Վստրեչի Ապերի արտահանձնումը դեռ չի կատարվել

Վստրեչի Ապերի արտահանձնումը դեռ չի կատարվել
Հուլիսի վերջին Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, նույն ինքը` Վստրեչի ապերը։ Այդ ժամանակ ,ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:



ՀՔԾ-ից հետքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է Վարդանյանի արտահանձնման գործընթացը։ Մեզ հայտնեցին, որ արտահանձնման գործընթացը ընթացքում է, այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։



Նշենք, որ Արամ Վարդանյանը միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։



Ի դեպ, նաեւ նշենք, որ Արամ Վարդանյանը Դուբայի կալանավայրում է գտնվում, որտեղ պահվում է ծանր պայմաններում։ Ըստ ՀՔԾ պաշտոնական տեղեկատվության՝ Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար:



Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ. ապրիլ ամսին: Արամ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։



**Աննա Պապիկյան**