Ճամփորդության դասագիրք՝ նորագույն պաշտոնյաների համար

Ճամփորդության դասագիրք՝ նորագույն պաշտոնյաների համար
Հներն այնքան արագ թռան իրենց պաշտոններից, որ չհասցրեցին նորաթուխ թրաշամանուկներին փոխանցել իրենց գործի նրբությունները: Ճիշտ է, անհույս էր, թե նորերն ընդունակ են, առհասարակ, որևէ բան սովորել, բայց, ամեն դեպքում, կարելի էր ձևի համար մի քանի դասընթաց կազմակերպել, որ նրանք չգային ու այսպես «վրա պրծնեին» պաշտոնին ու փողին:



Տեսեք, հասարակ բան է, բայց նույնիսկ դա գլխի չեն ընկել և աշխատանքի են ընդունել իրենց հոր կողմի բարեկամներին, որոնք նույն ազգանունն են կրում: Սա նույնիսկ դիլետանտություն չէ, այլ սովորական անքթիծակություն: Եղբայր, քեզ մոտ մորական կողմի բարեկամներիդ ընդունիր, ծայրահեղ դեպքում ինքնությունը չպարզված զոքանչիդ, ինչո՞ւ ես ավելերդ տեղը խոսակցություններ բերում վրադ:



Շատ սովորական բան է, երբ պաշտոնյայի կինը սիրում է ճամփորդել: Կարևոր չէ, թե որ երկիր, միայն թե պաշտոնյա ամուսնու հետ ճամփորդի: Նախկիններն այս իրավիճակից դուրս գալու զանազան ձևեր էին մտածել: Օրինակ, փորձում էին կնոջը համոզել, որ դա սիրուն չէ: Իսկ երբ կինը նրա աչքն էր կոխում մեկ ուրիշ պաշտոնյայի կնոջ կռուիզները և ՖԲ-ի ֆոտոները, նախկին պաշտոնյան բացում էր դրամապանակը և վարորդին ուղարկում կնոջ համար նույն ինքնաթիռի տոմս գնելու: Նման դեպքերը նախկին պաշտոնյաների պարագայում կարելի էր «վայրկենական ջոմարդություն» որոկել, որովհետև մի քանի վայրկյան անց նրանք «զարտուղի» ճամփեքով վերականգնում էին դրամապանակից պակասած այդ գումարը: Բայց գոնե դրանից հետո լուր չէր տարածվում աշխարհով մեկ, թե ֆլանն իր կնոջը հետը տարավ գործուղում: Վարորդն էլ վկա՝ մարդն իր դրամապանակից է հանել կնոջ տոմսի փողը, և ոչ թե բյուջեից:



Իսկ ինչ անել, երբ մոտդ կանխիկ գումար չկա, բայց կինդ շատ է ուզում հետդ գործուղման մեկնել: Այստեղ երկու ճանապարհ կա՝ մեկը հումանիստական, մյուսը՝ ոչ այնքան: Սկսենք երկրորդից, որովհետև այն էժան է, իսկ պաշտոնյայի պարագայում՝ լրիվ ձրի: Կնոջդ բագաժ ես տալիս: Հասկանալի է, նա կաղմկի, կճանկռի, կկծի, ոտքերով կհարվածի վերջապես, բայց ոչինչ, հենց հասնի արտասահման, իսկույն լայն կժպտա ձեզ շոփինգի վառվռուն ակնկալիքով: Իսկ հումանիստական տարբերկը՝ սեփական կնոջ պետբյուջեի վրա նստացնելն է: Բայց դրա համար, որպես բյուջե ունեցող պաշտոնյա, դու պետք է նաև երևակայություն ունենաս, ընդհուպ այնքան, որ քո գործուղման այդ մանրամասնությունը հայտնի չդարձնես ողջ ազգին: Հայերը սիրում են նման բաներից պատմություն սարքել ու էլ չեն ասում՝ դե կին էր, շատ էր ուզում ճամփորդել, մարդն էլ չմերժեց:



Այն էլ ասենք, որ սեփական կնոջը պետական բյուջեով պտտեցնելը լի է անկանխատեսելի հետևանքներով, որոնցից մեկն էլ գործուղման մասին հաշվետվություն ներկայացնելու դժվարությունն է: Կարելի է, իհարկե, պատվիրակության կազմում կնոջ անունը չգրել և հայտարարել, որ նա ընտանեկան բյուջեի հաշվին է ճամփորդել, և միանգամայն պատահականորեն այդ ճամփորդությունը համընկել է քո գործուղման հետ՝ նույն ինքնաթիռով, դեպի նույն երկիրն ու նույն քաղաքը: Այսքան բանից հետո հո չէի՞ք կարող տարբեր հյուրանոցներում մնալ կամ նույն հյուրանոցի նեղլիկ մահճակալով համարում: Ահա և ստիպված եք եղել ընտանեկան բյուջեի հաշվին «սեքսադրոմ» մահճակալով սենյակ պատվիրել, իսկ այնտեղ արդեն՝ էլ շամպայն, էլ սիրուն կտրատած մրգեր, էլ պաղպաղակ և այդ ամենը, բնականաբար, համար է բարձրացնում խափշիկ ծառայողը: Հաշվետվություն տալը, ճիշտ է, գնալով դժվարանում է, բայց քանի դեռ հեղափոխական էյֆորիան չի նստել, կարելի է վերադարձից հետո մի բան էլ բարկանալ լրագրողների վրա, թե բա անհամբեր եք, սպասեք հաշվետվությունը տամ, հետո գրեք, թե ինչու է կինս պատահաբար եղել պատվիրակության հետ:



Հաշվետվությունը գրելիս ճիշտ չէ թվեր ներկայացնելը և մանավանդ այնպիսի թվեր, որոնք ցույց են տալիս, որ կինդ ճամփորդել է մանկական տոմսով: Ոչ ոք չի հավատա: Արդեն ոչ թե չի հավատա, որ կինդ ճամփորդել է ընտանեկան բյուջեով, այլև, որ նա ճամփորդել է աներոջդ բյուջեով՝ ինքնաթիռի ամենալավ աթոռներին նստած:



Ահա այսպիսի նրբություններ կան, որ հները չհասցրեցին բացատրել նորերին: Բայց մյուս կողմից էլ հների նախորդները չեն բացատրել նրանց: Այսինքն բաներ կան պաշտոնյաների կյանքոմ, որ նրանցից ամեն մեկը յուրովի է ընկալում, սովորում և կիրառում: Դժվարը, նորից ասեմ, հաշվետվություն տալն է, բայց դա էլ ժամանակի հետ կարող են սովորել:



**Էդիկ Անդրեասյան**