անգամ նրան խոստանան, որ ամեն ինչ գաղտնի կպահվի: Հետեւաբար, կոռուպցիայի դեմ պայքարը շատ անելիքներ ունի հասարակության վստահությունը շահելու համար, իսկ առանց դրա պայքարը կլինի անարդյունավետ:



**Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ**