Հավերի անկում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում

Հավերի անկում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում
Մի քանի օր է՝ տեղեկություններ ենք ստանում, որ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում հավերի մասսայական անկման դեպքեր կան: Սոլակցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն 2 շաբաթ է, ինչ գյուղում հավեր են սատկում, ու չեն հասկանում, թե ինչ հիվանդություն է. «Հավերը մի տեսակ ձայն են հանում, հետո թույլ ընկնում ու սատկում: Մի քանի ընտանիքներ կան, որ տասնյակ հավեր են սատկել: Պատվաստանյութը մենք ենք գնել, 1 ամպուլան 1000 դրամ, անասնաբույժը եկել պատվաստել է: Դրանից հետո հարց է, կլավանա՞ն, թե՞ կսատկեն»,- մտահոգված ասում են սոլակցիները:



Սոլակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե համայնքում քանի՞ տնտեսություն է տուժել, եւ ունեն ինֆորմացիա՝ որքա՞ն հավեր են սատկել գյուղում, հերքեց՝ ասելով, որ գյուղում հավեր չեն սատկում. «Ես ինֆորմացիա չունեմ, գյուղացիները ինձ չեն բողոքել, որ իրենց հավերը սատկում են: 2 օր առաջ անասնաբույժի հետ եմ խոսել, ինձ այդ մասին ոչինչ չի ասել»:



Սոլակ համայնքը սպասարկող անասնաբույժ Հովիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սոլակ համայնքում հավերի անկման դեպքեր են գրանցվել եւ որեւէ մեկը ուշադրություն չի դարձնում. «Ես սպասարկում եմ Ջրառատավան եւ Սոլակ գյուղերը, Սոլակում հիվանդությունը կա, եւ հավերի անկում է գրանցվել: Այդ ժամանակ 30%-ը սրսկեցինք, մնացածն էլ դեռ անորոշ վիճակ է»: Հարցին, թե ի՞նչ հիվանդություն է տարածվել, եւ այս տարի չեն պատվաստվե՞լ հավերը, Հովիկ Գրիգորյանն ասաց. «Դա թռչունների կեղծ ժանտախտ է, մոտ 20 օր է, ինչ հիվանդությունը տարածվել է: Դա վարակիչ վիրուսային հիվանդություն է: Ընդհանրապես վայրի կենդանիների մեջ կա, եթե կենդանին չի պատվաստվում եւ իմունիտետը թույլ է լինում կամ բացակայում է, այդ վիրուսով վարակվում են հավերը, հնդկահավերը, խայտահավերը, սագերն ու բադերը չեն հիվանդանում: Պետք է նախապես թռչուններին պատվաստվել: Անցած տարի պատվաստանյութ չեն տրամադրել, բայց դեպքեր չարձանագրվեց: Այս տարի ըստ պլանի պետք է լիներ, բայց չտվեցին, ես տեղյակ եմ, որ պատվաստանյութը կա, պահեստներում է: Չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ չեն տրամադրում: Գյուղացիները մի քանի ամպուլա դեղատներից են գնել բերել, ես պատվաստել եմ հավերին»: Նշենք, որ հավերի անկում գրանցվել է նաեւ Գեղարքունիքի մարզում:



**Նելլի Կարապետյան**