Սրանց մոտ ես ուղղակի սուրբ եմ, ասում է 15 անգամ դատված, 45 տարի բանտերում նստած 80- ամյա Ուդին

Սրանց մոտ ես ուղղակի սուրբ եմ, ասում է 15 անգամ դատված, 45 տարի բանտերում նստած 80- ամյա Ուդին
Հանցագործ աշխարհում «Ուդի» անունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը 45 տարի անցկացրել է խորհրդային բանտերում եւ դատապարտվել 15 անգամ՝ տարբեր չափի ժամկետով ազատազրկման։



«Երբ «նստում» էի, կարծում էի ամենասրիկան ես եմ, երբ դուրս եկա, հասկացա, որ սրիկաներից շատերը դրսում են, ես մարդ եմ»,- ասում է 80-ամյա Ուդին, ով ծերանոցում ինքնակենսագրական վիպակ է գրել՝ «Ինչու աղմկեց հոգիս»․ բանտային վավերագրություն, որտեղ Ուդին պատմում է ոչ միայն հայաստանյան բանտերի, գաղութների մասին, այլ նաեւ՝ ռուսականի, ինչպես նաեւ Երեւանի, այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների մասին։



Գրքի խմբագիրն է լրագրող **Ռուզան Մինասյանը**, ով իր խոսքում նշեց, որ հնարավորինս զերծ է մնացել անհարկի միջամտություններից, աշխատել է պահպանել հեղիակի խոսքը, բանտային բառամթերքը, անգամ կետադրությունը։



«Երբ կարդում ես Ուդիի օրագրությունը այնպիսի իրավագիտություն ես տեսնում, այնպիսի թաքուն մի աշխարհ, նույնիսկ «Ոսկե քաղաքի» մասին է ակնարկում, որտեղ մարդիկ չեն կոտրվել եւ գնացել են «ճշտի» հետեւից՝ ինչպես իրենք են ասում։ Գրքում կա նաեւ այդ տարիների երբեմնի հզորների մասին հորինված առասպելներ, մինչդեռ այս գրքով պարզվում է իրականը, այն, որ այդ մարդիկ մեր իմացած հեղինակությունները չեն, ովքեր տիրապետում են ժարգոնին, խուլիգանական արարքներ են անում, դրանք մարդիկ են, որ նույնիսկ հանցագործության գնալուց առաջ կարող են Շոստակովիչ լսել կամ բարձր գրականություն կարդալ, որպեսզի խաղաղվեն, այդ երկու եսը համադրեն իրար, նոր հետո մտածեն՝ գնա՞լ այդ քայլին, թե՞ ոչ։ Ուդիի դեպքում շատ հետաքրքիր է, 15 դատավճիռ․․․Գրքում կա, թե ինչպես է նա առաջին անգամ կատարել հանցագործություն, այսինքն իր վրա է վերցրել դա ու այդպես շարունակ խորհրդային բանտերում նստել, բայց անգամ այդ ծանր ռեժիմի պայմաններում չի կոտրվել, պահպանել է իր եսը, ինքնուրույնությունը»,-ասում է Ռուզան Մինասյանն ու շեշտում, որ այս գիրքը քրեական ենթամշակույթի պրոպագանդում չէ, այլ մեր զուգահեռ իրականության մեջ ապրող մարդկանց մասին է, որոնք փորձում են զրուցել մարդկանց հետ, ովքեր իմանալով, որ մարդը նախկինում եղել է դատապարտված, արհամարհել են, հնարավորություն չեն տվել աշխատելու, շարունակելու իրենց կյանքը։



Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ **Ուդին**։ Նա հիշում է՝ երեխա էր, երբ տեսավ, թե ինչպես մանկատան դաստիարակչուհու պայուսակի կանթը փոկվեց ու սոված երեխաների աչքի առաջ թափվեցին կտրտված հացերն ու շաքարը, ամբողջ հոգեկան աշխարհը խառնվեց․ «Կոմունիզմն ասում էր՝ չի կարելի, բայց արի ու տես որ կարելի էր»։



Ասում է՝ միշտ իրեն համարել է հանցագործ՝ մեղավոր, բայց երբ գործ ունեցավ պետական այրերի հետ, այն էլ երկրի կարգ ու կանոնը, ճիշտն ու սխալը որոշողների հետ, հասկացավ, որ դրանց մոտ ուղղակի սուրբ է․ «Ես չեմ ցանկանա որեւէ մեկին այս ճանապարհով գնալ, ես գնացի ու վրեժխնդիր եղա։ Մարդիկ հարյուրավոր միլիոններ են գողացել, մի ժամ չեն նստել, 40 տարի նստել եմ այն հանցանքի համար, որից բոլորովին տեղյակ չեմ, այ ամբողջ գիրքը դրա մասին է»,-ասում է Ուդին։



ԱԻՄ առաջնորդ **Պարույր Հայրիկյանն** էլ հիշեց, որ ինքն, օրինակ, 5 անգամ է դատվել, բայց 15-ն ուղղակի աներեւակայելի է․ «Ծանր պայմաններում մարդկային տոկունությունը, մարդ մնալու շնորհը շատ կարեւոր բաներ են ու դա ինչ- որ ձեւով ամփոփելն ու փոխանցելը մեծ գործ է»,-ասաց նա ու նկատեց, որ գիրքն այնքան հետաքրքրական է, որ կարող է թարգմանվել նաեւ այլ լեզուներով։