Քրեական եւ քաղաքական պատասխանատվություն

Քրեական եւ քաղաքական պատասխանատվություն
Հայ հասարակությունը ցնցված է, շոկի մեջ է, չի հասկանում՝ ինչ է կատարվում, չի հաշտվում կատարվածի հետ։ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է։ Ոմանք անիծում ու հայհոյում են դատավորին, մյուսները հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, երրորդներն այստեղ Պուտինի ու Մակրոնի «մատն» են տեսնում։ Վրդովմունքը հեղեղել է սոցցանցերը։ Եվ գրեթե ոչ մի բանական վերլուծություն ու կարծիք։ Չկա մեկը, որ վրդովված հայ հանրությանը բացատրի՝ քաղաքական, բարոյական պատասխանատվությունն ու քրեական պատասխանատվությունը շատ տարբեր բաներ են։



Մարդուն կարելի է ատել, համարել, որ նա տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները, թալանել է բյուջեն, Մարտի 1-ի սպանդ է իրականացրել, մարդկանց է հանիրավի դատել եւ այլն, բայց այդ ամենի հիմքով քրեական մեղադրանք առաջադրելու համար կոնկրետ ապացույցներ են հարկավոր։ Եթե չկան ապացույցներ, ապա ոչ մի դատարան պետության նախկին նախագահին եւ առհասարակ ոչ մեկին չի կալանավորի ու չի պատժի։ Իսկ ապացույցներ ձեռք բերելն ու ներկայացնելը քննչական մարմինների գործն են․ ՀՔԾ պետի՝ Հ1-ին տված հարցազրույցներն ու քաղաքական գնահատականները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։ Անգամ եթե դատարանն անկախ չի եղել իր որոշման մեջ՝ ճնշումների է ենթարկվել, այս որոշման տակ ստորագրել է կոնկրետ մարդ, որը նախ՝ պատասխան կտա իր որոշման համար, ապա արձանագրենք, որ կարողացել է չենթարկվել մեկ այլ՝ շատ ավելի ուժեղ ճնշման․ հանրային կարծիքի ճնշմանը, գուցե նաեւ իշխանությունների ճնշմանը, որն ակնհայտ է, որ Ռ․ Քոչարյանի օգտին չէ։



Ուստի այս որոշման մեջ եկեք դրական բան տեսնենք․ կնշանակի՝ ֆեյսբուքյան աղմուկն ու հանրային կարծիքը միշտ չէ, որ որոշիչ են մեզանում։ Եվ դա երկրի, դատական իշխանության կայանալուն ուղղված առաջին քայլն է։