Ի՞նչ անել, երբ էշդ գողացել են

Ի՞նչ անել, երբ էշդ գողացել են
Սփյուռքաֆեյսբուքահայ ընկերոջս պատմածն է: Ասում է` գյուղի հարուստներից մեկի էշը մի օր գողանում են: Սա, տեսնելով, որ էշը չկա, հայտարարում է` կամ վաղը առավոտյան էշս կբերեք, կամ էլ մտքիս դրածը կանեմ: Այս սպառնալիքը լսելով` գողը գիշերով էշը բերում, բաց է թողնում հարուստի տան մոտ: Առավոտյան ողջ գյուղն իմանում է, որ էշը գտնվել է: Գյուղապետը գնում է էշատեր հարուստի տուն ու հարցնում` հետաքրքիր է, այդ ի՞նչ էիր մտքիդ դրել, որ գողը վերադարձրեց էշը, ի՞նչ էիր անելու նրան:



-Ի՞նչ պետք է անեի, գյուղապետ, գնալու էի անասնաշուկա և մի նոր էշ էի առնելու: Հո առանց էշի չէի՞ մնա:



Զոյա Թադևոսյանը (արժե՞ ներկայացնել) Դաշնակցությանը 24 ժամ է տվել, որ ներողություն խնդրի այս օրերին իր հասցեին հնչեցված «վիրավորանքների» համար, այլապես, սպառնացել է` մտքի դրածն անել:



Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որևէ մեկը Զոյա Թադևոսյանից հանկարծ ներողություն խնդրի, որովհետև, եթե մեկը կա, որ պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախյան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադևոսյանն է, որ իր աբսուրդ հայտարարություններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: Ո՞վ էր նրան խնդրել, ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ վեր կենա ու հայտարարի, թե ազատագրված տարածքները մերը չեն, և դրանք պետք է վերադարձնել, որովհետև դա է խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը, որովհետև այդպես է ուզում միջազգային հանրությունն` ի դեմս ՄԽ եռանախագահների: Զոյա Թադևոսյանին միանգամից ասեմ, որ նման բան չկա, միջազգային հանրությունը և խնդրով զբաղվող ՄԽ-ն համահավաք, վերջնական և պաշտոնական կարծիք չունի Լեռնային Ղարաբաղի, իսկ մենք ասենք` Արցախի Հանրապետության ոչ վերջնական կարգավիճակի, ոչ էլ ստեղծված ստատուս քվոյի միանշանակ ադրբեջանահաճո փոփոխության մասին:



Զոյա Թադևոսյանն իր «քաղաքական կարիերայի» ընթացքում երբեք աչքի չի ընկել որպես արցախյան հիմնախնդրի գիտակ: Ժամանակին նա հրաշալի խոսում էր իրենց թաղամասի աղբահանության խնդիրներից: Այնպես որ, նրա այդ անակնկալ ասուլիսը հստակ կազմակերպված սադրանք էր, ճիշտ այն սադրանքի կրկնությունը, որը տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի վերջնական հաշտեցման օրը, երբ Սերժ Սարգսյանը տեսակցության էր գնացել առաջին նախագահին` վերջինիս տանը: Գաղտնիք չեմ ասում, չէ՞:



Խոսելով այդ հանդիպման մասին` Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել հրաժարվել տարածքներից, քանի որ դա են պահանջում եռանախագահները: Ըստ էության` տարբերություն չկա Լևոն Տեր-Պետրոսյանի և Զոյա Թադևոսյանի երկչոտ, պարտվողական հայտարարությունների միջև: Միակ տարբերությունը ժամանակի մեջ է: Զոյա Թադևոսյանը ազատագրված տարածքների վերադարձի մասին խոսեց այն օրերին, երբ Մարտի 1-ի գործի բացահայտման շրջանակներում կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Դաշնակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ գործող իշխանության այդ քայլը մտահոգիչ է և քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում:



Տեր-Պետրոսյանի ակումբը չէր կարող անարձագանք թողնել ՀՅԴ հայտարարությունը, որովհետև արդեն սկսել էր ըմբոշխնել մարտի 1-ի խայտառակությունը Ռոբերտ Քոչարյանի «շալակը տալու» և նրա հաշվին ռեաբիլիտացվելու պատեհությունը: Կհաջողվի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին, այսպես ասենք, չոր դուրս գալ ջրից: Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը, գործը դատարանում է, ամեն ինչ կարող է պատահել: Եվ Տեր-Պետրոսյանը որոշում է այս իրարանցման մեջ Զոյա Թադևոսյանի բերանով նոր իրարանցում առաջացնել և հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի հետ կապված գործողություններից:     



Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի պատվին արժանացած Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ արդեն փորձել է կասեցնել Դաշնակցության գործունեությունը և այդ ճանապարհով հանձնել ազատագրված տարածքները` Շուշին էլ վրադիր: Դա նրան չհաջողվեց: 1996 թվականին ժողովուրդը, ոչ առանց Դաշնակցության, նրան մերժեց, իսկ ոչ լրիվ 2 տարի անց նա հրաժարական տվեց: Անցավ 10 տարի: Այդ ընթացքում ահագին բաներ կատարվեցին: Արցախյան ճակատում, իրավիճակներ ստեղծվեցին, իրավիճակներ փոխվեցին, ՀՀ իշխանությունները, որ Տեր-Պետրոսյանից թալանված, ջարդված, բզիկ-բզիկ եղած երկիր ու հասարակություն էին ժառանգություն ստացել, կարողացան տնտեսություն հիմնել, սով հաղթահարել, աշխատատեղ ստեղծել, բանակ հզորացնել, ընդհուպ` ներգաղթ արձանագրել` չզիջելով արցախյան ոչ մի թիզ հող ու առու: Տեր-Պետրոսյանի ռևանշիստ հետևորդներին չհաջողվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կոտրել ՀՀ իշխանությունների կամքը, իսկ 2008 թվականին նրանք նորից ասպարեզ իջան, այս անգամ արդեն Տեր-Պետրոսյանի բացահայտ առաջնորդությամբ: Նրա` իշխանությունը զավթելու հերթական փորձը, սակայն, կրկին դատապարտված էր անհաջողության, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այլևս 90-ականների երկիրը չէր: Դա միանգամայն նոր պետություն էր: Իսկապես ափսոս այն 10 կյանքերը, որոնք զոհաբերվեցին նախկին ՀՀՇ-ական արկածախնդիրների «ծրագիրն» իրագործելու համար: Այժմ այս պատմությունը պետք է բացահայտվի, և մեր նոր իշխանությունները բարոյական իրավունք չունեն խեղաթյուրելու այն և հանգեցնելու Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների համատեքստին:



Մենք դառնանք Զոյա Թադևոսյանի հայտարարություններին և Դաշնակցության հասցեին հնչեցրած սպառնալիքներին: Կարծում եմ` կհամաձայնեք, որ ոչինչ պատահաբար տեղի չի ունենում: Չէր կարող, Զոյան առավոտյան արթնանալ, գնալ ասուլիսի, որպեսզի նման խայտառակ հայտարարություն աներ: Բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ապա այդ ասուլիսին հետևած հակահարվածը միանգամայն օրինաչափ էր և տեղին: Պահ եղավ, որ անակնկալի եկած Զոյան ներողության պես մի բան խնդրեց հանրությունից` նշելով, թե լրագրողների հարցերն են իրեն շփոթեցրել,մինչդեռ ինքը ցանկացել է միայն փոխանցել, թե ինչպես են տեսնում արցախյան խնդրի լուծումը միջազգային հանրությունն ու համանախագահները: Զոյա Թադևոսյանը, սակայն, չի ընկալում, որ այդկերպ միջազգային հանրությանն ու եռանախագահներին բաներ է վերագրում, որ նրանք երբեք չեն ասել: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու միջոցով հարցը կարգավորելը ոչ ավել, ոչ պակաս կարող է լինել ընդամենը մի ամերիկացու, ռուսաստանցու կամ Ֆրանսիացու հեռավոր տեսլական, բայց ոչ հայության կարծիք: Հետևաբար ի՞նչ ես անում դու, տիկին Զոյա, և, առհասարակ, ինչո՞ւ ես խոսում մի հարցի մասին, որից տարրական բաներ չես հասկանում:



Հիմա էլ Դաշնակցությանն է սպառնում` եթե 24 ժամում ներողություն չխնդրեք, մտքիս դրածը կանեմ: Արա: Շատ-շատ գնաս Լևոն պապիի մոտ արտասվելու` էս ինչ բերիր իմ գլուխը: Բայց նաև գիտցիր` դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, որին Տեր-Պետրոսյանը օգտագործում է որպես քաղաքական խայծ, որպես խոսափող` իր դեգեներացված գաղափարները բարձրաձայնելու համար: Շուրջդ նայիր, Զոյա, քանի-քանի քեզ նման քաղաքական գործիչ է Տեր-Պետրոսյանի պատճառով հայտնվել «պոլիտմուսոր» մակագրությամբ կոնտեյներներում: Տեր-Պետրոսյանին դեռ քանի՞ մատաղացու է պետք:



**Էդիկ Անդրեասյան**