Սյունիքի մարզպետ-Գորիսի քաղաքապետ փոխհրաձգությունները շարունակվում են

Սյունիքի մարզպետ-Գորիսի քաղաքապետ փոխհրաձգությունները շարունակվում են
Մենք մի քանի օր առաջ [հրապարակում](https://www.hraparak.am/posts/5b6c04713c583106c6c87abc) ունեինք․ «Գորիսի քաղաքապետը պատասխանում է Սյունիքի մարզպետին։ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էինք Գորիսում ծավալված իրադարձություններն՝ ըստ մամուլի։ Այն, որ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը այցելել էր Գորիս, նախկին գործկոմի շենքում գտնվող Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակում հանդիպել վերջինիս վարորդի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի հետ, ում անունը կապված է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, այդ թվում՝ Սըդղի գյոլի պատմության, որի ժամանակ ծեծի էին ենթարկվել Զաքարյան եղբայրները։ Այդ հանդիպումը բուռն քննարկումների առիթ էր տվել, որին արձագանքել է նաեւ մարզպետ Կարեն Համբարձումյանը՝ ֆեյսբուքյան իր էջում, գրելով, որ այցի նպատակն է «վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջև խախտված կապը, և այսուհետ Գորիսում ունենալու եմ նստավայր ու առավել հասանելի եմ լինելու տեղացիների համար: Այդ գրասենյակում կունենամ նաև մշտական ներկայացուցիչ, և նա կընդունի բնակիչներին, նրանց դիմումները, բողոքները, առաջարկությունները: Գորիս այցելելիս՝ այդ գրասենյակում ինքս կկատարեմ քաղաքացիների ընդունելություն»,-նշված է արձագանքի մեջ:



Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ արձագանքելով այս ամենին, մեզ տված հարցազրույցում ասել էր, որ նշված տարածքը տրամադրվել էր նախկին մարզպետին՝ 5 տարի ժամկետով, օգոստոսի 9-ին լրացել է պայմանագրի ժամկետը եւ այն վերադարձվել է համայնքապետարանի տնօրինության տակ։ «Սյունիքի մարզպետը որևէ լիազորություն և իրավունք չունի ինքնակամ որոշել համայնքային ենթակայության կառուցի տնօրինման հարցը․․․ Կարեն Համբարձումյանը չի խոսել համայնքային իշխանությունների հետ, որևէ գրություն չենք ստացել և նա սեփական նախաձեռնությամբ որոշել է, որ նախկին մարզպետի գրասենյակը ժառանգաբար փոխանցվելու է իրեն։ Իսկ եթե մարզպետը Գորիսում ընդունելություններ կատարելու ցանկություն ուներ, կարող էր ներկայացնել, որևէ խոչընդոտ չի եղել և գրասենյակ ունենալու հարց երբևէ չի բարձրացվել», իսկ «գորիսեցիների կապը մարզպետարանի հետ չէր կարող և երբևէ խախտված չի եղել»։



Այս հարցազրույցից հետո մենք ստացել ենք Սյունիքի մարզպետարանի արձագանքը՝ մարզպետի օգնական Արմինե Ավագյանի ստորագրությամբ․



«Սյունիքի մարզպետարանն առանց համայնքային իշխանությունների կողմից պահանջվող վավերացման եւ օրենքը շրջանցելով` համայնքային սեփականություն հանդիսացող տարածք տնօրինելու հավակնություններ չունի: Ինչ վերաբերում է հոդվածում նշված տարածքին, ապա ճիշտ չէ այն բնորոշումը, թե այդ մասին որեւէ քննարկում ու խոսակցություն չի եղել. եղել է բանավոր զրույց ու պայմանավորվածություն, որից հետո, բնականաբար, գործընթացները պետք է կազմակերպվեն օրենքով սահմանված կարգով: Ինչ վերաբերում է այն մտքին, թե «Դա ընդամենը երևակայության արդյունք է, քանի որ գորիսեցիների կապը մարզպետարանի հետ չէր կարող և երբևէ խախտված չի եղել», ապա ցանկանում ենք հրապարակել միայն մեկ փաստ, որն առավել քան խոսուն է. ըստ Սյունիքի մարզպետարանի՝ քաղաքացիների ընդունելության մասին կարգի, որով առաջնորդվում էր 2018թ. հունիսի 8-ից առաջ պաշտոնավարող մարզպետը (նշանակվել էր 2016-ի հոկտեմբերից), քաղաքացիների արտագնա ընդունելությունները Գորիսի տարածաշրջանում պետք է կայանային յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Մինչդեռ Գորիսում Սյունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելություն վերջին անգամ տեղի է ունեցել 2016թ. սեպտեմբերի 30-ին»: