Մեկի արտոնագիրը դադարեցրել են, երկուսինը՝ կասեցրել

Մեկի արտոնագիրը դադարեցրել են, երկուսինը՝ կասեցրել
Փաստաբանների պալատը կրկին անցել է գրոհի, երկու փաստաբանի արտոնագիր կասեցրել են, մեկինը՝ դադարեցրել: Այսպես, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական նշանակվելուց հետո մենք հետաքրքրվել էինք՝ արդյոք վերջինս չի՞ պատրաստվում դիմել արտոնագիրը կասեցնելու համար: Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ մինչ նշանակումը բավականին մանրամասն ուսումնասիրել է օրենքները, որեւէ պահանջ չկա արտոնագրի կասեցման, քանի որ իր նոր աշխատանքը եւ փաստաբանությունը շահերի բախում չեն առաջացնում, հետեւաբար՝ կարիք չկա դիմելու արտոնագիրը կասեցնելու համար:



Երեկ ՓՊ կայքից տեղեկացանք, որ 2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի եւ Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է փաստաբանական գործունեության հետ եւ հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար: Նկատի ունենալով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայության անցած անձ, իսկ հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի եւ Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտոնները համարվում են հանրային պաշտոններ, ՓՊ խորհուրդը գտել է, որ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նորայր Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը ենթակա է կասեցման:



Նիկոլայ Բաղդասարյանը, ի պատասխան այս որոշման, գրել է Ֆեյսբուքի իր էջում. «Հարգելի ընկերներ, շնորհակալություն եմ հայտնում Ձեր գրառումների համար։ Ես կբողոքարկեմ իմ արտոնագիրը կասեցնելու մասին որոշումը դատարան (հայցն արդեն պատրաստել եմ) եւ համոզված եմ, որ գործը հաղթելու եմ եւ բացարձակապես չեմ մտահոգվում Արա Զոհրաբյանի կողմից իմ անձի նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքից։ Ինձ միայն այս պատմության մեջ հետաքրքրում է փաստաբանների դիրքորոշումը, թե արդյոք իրենք կարծո՞ւմ են, որ այն, ինչ որ տեղի է ունենում Փաստաբանական պալատում վերջին մի քանի տարիների ընթացքում, բխում է իրենց շահերից, եւ արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի փաստաբանական համայնքը եւս արտահայտի իր դիրքորոշումը։ Իմ ցանկությունն է, որպեսզի դադարեցվեն փաստաբանների նկատմամբ ոտնձգությունները, վերանան պալատական ինտրիգները, շինծու կարգապահական գործերը, եւ փաստաբանները կարողանան ազատ, անկաշկանդ աշխատել, իսկ ՀՀ փաստաբանական պալատը համարվի բոլորի համար ընդունելի վայր։ Բարի լույս...»:



Եթե Նիկոլայ Բաղդասարյանի դեպքում ՓՊ-ն ընդամենը կասեցրել է արտոնագրի գործողությունը, ապա Տիգրան Աթանեսյանի դեպքում զրկել են արտոնագրից․ պատճառը SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի բողոքն է: Բանն այն է, որ Տիգրան Աթանեսյանը, Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու եւ ստորագրությամբ երկրից չհեռանալու որոշումից հետո, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր իր վստահորդի հետ լուսանկար՝ գրառելով․ «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք՝ առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ՝ իմ գրասենյակում»:



Փաստաբանի այդ հրապարակումը հարուցել էր օգտատերերի զայրույթը։ Վիլեն Գայֆեջյանն Աթանեսյանի այդ հրապարակման տակ մեկնաբանություն էր արել՝ նշելով, «թե հույս ունի, որ դա ուժեղ սարկազմ է»: Տիգրան Աթանեսյանը մեկնաբանություններից մեկում հայհոյել էր Գայֆեջյանին: Վիլեն Գայֆեջյանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով փաստաբան Վահե Գրիգորյանի հետ դիմել է դատարան՝ նպատակադրվելով Աթանեսյանին զրկել փաստաբանական լիցենզիայից:



«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքում իր հրապարակման ներքո արված գրառումների հեղինակներին որակել էր «ֆեյք»։ Ինչ վերաբերում է Վիլեն Գայֆեջյանին, ապա փաստաբանն ասել էր․ «Վիլենը թող իրեն կարգին պահի եւ «աչոկներ» չհավաքի էս պահերին: Հայհոյանքները… դուք չեք տեսել ամբողջականը, որովհետեւ ես այն բլոկ եմ արել եւ ջնջել եմ․ դա իմ էջում էր»:



Այժմ ՓՊ-ից տեղեկանում ենք, որ Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Տիգրան Աթանեսյանի թիվ 78 արտոնագրի գործողությունը:

Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում նրա կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) եւ հայհոյանքներ կատարելու, ինչպես նաեւ կատարված հայհոյանքները եւ վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու եւ հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու առումով:



Տիգրան Աթանեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զոհրաբյանը փորձում է հասնել իր համար այդքան բաղձալի նպատակին եւ վերջնականապես պատռեց իր դիմակը: Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումներն ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար, բողոքարկելու եմ եւ մինչեւ վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ: Ինչ վերաբերում է պալատին եւ դրա ղեկավարի կերպարին, ապա, իմ կարծիքով, ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է եւ հասկանալի: Պալատը պետք է կազմալուծվի որպես ավազակապետության մնացորդ, եւ ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունն այս երկրում պարզապես կոչնչանա: Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք եւ պայքարելու եմ մինչեւ վերջ»:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**