Չես կարում աշխատես՝ հրաժարական տուր, մենք ուրիշ նախագահ կբերենք (տեսանյութ)

Չես կարում աշխատես՝ հրաժարական տուր, մենք ուրիշ նախագահ կբերենք (տեսանյութ)
«Հայաստանի խուլերի միավորման» մի քանի տասնյակ անդամներ արդեն մեկ ու կես ամիս նստացույց են անում ՀԽՄ շենքում՝ պահանջելով միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը, ինչպես նաեւ անցկացնել նոր համագումար եւ նոր նախագահի ընտրություններ։



«Թող հրաժարական տա, մենք հոգնել ենք, անընդհատ նստացույց ենք անում, բոլոր բարձրաստիճան ղեկավարներին հանեցին, իրեն հանել չի լինում։ Խուլերին ինքը չի օգնում, չի պահում, տիրություն չի անում։ Մենք ընտրել ենք քեզ՝ մեզ լավ նայելու համար, ոչ թե աշխատավարձ ստանաս, չես կարում աշխատես՝ հրաժարական տուր գնա, մենք ուրիշ նախագահ կբերենք»,-ասում են միավորման անդամները, որոնց խոսքով շատ անգամներ են դիմել Գրիգորյանին, ասել, որ իրենց վիճակը ծանր է, բայց ոչ մի օգնություն չեն տեսել, իրենց 15- 25 հազար դրամ թոշակն են ստանում եւ վերջ՝ ոչ աշխատանք, ոչ օգնություն, իսկ այդպես ո՞նց կարող են ապրել։



Միության անդամներն արդեն 2 տարի է բողոքում են, ուզում են նախագահի հետ խոսել, ով, սակայն, անընդհատ խուսափում է հանդիպումից, մի քանի ժամով գալիս է կողքի շենքը՝ իր աշխատասենյակ, որն առանձին մուտքով է եւ որն, ըստ անդամների, արդեն սեփականաշնորհել է։



Միության անդամները դատի են տվել նախագահին՝ պահանջելով նրա հրաժարականը, հուլիսի 31-ին առաջին ատյանի դատարանը բավարարել է իրենց հայցը, բայց տեղեկացել են, որ Գրիգորյանն ուզում է Վերաքննիչ դատարան բողոքարկել․ «Մենք ուզում ենք, որ ինքը հրաժարական տա, բայց ինքը խոսք է տվել, որ մինչեւ վերջ մնալու է։ Ասում է՝ սպասեք, Սերժը դուրս կգա՝ ես էլ դուրս կգամ, Սերժը մնում է՝ ես էլ եմ մնում։ էս ինչ ձեւ է, սիրուն բան չէ»,-ասացին ներկաներն ու հավելեցին, որ 10 տարի պաշտոնավարող նախագահը 2-րդ ժամկետն արդեն ապօրինի է նախագահում։



Անդամներից մեկի խոսքով՝ միավորման կողքն ունեն կոմբինատ, քիչ այն կողմում էլ 2-րդ կոմբինատը, որն այլեւս գոյություն չունի, ավելին՝ ինչպես տեղեկացել են Գրիգորյանը 60 տոկոսով սեփականաշնորհել է այն, մինչդեռ ընտրվելուց խոստացել էր իրենց աշխատանքով ապահովել։ Ըստ միավորման անդամների, եթե կոմբինատը աշխատի, դրա շրջանառության շնորհիվ կարող են բնակելի շենքեր սարքել խուլերի համար։ Մինչդեռ Գրիգորյանը թե միության, թե մշակույթի տան տարածքները վարձով է տալիս, իսկ այդ գումարը գրպանում։ Լինելով նախագահ, նա ընդգրկված է նաեւ նախագահության կազմի մեջ, ինչը օրենքով չի կարելի։



Փորձեցինք հանդիպել նաեւ նախագահ Գրիգոր Գրիգորյանին, բայց իր աշխատասենյակի դուռտ փակ էր, պարզվեց՝ արձակուրդի մեջ է։



Խուլերի միավորումը նույնիսկ նախանձում է կույրերի միավորմանը, ովքեր իրենցից ուշ սկսեցին պայքարել, բայց հասան նրան, որ նախագահը հրաժարական տվեց։ Ասում են դիմել են նաեւ կառավարություն, որտեղից ասել են՝ հասարակական կազմակերպություն եք, ինքներդ ձեր հարցերը լուծեք։



Մանրամասները՝ տեսանյութում։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/38861781_1935814133378334_6172856156067725312_n.jpg?_nc_cat=0&oh=815a9ead26987b13e092d0572ddd720a&oe=5C0F7FE5)