Մարգինալների սադրանքը

Մարգինալների սադրանքը
Մարգինալների սադրանքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա առթիվ հանրահավաքին ընդառաջ՝ Հիմնադիր խորհրդարան ինքնաանվանվող կառույցը եւ Սասնա ծռեր խմբավորումը հանդես են եկել հայտարարությամբ, որի հիմնական թիրախն Արցախն է: Տեքստի հեղինակները ոչ միայն իրենց թույլ են տվել վերագրումներ անել Արցախի իշխանություններին, այլեւ կոչով դիմել արցախահայությանը՝ հորդորելով նույն օրը եւ ժամին զուգահեռ հանրահավաք անցկացնել՝ անհապաղ իշխանափոխության պահանջով: Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվելով լուսանցքից դուրս, ոչ անհայտ մի քանի անձինք փորձում են ինքնահաստատվել՝ շահարկելով Արցախի խնդիրը եւ արցախահայության ապագան: Այդ մարդիկ չեն կարողանում սթափ գնահատել իրականությունը եւ իրենց հնարավորությունները: Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանցից ոմանք հայտնվել են ազատության մեջ եւ ճգնում են տպավորություն ստեղծել, թե հետապնդվել են քաղաքական նկատառումներով, մասնավորապես՝ «ապագաղութացման գաղափարախոսության եւ Արցախի հարցում անզիջում կեցվածքի» պատճառով:



Թերեւս ճիշտ կլիներ, որ նրանք սպասեին արդարադատության վերջնական վճռին: Իսկ եթե նպատակադրվել են զբաղվել քաղաքականությամբ, ապա դրա համար կա օրինական ճանապարհ՝ կազմակերպվել եւ գրանցվել որպես կուսակցություն, նախապատրաստվել եւ մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդյունքները ցույց կտան, թե ընտրողների ո՞ր մասն է վստահում Հիմնադիր խորհրդարանին եւ Սասնա ծռերին: Ինչ վերաբերում է Արցախին, ապա իշխանության ճակատագիրն այնտեղ որոշում է ժողովուրդը: Արցախում հայտարարվել է քաղաքական բարեփոխումների ուղեգիծ: Մեկնարկը տրված է, սպասվում են նոր փոփոխություններ, քաղաքական ուժերը նախապատրաստվում են 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Նրանք, արցախահայությունն՝ առհասարակ, արտաքին հուշարարի կարիք չունեն: Մանավանդ որ հուշարարի դերում հանդես են գալիս մի խումբ արկածախնդիր մարգինալներ, ինչն ավելի շատ վատ քողարկված սադրանք է հիշեցնում, քան՝ Արցախի ճակատագրով մտահոգություն: