Յուրի Խաչատուրովը անցել է իր պարտականությունների կատարմանը. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

Յուրի Խաչատուրովը անցել է իր պարտականությունների կատարմանը. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը
«Իմ պաշտպանյալի գործի հետ կապված հրապարակային տեղեկատվություն չկա, ավելի շուտ ընդհանրապես չկա, բայց, եթե լիներ էլ, դա հրապարակման ենթակա չէր լինի, թե ինչ քննչական գործողություններ են եղել եւ թե ինչ արդյունքներ են տվել այդ գործողություններ՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի հրապարակման անթույլատրելիությունը»։ Այս մասին **«Հրապարակ**»-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Փաստաբանը նշեց, որ օգոստոսի 4-ից իր պաշտպանյալը իր պարտականությունների անմիջականորեն կատարմանն է անցնել, այդ ընթացքում քննչական գործողություն չի իրականացվել, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առեւերեսում չի եղել, քանի որ վերջինս մինչ օրս կալանավորված է եղել։



Պաշտպանական կողմը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի որոշումը․ «Բողոքարկել եմ օգոստոսի 8-ին եւ պահանջում եմ, որպեսզի կալանավորումը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը վերացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը եկել էր այն եզրահանգման, որ Յուրի Խաչատուրովը իրեն առաջադրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի։ Այս դեպքում մեզ համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ է կալանքը տվյալ անձի նկատմամբ թույլատրելի, եւ այդ հիմքով բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան»։



Հարցին՝ քիչ առաջ Վերաքննիչը ազատ արձակեց նույն մեղադրանքը առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, ակնկալիք կա՞, որ Վերաքննիչն իրենց բողոքը եւս կբավարարի, պաշտպանը պատասխանեց․ «Վերաքննիչ դատարանից իմ ակնկալիքները ոչ մի կերպ կապված չեն այսօրվա կայացրած որոշմամբ, որովհետեւ մեր իրավիճակը բացարձակապես եւ սկբունքայնորեն տարբեր է։ Անձեռմխելիության հիմքով ազատ արձակվելը էդ նշանակում ա քրեական հետապնումը պետք է դադարեցվի, եթե այդ հիմքով է»։



Անդրադառնալով Նազարբաեւի եւ Պուտինի արձագանքին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Միհրան Պողոսյանը նշեց, որ չի ցանկանում քաղաքական գնահատական տալ․ «Քանի որ հանդիսանում եմ սույն քրեական գործով Խաչատուրովի պաշտպան, քաղաքական հանգամանքներին ուշադրությամբ հետեւում եմ, սակայն մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Իրականացնում եմ պաշտպանությունը քրեական գործով, քաղաքական հրապարակումները, կարծում եմ, որ առնչություն չպետք է ունենան գործի հետ, եւ չեմ կարող ասել, ես որեւէ կերպ չեմ արձագանքի դրան։ Յուրի Խաչատուրովի հետ դրա մասին չեմ խոսել, չգիտեմ՝ ինչպես է ինքը արձագանքել դրան։ Ամեն դեպքում նա նշել է, որ հարուցված քրեական գործը Հայաստանի ներքին խնդիրն է, եւ ինքը որեւէ մեկնաբանություն չի անելու, որը կարող է Հայաստանի վարկանիշին հարված հասցնել»։



Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Առաջին ատյանի դատարանի որոշումով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։



**Աննա Պապիկյան**