Հանրային տրանսպորտը

Հանրային տրանսպորտը
Հանրային տրանսպորտը քաղաքի հայելին է, լեզուն, որ առաջին այցելուին շատ բան կարող է փոխանցել ոչ միայն իշխանությունների, այլ նաև տվյալ երկրի մշակույթի, քաղաքաբնակների, ինչու չէ նաև ողջ ժողովրդի կենցաղավարության ու վարքագրության մասին: Հետաքրքիր է, որ տարբեր ժամանակներում Երևանի այսպես ասենք տրանսպորտի պատմությունը տարօրինակ ու վայրիվերո ցնցումներով է կազմավորվել:



Առաջին ձիաքարշից մինչ «մարշուտկա» կոչվող կիսասպանդանոցը, միջնամասերում խորհրդային շրջանի տրամվայն ու տրոլեյբուսը, դեղին տաքսիները՝ «փափախ» անողները, անկախությունից հետո փողոցները ողողած «ռաֆերը», որոնք դանդաղորեն իբր կատարելագործվեցին՝ վերափոխվեցին ռուսական չարաբաստիկ գազելներով, ապա դեղին «բոգդանները», չինաստանից բերված վարդագույն ավտոբուսները, սրան ավելացրած խայտաբղետ, աներևակայելի, գրական-գեղարվեստական, ամբողջովին սյուրռեալիստական անուններ կրող տաքսի-ծառայությունները, «հարյուր դրամի» պատմությունը, «աջ ղեկի» խաչակրաց արշավանքը և այսպես շարունակ՝ մի իսկական աղետ, անավարտ մղձավանջ, որի անունն է հանրային տրանսպորտ: Ինչու չէ փաստենք, որ պետության ղեկավարումը ստանձնած իշխանության բնակչության հանդեպ առաջին ճակատային վերաբերմունքը երևում է հենց հանրային տրանսպորտի վիճակից ու երթևեկության կազմակերպման հմտություններից:



Տասնյակ տարիները Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում ցածրակարգ տրանսպորտն ու քաոտիկ երթևեկությունը գրեթե ամեն օր նսեմացրել են, խորապես ոտնահարել մարդկանց արժանապատվությունը: Նախկին իշխանություններն այդպես էլ ոչ մի էական քայլ չեն ձեռնարկել, որպեսզի գոնե մասամբ բարվոքեն տրանսպորտի ու երթևեկության վիճակը, ընդհակառակը՝ փողոցները հեղեղել էին արագաչափերով ու տեսախցիկներով, խլել մայթերն ու ճեմուղիները, կարմիր գծեր են քաշել, հետապնդել ու անհարկի պատժել են վարորդներին:



Այժմ նոր իշխանությունները, Երևանի ապագա քաղաքապետը, վերլուծելով անցյալը, ուղղակի պարտավոր են հանրային տրանսպորտի հիմնախնդրին վերջնական ու ճշմարիտ լուծում տալ՝ ՀՀ քաղաքացուն ապահովելով արժանապատիվ, մաքուր ու մատչելի տրանսպորտով: Գործընթացները թերևս սկսված են․ արագաչափերի հեղեղը կասեցվում է, տուգանքները նվազեցվում են, վարորդներին հետապնդելու ու ամեն գնով պատժելու միտումները՝ մեղմվում, սակայն, անշուշտ բուն անելիքները դեռ առջևում են:



Ժամանակակից մոդելի, բարձրակարգ տրանսպորտի, դինամիկ ու ապահով երթևեկության ստեղծումը՝ ահա նոր իշխանության լրջագույն նպատակներից մեկը, որ պիտի իրագործվի: Վերջին ամիսներին Երևանի փողոցներում ճանապարհային ոստիկանության մեքենաները բավականին քչացել են, ինչը (բացասաբար) ոգևորել է կարգազանց վարորդներին: Արդեն իսկ վտանգավոր ավանդույթ է դարձել գիշերային ուշ ժամերին որոշ վարորդների կողմից արագության գերազանցման թույլատրելի չափի լրջագույն խախտումներ և սա ասեմ՝ իրողություն է, այլ ոչ թե սոսկ վարկած: Ճանապարհային ոստիկանությունը օր առաջ պիտի կարգի հրավիրի օրինազանց այս վարորդներին, անկասկած՝ վերահսկելով գիշերային Երևանի երթևեկությունը, պարտավորեցնելով երթևեկության պատշաճ նորմերը:



**Արամ Պաչյան**