Երիտասարդների համար՝ սիրահարների այգում (ֆոտոշարք)

Երիտասարդների համար՝ սիրահարների այգում (ֆոտոշարք)
Այսօր սիրահարների այգում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան։ Նախաձեռնողները AEGEE yerevan եվրոպական ուսանողական ֆորումն էր ու «Ռեստարտ» ուսանողական-երիտասարդական նախաձեռնությունը։ «Ռեստարտի» անդամ Դավիթ Պետրոսյանը Hraparak.am-ին ասաց, որ միջոցառումը նախատեսված էր, որ պետք է անցկացվի Իջևանում և Գյումրիում, բայց քանի որ Երևանի նկատմամբ մի քիչ անուշադրություն կար, և իրենք որոշեցին որևէ հետաքրքիր բան կազմակերպել Երևանում։



Իսկ Գյումրիում և Իջևանում միջոցառումները կանցկացվեն վաղը։ «Որոշեցինք միջոցառումների շարք անել, ու մի քանի մտքեր եկան, որ կարելի է ակտիվ երիտասարդների հետ կապված նկարների ցուցահանդես կազմակերպել, որով երիտասարդների առօրյան ցույց կտրվի, նաև հանձնարարականների ծառեր ենք նախատեսել ԿԳՆ-ի, սպորտի և երիտասարդության հարցերի ու մշակույթի նախարարությունների համար, որ մարդիկ իրենց բողոքներն ու առաջարկությունները գրեն, որոնք հետո մենք ուղարկելու ենք իրենց»,-ասաց Դավիթ Պետրոսյանը։



Նախաձեռնության անդամները հրավիրել էին նաև կառավարության երիտասարդ պաշտոնյաների։ Հրավերն ընդունել էին մի քանի հոգի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից երկու հոգի, մեկ հոգի պետգույքի կառավարման վարչությունից և վարչապետի աշխատակազմից։ Խոսակցություն կար, որ պետք է գային նաև նախարարներ ու փոխնախարարներ, մասնավորապես՝ կրության նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուրբինյանը, բայց պարզվեց՝ չեն գալու։ «Մենք հրավիրել էինք, Ռուբինյան Ռուբենն ասաց՝ կարող է գամ, բայց ֆեյսբուքով եմ իր հետ խոսել, կգա, թե չգա, չգիտեմ»-ասաց մեր զրուցակիցը։



Միջոցառումների շարքում նախատեսված էր բառախաղի մրցույթ, սիրո կրեատիվ խոստովանությունների արկղիկ, «Երիտասարդները կառավարությունում» թեմայով թեմատիկ քննարկում, ինչպես նաև ֆոտոցուցահանդես։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**