Սահմանի լրագրողը

Սահմանի լրագրողը
Լուսինեն ֆեյսբուքի իմ ընկերն է: Աստծո ամեն առավոտ ես նրան հարցնում եմ՝ վիճակը նորմա՞լ է: Նա պատասխանում է յուրահատուկ ոճով, որից հասկանում եմ՝ ինչն ինչոց է: Լուսինեն շրջանային «Ջրաբերդ» թերթի խմբագիրն է: Ամիսը երկու համար է տպագրում՝ ութ կամ տասնվեց էջից: Նյութերի մի մասը պաշտոնական են՝ վարչակազմի ղեկավարի հանդիպումներ, աշխատանքային խորհրդակցություններ, շրջանի առօրյա: Ներկայացնում է համայնքների խնդիրները: Թերթի աշխատակազմը մեծ չէ, հիմնական ծանրությունը խմբագրի ուսերին է:



Բայց Լուսինեն գրեթե ամեն շաբաթ մեկ օր նվիրում է սահմանին ծառայող զինվորներին: Իր երկու տղաներն էլ ծառայում են՝ հարավ-արեւելյան ուղղության զորամասերից մեկում: Երբեմն ես հարցնում եմ՝ տղաներից նորություն ունի՞: Դարձյալ «կոդավորված» լեզվով է պատասխանում: Եւ ես հասկանում եմ, որ տղաները մարտական հերթապահության դիրքերում են, մի քանի օրից կիջնեն զորամաս, կգնան տեսակցության: Մինչ հարազատ որդիներին հանդիպելը, սակայն, Լուսինեն սահմանի հյուսիսային ուղղության զորամասերում հերթական շրջայցն է կատարում: Ֆեյսբուքի «Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթ» էջում հայտնվում է նրա խոսուն լուսանկարների հերթական շարքը: Մարտակերտը սահմանային քաղաք է: Երբ հակառակորդը խախտում է հրադադարը, մարդիկ լսում են գնդացրային կրակահերթերը: Իսկ եթե գիշեր է՝ տեսնում լուսածիր գնդակների մոլապարը: Ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտում արկեր եւ հրթիռներ են պայթել, ավերվել է մի քանի տուն: Լուսինեն ապրում է զորամասի հարեւանությամբ շենքում, որտեղ մի քանի սպաներ բնակարան ունեն: Ցերեկը նրանց երեխաները բակում խաղում-աղմկում են:



Մայրերը սատում են նրանց: Իսկական տոն է լինում, երբ հայրերը դիրքերից իջնում են տուն: Լուսինեի լրագրողական աչքից ոչինչ չի վրիպում: Առիթը բաց չի թողնում, եւ թերթի ֆեյսբուքյան էջում հայտնվում է դիրքահապ ստորաբաժանման հրամանատարի հետ տաք հարցազրույցը: Լուսինե Զաքարյանը սահմանապահ լրագրող է: Հոգսաշատ Մարտակերտի ընթերցողը միշտ անհամբերությամբ է սպասում առաջնագծից նրա ռեպորտաժներին: Լուսինեն կարողանում է որսալ զինվորի կերպարը: Նրա հեղինակած լուսանկարները խոսում են, պատմում: Եւ ամենից առաջ՝ ներշնչում վստահություն, որ երկրի սահմանները հուսալիորեն պաշտպանված են: Հները զորացրվում, գալիս են նորերը, եւ Լուսինեն նրանց հետ անցկացնում է սահմանապահ լրագրողի իր ծառայությունը: