Հիմա մենք լրիվ այլ երկրում ենք ապրում, քան 3 ամիս առաջ. ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Հիմա մենք լրիվ այլ երկրում ենք ապրում, քան 3 ամիս առաջ. ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Երեկ կայացավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ խորհրդի նախագահ ընտրվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Նշենք, որ այս պաշտոնին ընտրվելու առաջարկը Լևոն Բարսեղյանին արել էր Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Լևոն Բարսեղյանը փոխարինեց Աժ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, քանի որ վերջինս դեռ մայիս ամսին հրաժարվեց այդ պաշտոնից՝ բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի շուրջ առաջացած սկանդալի պատճառով:



ՇՊՀ նիստից հետո **hraparak.am**-ը զրուցեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ, ով ի դեպ, Սահակ Մինասյանի մտերիմն է համարվում, եւ մեզ հետ զրույցում մեկ անգամ ասել է, թե ընկերական եւ գործնական հարաբերությունները պետք չէ շփոթել:



**-Պարո՛ն Սերոբյան, տարաձայնություններ չեղան, ինչո՞վ էր պայմանավորված խորհրդի անդամների միաձայն ընտրությունը, ի՞նչ է՝ այլ թեկնածուներ չկայի՞ն:**



-Այո՛, նիստին ներկա խորհրդի 14 անդամներն էլ ընտրեցին Լևոն Բարսեղյանին, նրան առաջադրելու առաջարկը մի քանի հոգու կողմից եղավ: Թեկնածու առաջադրեցին նաեւ իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանին, որը ինքնաբացարկ հայտարարեց, եւ ինքն էլ Բարսեղյանին առաջարկեց։Նիստը անցավ շատ գործնական, շատ ակտիվ քննարկումներ եղան, ես ավելի քան վստահ եմ, որ բոլորիս աշխատանքը ուղղված է լինելու միայն բուհի զարգացմանը:



**-Նիստի օրակարգում ՇՊՀ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին որոշում կար, բայց արդյո՞ք իրավաչափ էր հարցը հիմա քննարկել, քանի որ բուհի պրոռեկտորը եւ դասախոսներից մի քանիսը դատարանում վիճարկում են իրենց աշխատանքից ազատվելու հարցը:**



-Ես ձեզ հավատացնում եմ մեր քննարկումը դրա հետ կապ չունի: Այն, ինչ դատարանը որոշելու է, դրա մասին խոսք չկա, պարզապես հիմա հաստիքացուցակների հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, պաշտոններ կան, որոնք կրճատվել են: Այս տարի գրեթե բոլոր բուհերում են կրճատումներ եղել՝ ուսանողների թվաքանակի նվազման հետ կապված: Մենք այս պահին հակառակը փորձեցինք լուծումներ գտնել, ես խորհուրդներ հարցրեցի, որովհետև հիմա պրոռեկտորներ չկան եւ նրանց ու ռեկտորի գործառույթն ինձ վրա է:



**-Պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել եւ անգամ կալանավորման որոշում կա, գործը հարուցվել է բուհում կատարված չարաշահումների շրջանակում, ի՞նչ կասեք:**



-Թույլ տվեք՝ այդ մասին չխոսեմ եւ որևէ կերպ չմեկնաբանեմ:



**-Քանի որ հոգաբարձուների խորհրդի կազմն ու նախագահը ընտրված են, առաջիկայում սպասվում է ռեկտորի ընտրություն, ե՞րբ եւ ինչպե՞ս եք է նախատեսում անցկացնել:**



-Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ռեկտորի ընտրության հետ կապված մեկնաբանություններ անի խորհուրդի նախագահը: Ես շատ լուրջ եմ վերաբերվում հոգաբարձուների խորհուրդին եւ չէի ուզի որևէ անձնական դիտարկում անել:



**-Ի վերջո, այսքան աղմուկից հետո նոր ուսումնական տարում դրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում:**



-Ամեն ինչ պատահում է կյանքում, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պիտի կործանվի: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ ունենանք ավելի լավը, քան ունեցել ենք: Հիմա մենք լրիվ այլ երկրում ենք ապրում, քան 3 ամիս առաջ, եւ այդ բառերի էությունն էլ եմ հասկանում, մեր երազած երկիրն ենք կառուցելու:



**Հ. Գ**. Լևոն Բարսեղյանն էլ ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. « Խորհրդի նախագահի գործը վճարովի կամ հաստիքային աշխատանք չէ, կամավոր ջանք է, որ համաձայնեցի ներդնել երկար մտածելուց հետո։ ՇՊՀ-ն լրջագույն պրոբլեմների մեջ է թաղված արդեն մի քանի տասնամյակ, ահագին վստահ եմ, որ կարելի է կարգի բերել։ Առաջիկայում կլրամշակվի կանոնադրությունը եւ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։ Մանրամասները կհաղորդվեն իհարկե։ Այս բուհում կոռուպցիայի որեւէ տեսակ չի լինելու այլեւս։ Հայտարարում եմ, որ ԲՈՒՀ-ի, նախարարության, մարզպետարանի եւ դրանց աշխատողների հետ որեւէ տեսակի շահերի բախում չունեմ (աշխատող, պաշտոնավարող ազգականներ, ընթացիկ գործարար կապեր եւ այլն)»:



**Արևիկ Հակոբյան**