ԱԺ-ն միլիոններ է ծախսում վերանորոգման վրա

ԱԺ-ն միլիոններ է ծախսում վերանորոգման վրա
Ազգային ժողովն արձակուրդային այս շրջանում ուղղակի քանդուքարափ վիճակում է։ Լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում հիմնականում սանհանգույցներում։ Երեկ նկատեցինք, որ ԱԺ հին մասնաշենքի միջանցքների գրեթե բոլոր սանհանգույցները հիմնովին քանդել են եւ զրոյից կառուցում են։ Ըստ երեւույթին, մինչեւ սեպտեմբեր՝ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը, խորհրդարանը կներկայանա բոլորովին նոր սանհանգույցներով։ Նաեւ վերանորոգում են միջանցքները, սենյակները, այլ հանգույցներ, կառուցվում է նաեւ մամուլի կենտրոն, ինչի մասին խոստացել էր ԱԺ աշխատակազմը։



ԱԺ լրատվական վարչությունից այս կապակցությամբ մեր հարցերին ի պատասխան նշեցին, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացվում են 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին: Դրանք իրականացնելու համար ԱԺ աշխատակազմը պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ սանհանգույցների ընթացիկ նորոգման նպատակով պայմանագիր են կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ՝ 52 մլն 970 հազար ՀՀ դրամի շրջանակում: Նորոգվում է նաեւ ԱԺ վարչական շենքում գտնվող թանգարան-գրադարանը, որի համար էլ պայմանագիր են կնքել «Կարպ-Գազ-Ռադ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 6 մլն 720 հազար դրամ է։



ԱԺ աշխատակազմը նաեւ մամուլի կենտրոն է կառուցում, որի աշխատանքների իրականացումը, ըստ պայմանագրի, ստանձնել է «Աբակ» ՍՊԸ-ն՝ 5 մլն 892 հազար դրամի շրջանակներում: Նորոգվում են նաեւ ԱԺ հին մասնաշենքի միջանցքներն ու աշխատասենյակները։ Այս աշխատանքները եւս իրականացնում է «Աբակ» ՍՊԸ-ն՝ 5 մլն 436 հազար ՀՀ դրամի դիմաց։



Նկատենք, որ ԱԺ նոր մասնաշենքը, որը հնին կապվում է «Լաչինի միջանցք» անվանվող կամրջակով, չափազանց անորակ շենք է։ Դրա շինարարությունը սկսվել է Տիգրան Թորոսյանի օրոք եւ շահագործման հանձնվել Հովիկ Աբրահամյանի նախագահության սկզբում, երբ նա նոր էր դարձել ԱԺ նախագահ։ Այս մասնաշենքի պատերը շատ բարակ են, եւ ցածրաձայն խոսակցությունն անգամ լսելի է մի քանի սենյակ այն կողմ։ Դռները նույնպես բարակ են եւ անորակ, մի խոսքով՝ ձայնամեկուսացման լուրջ խնդիր կա։ Փակ պատուհանների արանքից ուժեղ քամի է փչում, որը խնդիրներ է հարուցում ձմռան ցրտին։ Ձմռանն իր «խոսքն է ասում» նաեւ ջեռուցման համակարգը, որի սեկցիաներն էլ բարակ ու անորակ են։ Այսինքն՝ ժամանակին գնվել են շուկայում առկա ամենաէժան եւ ցածրակարգ սեկցիաները, որոնք ջերմություն չեն պահում։ Կարճ ասած՝ նոր մասնաշենքում որտեղ մատդ դնում ես, «ատկատի» հոտ է գալիս։ Եվ այդ մասին այն ժամանակ մամուլում գրվել է։ Հուսով ենք՝ «նոր Հայաստանում» ԱԺ նոր աշխատակազմը զերծ կմնա հին ու արատավոր մշակույթից՝ «ատկատներով» շինարարություն եւ գնումներ կազմակերպելուց, եւ վերանորոգումից հետո դրա արդյունքը տեսանելի կլինի որակի տեսքով։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**